Խմբագրական

11.07.2009 19:31


Ասիմետրիկ դիվանագիտություն

Ասիմետրիկ դիվանագիտություն

ՀՀ իշխանությունների «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը բավական տարօրինակ դրսևորումներ ունի։ Պարզվում է, որ «նախաձեռնողականությունը»' բոլորին «Այո» ասելու մեջ է. Թուրքիան առաջարկում է ապրիլի 22-ին համատեղ հայտարարել «Ճանապարհային քարտեզի» մասին՝ խնդրեմ, «Մայնդորֆյան»  հռչակագիր  են «դեմ» տալիս՝ խնդրեմ, ստիպում են Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցել՝ հարց չկա, պաշտոնական Վրաստանը Ջավախքում, փաստացի, հայաթափման քաղաքականություն է վարում և Սաակաշվիլու Հայաստան այցից երկու օր առաջ ՀՀ ԱԺ պատգամավորին թույլ չի տալիս իր սահմանն անցնել՝ էլի հարց չկա ու ձեն-ծպտուն էլ չկա, և դեռ մի բան էլ Վրաստանի նախագահին պետական բարձրագույն մեդալի ենք արժանացնում և այդպես շարունակ։

Այսինքն ստացվում է, որ «նախաձեռնողականությունն»  այն է, երբ դրսում քեզ հետ ինչպես ուզում վարվում են, իսկ դու դրան չես պատասխանում՝ մտածելով, որ կարժանանաս նրանց բարձ գնահատականին ու բոլորը քեզ կասեն՝ «Օ՜, ի՜նչ խաղաղասերն է»։ Իրականում՝ նմանատիպ «խաղաղասիրությունը» կոնֆլիկտի ու թշնամական հարաբերությունների պատճառ կարող է դառնալ։ Եթե Վրաստանի հետ Ջավախքի հարցով բաց խոսակցություն չվարես, ապա այդկերպ ոչ թե Ջավախքում վիճակը կլավանա, այլ՝ ընդհակառակը։ Եթե Թուրքիան, Էրդողանի շուրթերով, ագրեսիվ հայտարարություններ է անում, իսկ դու դրան համարժեք չես պատասխանում, ապա հայ-թուրքական սահմանը հաստատ չի բացվի և հարաբերությունները չեն բարելավվի, այլ՝ ընդհակառակը։ Նախագահն, իմ տպավորությամբ, այլ կերպ է մտածում և դա «գորբաչովյան սինդրոմի» վառ ապացույց է, որի մասին ես արդեն գրել եմ իմ նախորդ հոդվածներից մեկում։ Ինչևէ։

Մենք, փաստորեն, այժմ ունենք դրսին՝ «Այո», իսկ ներսին «Ոչ» ասող իշխանություն։ Ժողովրդի լեզվով ասած. «Դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա»։ Իսկ երբ գործը հասնում է դրսին «Ոչ» ասելուն կամ դիմացինի հնչեցրած կոշտ հայտարարությանը համարժեք պատասխան տալուն՝ «նախաձեռնողականությունը» դառնում է  անատամ և «ջայլամային»։

«Ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում Թուրքիայի վարչապետը բազմիցս հայտարարում էր, թե մինչև Ղարաբաղից հայկական զորքերը դուրս չբերվեն՝ ոչ մի խոսք չի կարող լինել սահմանները բացելու մասին։ Հայկական կողմի պատասխանը միայն «Մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների»  ձևակերպումն էր, և վերջ։

Նույնն է վիճակը նաև Ադրբեջանի մասով։ Հուլիսի 17-ին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Ալիևը,  հավատարիմ մնալով իր ոճին, ագրեսիվ հատարարություններով է հանդես գալիս։ Մերոնք, երևի, երկար մտածել էին ու որոշել, որ Ալիևի «պորտը» տեղը պետք է դնի ոչ այլ ոք, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով նախագահություն անելուց հետո շտապել էր լքել Ստեփանակերտը և միջին կարգի պաշտոն վարել Երևանում։ Թողնենք այն հարցը,   թե որքանով է ճիշտ, որ ԼՂՀ պաշտոնաթող նախագահը դառնում է  գումարներ բաշխող մի հիմնադրամի երկրորդ էշելոնի պաշտոնյա։ Մեզ այլ հարց է հետաքրքրում։ Ինչու՞ է պաշտոնական Երևանը «կուլ տալիս» Ալիևի ռազմատենչ հայտարարությունը և արձագանքում դրան ասիմետրիկ ձևով։ Հուլիսյան   հանդիպումից առաջ ճիշտ կլիներ, որ անձամբ Սերժ Սարգսյանը հակադարձեր Ի. Ալիևին։ Այլապես ստացվում է, որ արտաքին քաղաքականության համար  պատասխանատու  ՀՀ նախագահը միայն թուրքերի հետ «ֆուտբոլ» խաղալով է զբաղված, իսկ «մանր- մունր» գործերը թողնում է  պաշտոնաթող մարդկանց։

Անշուշտ, Արկադի Ղուկասյանի հայտարարությունն իր  բովանդակությամբ բավականին կոշտ էր, հստակ և համարժեք։ Բայց այստեղ «կալիբրների» խնդիր կա։ Եթե   Սերժ Սարգսյանն ուզում է, այնուամենայնիվ, խաղաղասեր երևալ, ապա կարող է գոնե արտգործնախարարին «բազե» սարքել և կոշտ հայտարարությունները նրա շուրթերով  հայտնել։ Բայց, ինչպես երևում է, Է. Նալբանդյանը բացի «Առանց նախապայմանների» «լեվըլից» այն կողմ  դեռ չի անցել։ Դրա համար էլ Ղուկասյանին «պեղեցին» ու նրա միջոցով փորձեցին «վախեցնել» Ադրբեջանի «կռվարար» նախագահին։ Իսկ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ։

Նույնիսկ մարզիկները մրցամարտից առաջ միմյանց հասցեին  կոշտ (նաև կոպիտ) արտահայտություններ են անում։ Բանը հասնում է անգամ ձեռնամարտի։ Դա «դուխ»  հավաքելու և դիմացինին «կոտրելու» յուրօրինակ քաղաքականություն է։ Բնականաբար որևէ մեկը չի առաջարկում Սերժ Սարգսյանին, պաշտոնական հանդիպումից առաջ, ձեռնամարտի կամ  առմռեսլինգի բռնվել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Դիվանագիտության մեջ այլ կանոններ են գործում։ Հենց այդ կանոնների շրջանակում էլ անհրաժեշտ է  սիմետրիկ դիրք գրավել և  հակակշռել դիմացինի ագրեսիան։ Թե չէ «նախաձեռնողականությունը» դառնում է  տեղի-անտեղի դրսևորվող «Այո-մարդու» վարքաբանություն։  Չմոռանանք, որ  քաղաքականությունը նաև «Ոչ» ասելու արվեստ է։ «Ոչ»-ն այստեղ լայն իմաստով պետք է ընկալել։

Անդրանիկ  Թևանյան

Հ.Գ.։ Հարգելի՛ ընթերցող, «7օր» կայքէջի շրջանակներում ստեղծվել է «Բլոգ»։ Ձեր կարծիքները և  մեկնաբանությունները կարող եք on-line ռեժիմով թողնել սկսած այսօրվանից։ Ակնկալում եմ, որ կլինի բաց բանավեճ՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաների շուրջ։ Հուսով եմ, որ  քննարկումները կանցնեն պարկեշտության և փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում։ Միշտ պետք է հիշել, որ անձնական վիրավորանքի միջոցով սեփական ճշմարտացիությունն  ապացուցելը՝ փաստարկների բացակայության նշան է։ Կուզենայի, որ «7օր»-ի բլոգն աչքի ընկներ մասնակիցների ակտիվությամբ և դառնար բազմակարծության հարթակ։

Այս խորագրի վերջին նյութերը