Մեկնաբանություն

28.06.2013 17:36


Սերժ Սարգսյանը հայտնվել է «ջան–ջան»–ի ու «չոռ–չոռ»–ի արանքում

Սերժ Սարգսյանը հայտնվել է «ջան–ջան»–ի ու «չոռ–չոռ»–ի արանքում

Բաղրամյան 26–ում շատ են սիրում կրկնվող բառերից և նույնիսկ կրկնվող տառերից կազմված հայեցակարգերն ու դրանք սիրով օգտագործում են, օրինակ, արտաքին քաղաքականության մեջ։

«Գնդակ–գնդակ», երկու գնդակ ... մեր դարպասում

Ամեն ինչ սկսվեց տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունից։ Հայ–թուրքական «մեղրամսի» բուռն շրջանում անդրանիկմիհրանյանները, նախագահականին կից գործող լրագրողա–փորձագիտական շրջանակներն ու «թուրքագետները» շրջանառության մեջ դրեցին «win-win»–ի մասին հեքիաթը։ Ուզում էին ասել, որ Սերժ Սարգսյանի գերիմաստուն նախաձեռնողականության արդյունքում շահելու է և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան։

Թե ինչ ստացավ Հայաստանը «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում, հիշեցնելու կարիք չկա։

Կարիք չկա հիշել նաև, թե ինչ շահեցին Թուրքիան ու Ադրբեջանը։ Առանձնահատուկ նշենք, որ միայն Էրդողան–Ալիև զույգի ագահությունը մեզ փրկեց վատթարագույն սցենարի իրականացումից։

«Win-win»-ի տեսաբանները, բնականաբար, հիմա մոռացել են իրենց ղուկասղուկասյանական պահվածքի ու «առաջադեմ» հայացքների մասին։ Հայաստանում խոսքի ու փորձագիտական գնահատականի համար ո՞վ է պատասխան տվել։ Որտե՞ղ է հիմա խոպանչի–քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որտե՞ղ են Հայաստանը թուրքական բաղնիքի վերածած սազանդարները, որտե՞ղ են կարենբեքարյանները, ովքեր փրփուրները բերաններին «ֆուտբոլ» էին քարոզում։

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը պատասխան չի տալիս իր այն հայտարարության համար, ըստ որի՝ ինքը պետք է Թուրքիա մեկներ ֆուտբոլ դիտելու, եթե հայ–թուրքական սահմանը լիներ բաց կամ մենք գտնվեինք բացման նախաշեմին։

«Ջան–ջա՞ն», թե՞ «չոռ–չոռ»

Օրերս Լեհաստանում գտնվող Սերժ Սարգսյանին շատ կոպիտ ձևով հասկացրեցին, որ վերջին հինգ տարիների ընթացքում նրա կիրառած «շուստրիությունը» ամբողջությամբ «ջոգած ա», և եկել է «ատչոտ» տալու ժամանակը։

«Հնարավոր չէ լինել երկու տնտեսական գոտիներում միաժամանակ: Պետք է ընտրություն կատարել»,–ի պատասխան Սերժ Սարգսյանի՝ «մեր քաղաքականությունը ոչ թե «ԵՄ կամ Ռուսաստան» քաղաքականությունն է, այլ ավելի ճիշտ՝ «ԵՄ և Ռուսաստան», ու ես ոչ մի հակասություն չեմ տեսնում այստեղ» հայտարարությանը հակադարձել էր Լեհաստանի նախագահը:

Նկատենք, որ նախկինում Հայաստանի առաջ նման ընտրություն կատարելու հարց չէր դրվում, և դիվանագիտական նրբությունները հաշվի չառնող հակադարձումներ չէին արվում, սակայն վերջին հինգ տարիներին Սարգսյանն այնքան է դրսի բոլոր ուժերին «այո» ասել, որ նրանք հիմա հստակություն են պահանջում։

Սարգսյանին թվացել էր, թե իր ասած խոսքերն ընդամենը խոսքեր են, այլ ոչ թե պետության ղեկավարի հավաստիացումներ։ Սարգսյանի մտքով չէր անցել, որ իր խոսքերը դրսում ավելի լուրջ են ընկալում, քան ինքն է վերաբերվում իր ասածներին։ Եվ ահա Սարգսյանին ստիպված եղան «դուզ խոսք» ասել, այն է՝ կողմնորոշվելու հարց դնել։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի «և–և» տարբերակին Արևմուտքը հակադրում է «կամ–կամ» տարբերակը։

Սարգսյանին հիմա հասկացնում են, որ «Խելոք գառը մի քանի մոր կաթ կուտի» հայեցակարգը միգուցե աշխատող տարբերակ է Հայոց լեռներում, բայց ոչ դիվանագիտության մեջ, մանավանդ որ ինքդ ամեն ինչ արել ես, որպեսզի մի քանի մայրը միաժամանակ հիասթափվեն քեզանից ու ոչ մի գրամ կաթ չտան։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանն ուզում էր հա՛մ ռուսների, հա՛մ եվրոպացիների հետ ջան–ջիգյարային հարաբերություններ ունենալ (այս հայեցակարգի անունը դնենք «ջան–ջան»)՝ կողմերից յուրաքանչյուրին հակասական խոստումներ տալով։ Ասել է թե՝ ՀՀԿ ղեկավարը որոշել էր «գեղցիական» տարբերակով կոմպլեմենտարիզմ իրականացնել, բայց «ռաստվեց»։

Դրսի ուժերը տեսան, որ հայաստանյան գործընկերը հուսալի չէ, ու դրեցին հակառակ կողմին «ոչ» ասելու խնդիրը։ Արդյունքում՝ Սերժը, պատկերավոր ասած, «ջան–ջան» հայեցակարգից ստիպված հայտնվեց «չոռ–չոռ» հայեցակարգի տիրույթում։ Նա այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց։

Եթե խնդիրը վերաբերեր միայն Սերժ Սարգսյանին, ապա դարդ անելու անհրաժեշտություն չէր լինի։ Սակայն հարցն այն է, որ նա է ներկայացնում մեր պետությունը, և նրա թույլ տված կոպտագույն սխալներից տուժում է Հայաստանը։

«Ի՞նչ անել» սակրալ հարցի պատասխանը պարզ է՝ իշխանափոխություն և արտաքին ու ներքին քաղաքականության փոփոխություն։ Թե որքանով է դա այս պահին իրատեսական, այլ խոսակցության թեմա է։ Մեկ բան պարզ է. Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ ծանր է նստում Հայաստանի վրա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը