Մեկնաբանություն

02.07.2013 22:05


Սերժ Սարգսյանի «ժեստերի» լեզուն

Սերժ Սարգսյանի «ժեստերի» լեզուն

Օֆշորային սկանդալից, Լիսկայի տան մոտ տեղի ունեցած սպանությունից և բյուջետային միջոցների թալանի մասին ՎՊ բարձրաձայնումներից հետո Սերժ Սարգսյանը սեփական կարծիքը չէր հայտնել, թեև լռությունն էլ յուրօրինակ տեսակետ էր։

Ուշագրավ է, որ խոսքադուլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սերժի մոտ փոխարինվեց «ժեստերի» լեզվով փոխանցվող «մեսիջներով»։ Մինչև իր ծննդյան օրը նա արագացված ռեժիմով անդրադարձավ բոլոր աղմկոտ պատմություններին։ Որոշ դեպքերում խոսքի փոխարեն հրամցվեց քայլ, իսկ որոշ դեպքերում էլ քայլի փոխարեն՝ խոսք։

Եվ այսպես, Սերժը հարսանիքի քավոր դարձավ՝ Նավասարդ Կճոյանի «տերտերությամբ»։ Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած սպանության կապակցությամբ զինվորական դատախազության ներկայացուցչի շուրթերով փոխանցեց, որ վիրավորված Արտակ Բուդաղյանը կարող է գործում ներգրավվել որպես մեղադրյալ։ Իշխան Զաքարյանը նախագահականում տեղի ունեցած քննարկման ժամանակ մեղադրվեց չարաշահումների մասին չափազանցված գնահատականներ հնչեցնելու և միտումնավոր գործելու համար։ Դե, իսկ Տիգրան Սարգսյանը հռչակվեց որպես «Կեսարի կին», այսինքն՝ կասկածից դուրս։ «Թարգմանաբար» սա նշանակում է՝ Լիսկան լավ է արել, Տիգրանը լավ է արել, Նավասարդը լավ է արել։ Ու «վաբշե» բոլորս էլ լավ ենք անում։

Այս ամենը ցույց է տալիս, որ Բաղրամյան 26–ում ավարտված են համարում հասարակության առաջ անգամ ձևականորեն բարեփոխումներ բեմադրելու փուլը։ Եկել է հասարակության հետ անկեղծ լինելու ժամանակը։ Խոսքն անկեղծ ցինիզմի մասին է։

Դժվար է ասել, թե երբ կլինի պատասխան «ժեստը»։ Խոսքը հեղափոխության մասին է։ Կանի՞ նման «ժեստ» հանրությունը, թե՞ ոչ, միանշանակ պատասխան չկա։

Մեկ բան ակնհայտ է. հեղափոխական «ժեստի» քաղաքական ուժ այս պահին չկա։ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, ահա, օգտվում են ստեղծված վակուումից ու հայտարարում՝ լավ ենք անում։ Իրենց անսասանության ու անփոխարինելիության մեջ համոզված են եղել աշխարհի բոլոր բռնապետներն ու բռնապետիկները։ «Մերոնք» բացառություն չեն։

Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի այն դեպքում, երբ հանրությունն էլ իր հերթին առաջնորդվի «լավ ենք անում» կարգախոսով։ Հեղափոխությունը դաժան դեմք ունի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը