Մեկնաբանություն

20.06.2013 17:06


Տիգրան Սարգսյանի վարակիչ օրինակը. ո՞վ կգրի հերթական նամակը

Տիգրան Սարգսյանի վարակիչ օրինակը. ո՞վ կգրի հերթական նամակը

Վերահսկիչ պալատի բացահայտումների առնչությամբ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, թե նախարարները կա՛մ պետք է պատասխանեն իրենց հասցեին հնչած մեղադրանքներին, կա՛մ էլ հերքեն դրանք։

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես վարչապետն օրերս հերքեց օֆշորային սկանդալում ներգրավված լինելու և փողերի լվացմամբ զբաղվելու մեղադրանքները՝ կարելի է կռահել, թե ինչպես են ՎՊ–ի մեղադրանքները հերքելու նախարարները։

«Ես կապ չունեմ» ձևակերպումն, ըստ այդմ, կարող է ունիվերսալ դառնալ։ «Սուխոյ ատկազ» և վերջ։

Նախարարները կարող են կիրառել նաև Տիգրանի մեկ այլ «տրյուկ»։ Նրանք ճիշտ կանեն, եթե դիմեն դատախազություն և պահանջեն այդ կառույցից բացահայտել, թե ով է իրենց անունն օգտագործել ու բյուջեի փողերը կերել։

Ուշագրավն այն է, որ նախարարներին կոչ անելով պատասխան տալ կամ պատասխան պահանջել՝ վարչապետն, ինչպես օֆշորային գործում, իրեն տարանջատում է թալանից և ուզում է իր վրայից «ցրել» պատասխանատվությունը։ «Ես կապ չունեմ». սա՛ է Տիգրան Սարգսյանի կարգախոսը։

Սակայն այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է նա շարունակում մնալ վարչապետի աթոռին և ընդհանրապես ինչի՞ հետ նա կապ ունի։

Եթե նախարարները բյուջեի փողերը յուրացրել են՝ շրջանցելով Տիգրանին, ապա նա առնվազն կոմպետենտ չէ և պետք է որպես «պրոֆնիգոդնի» հեռանա, իսկ եթե 700 մլրդ դրամը թալանվել է վարչապետի զգոն հայացքի ներքո, ապա նա բացի պաշտոնանկ լինելուց, պետք է նաև քրեական պատասխանատվության ենթարկվի։ Երրորդ տարբերակ չկա։

Քանի՞ մարդ կգտնվի Հայաստանում, ով կհավատա, որ բյուջեից «ատկատներով» փող է մսխվել առանց մեզ մոտ ձևավորվող կղերա–օլիգարխիկ համակարգի պարագլուխներից մեկի, տվյալ դեպքում՝ Տիգրան Սարգսյանի գիտության ու խրախուսման։

Որքան էլ իրենց քաղաքացիականության և արևմտյան արժեքների ջատագով ներկայացնող «lragir.am» և «1in.am» կայքերը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի տիպի «ընդդիմադիրները» փաստաբանություն անեն «Օֆշորի Տիկոյի» համար և փաստացի արդարացնեն նրա անվան հետ կապված մեքենայությունները՝ ««Զատո» Տիգրան Սարգսյանն արևմտամետ է և բարեփոխիչ» դեմագոգիկ ձևակերպումներով, միևնույն է, բոլորի համար էլ պարզ է, որ գործ ունենք կոռուպցիայի մեջ թաթախված վարչապետի հետ։ Ու ծիծաղելի են այն շոուները, որոնք վերջին օրերին կազմակերպվում են նրա կողմից։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Չի բացառվում, որ կառավարության այսօրվա նիստից հետո նախարարներից որևէ մեկը «ծլկի» Հայաստանից ու Տիգրան Սարգսյանի օֆշորային «օրթախ» Աշոտ Սուքիասյանի պես մի նամակ գրի՝ ՎՊ–ի բացահայտած 70 մլրդ դրամի չարաշահումներն ամբողջությամբ վերցնելով իր վրա՝ չմոռանալով, իհարկե, անպայման նշել, որ բյուջեի միջոցները յուրացրել է առանց Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի գիտության ու համաձայնության և չի գիտակցել, որ թալանը կարող է հետևանքներ ունենալ։

Բոլորն այդ դեպքում գոհ կմնան։ «Ադամանդագործ» նախարարը դրսում կվայելի մսխած փողերը, դատախազությունը գործը կկարճի, ոստիկանությունը կսկսի «փնտրել» թալանչի նախարարին, դե իսկ Տիգրան Սարգսյանի բյուրեղյա մաքրության մասին անհիմն խոսակցությունները կդադարեցվեն։ Իսկ թե ինչ կստանա ՀՀ քաղաքացին, արդեն էական չէ։ Էականը մտածողության հեղափոխությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը