Մեկնաբանություն

18.06.2013 19:05


Հարիֆ Պյոտրը և «շուստրի» Տիգրանը

Հարիֆ Պյոտրը և «շուստրի» Տիգրանը

Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասը հարիֆի մեկը դուրս եկավ։

Ինչպես հայտնի է, Պյոտրը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։ Պատճառն այն է, որ իր աշխատակազմի ներկայացուցիչներն ու քաղաքական թիմակիցները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։

Վերլուծաբանների կարծիքով՝ Պյոտր Նեչասի հեռանալուն հնարավոր է հետևեն կառավարության հրաժարականն ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

Ուշագրավն այն է, որ Չեխիայի վարչապետն անձամբ ներգրավված չի եղել հակաօրինական գործողություններում և տեղյակ չի եղել, որ իր աշխատակազմի տղաները ապօրինաբար զբաղված են գաղտնալսումներ կազմակերպելով։ Ավելին՝ ինքը հանդիսացել է տուժող կողմ, քանզի ի թիվս այլ մարդկանց` գաղտնալսվել է նաև իր կինը։ Ու չնայած այդ ամենին՝ Նեչասը հրաժարական տվեց, քանզի այդպես են պահանջում քաղաքական պատասխանատվության եվրոպական մշակույթն ու քաղաքական էթիկան։

Նեչասի մտքով չանցավ հայտարարել, թե այն պահին, երբ իր աշխատակազմի անդամները գաղտնալսումներով և ապօրինի գործունեությամբ էին զբաղված, ինքը, ասենք, գտնվում էր Հայաստանում՝ չեխ լրագրողների աչքի առաջ։ Իսկ ահա ՀՀ վարչապետը Պյոտրի նման հարիֆ չէ։

Տիգրան Սարգսյանը «շուստրի» է և օգտվելով «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակի» «պասից»՝ հայտարարում է, թե օֆշորային կազմակերպության գրանցման օրը ինքը եղել է Նեչասի հայրենիք Չեխիայում և հետևաբար՝ անմեղ է։

Տիգրանի «շուստրիությունն» այն աստիճանի է հասել, որ ինքն է դիմել դատախազություն՝ պարզելու համար, թե այդ ով է հանդգնել իր անունից օֆշորային կազմակերպություն գրանցել ու դեռ մի բան էլ 10 մլն դոլար փոխանցել Կիպրոսում իր անվան տակ գրանցված հաշվի համարին ու նենգաբար հետ փոխանցել այդ միլիոնները Հայաստան։

Վարչապետն այդպիսին պետք է լինի, այլ ոչ թե կոռուպցիոն սկանդալը ծագելուն պես հրաժարական տա։ Բա «Չեխական աշխարհն» ո՞վ է կառուցելու, կոռուպցիայի դեմ ո՞վ է պայքարելու, օլիգոպոլիաների դեմ ո՞վ է դուրս գալու։

Մի խոսքով՝ հարիֆ եվրոպացիները դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որպեսզի հասնեն հայաստանյան «անկախ» մամուլի կողմից արևմտամետ և ԵՄ–ի հետ ինտեգրացիայի մոլի կողմնակից հռչակված Տիգրան Սարգսյանին։

Հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկ Տիգրանը հո հարի՞ֆ չէ, որ «կակոյ նիբուծ» օֆշորային սկանդալի կամ բյուջեի բացահայտված թալանից հետո հրաժարական տա։ Ո՛չ, մութ ուժերը թող չերազե՛ն այդ մասին։ Տիգրանը կմնա ու կշարունակի թալանը, կներեք, մտածողության հեղափոխությունը՝ բնականաբար «Հակառուսական գիծն առաջ տանելու և Եվրոպային ինտեգրվելու» ծրագրի շրջանակներում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Չեխիայում այնքան հարիֆներ կան իշխող ուժի մեջ, որ չեն «ֆայմել» Նիկոլի պես մեկին պահեին ընդդիմադիր դաշտում, ով բոցաշունչ ելույթ կունենար և կարդարացներ վարչապետին՝ ավելի մանր սկանդալը նույնացնելով մեծ սկանդալի հետ։ Մանավանդ որ Պյոտրը, իրոք, կապ չունի այդ մեծ սկանդալի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը