Խմբագրական

04.07.2009 16:04


Օրենքների փիլիսոփայության մասին

Օրենքների փիլիսոփայության մասին

Ինչպես և սպասվում էր, «լրտեսական» որակված հարկային փաթեթն այդպես էլ ԱԺ-ի արտահերթ քննարկմանը չդրվեց։ Խորհրդարանականներն այդ տխրահռչակ օրենքին կանդրադառնան հերթական նստաշրջանում։ Կառավարությունը խոստացել է լրամշակել այն և «ճտերն աշնանը հաշվել»։ Մինչև այդ, եկեք հասկանանք, թե շուկայական հռչակված մեր տնտեսական համակարգում ինչո՞ւ են նմանատիպ օրենքներ հայտնվում, և ի՞նչ է դա նշանակում։

            Ի սկզբանե ակնհայտ էր, որ գործադիրի ներկայացրած օրինագիծը լուրջ դիմադրության էր արժանանալու պատգամավորների և հատակապես գործարար հակումներ ունեցողների կողմից։ Բայց, ամեն դեպքում, կառավարությունը «պապկան» թևի տակ մտավ ԱԺ՝ «Միգուցե ստացվի» թեմայով։ Թերևս, ստուգում էին նաև պատգամավորների դիմադրողականության աստիճանը, և եթե հաջողվեր անցկացնել այդ «չեկիստական» օրենքը, ապա պետությունը, ի դեմս իշխանության ներկայացուցիչների, կդառնար մասնավոր բիզնեսի փաստացի կառավարիչը։

Իշխանությունները մեկ բան հաշվի չէին առել. խոշոր բիզնեսմենների ակումբ հիշեցնող ԱԺ-ն պատրաստ է «Ականջ քաշելու», «Հանրահավաքներն արգելելու» և այլնի մասին օրենքներ ընդունել, սակայն մասնավոր սեփականության պաշտպանության համար ոչնչի առջև չի կանգնի։ Եվ դա բնական, ընկալելի և ճիշտ մոտեցում է։ Իշխանական բոլշևիզմի ֆոնին' գործարար պատգամավորներն ակամայից վերածվեցին կապիտալիզմի հրապարակային պաշտպանների։

Նկատենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած բուռն քննարկումները սառցաբեկորի միայն երևացող մասն էին։ Այն ավելի խորքային բնույթ ունի։ Բանն այն է, որ Հայաստանում կա սեփականության լեգիտիմության խնդիր։ Ներկա իշխանությունները, կարծես, ուզում են լուծել այդ հարցը, բայց ոչ թե սեփականության լեգիտիմացման ու հարկային համաներման միջոցով, այլ սեփականությունը հօգուտ իրենց վերաբաշխելով։ Այդ գործընթացը հանրությանը ներկայացվում է պետական բյուջեն համալրելու և կուլակաթափության անհրաժեշտության պրոլետարական հռետորաբանությամբ։ Իսկ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Սեփականության խնդիրն ամենացավոտն է յուրաքանչյուր հասարակարգում։ Քանի դեռ այդ հարցը մենք չենք լուծել, ո՛չ ներդրումներ կլինեն, ո՛չ էլ՝ զարգացում։ Անորոշությունն ու վախն ամենավատ զգացողությունն են, որոնցով ապրում է մեր հասարակությունը։ Այդ զգացողությունն ունեն բոլորը, ուստի Հայաստանում հանրային բոլոր շերտերն էլ անպաշտպան են՝ աղքատ գործազուրկից մինչև երկրի նախագահը։ Նրանցից յուրաքանչյուրը դժբախտ է յուրովի։ Գործազուրկն օրվա հացի խնդիր ունի, բայց փոխարենը կորցնելու բան չունի (այդ տեսանկյունից գիշերը հանգիստ է քնում) և, միևնույն ժամանակ, մշտապես հեղափոխական ցնցումների կողմնակից և գործիք է։ Նախագահն օրվա հացի խնդիր չունի, բայց, ի տարբերություն գործազուրկի, կորցնելու շատ բան ունի և, բնականաբար, գիշերը հանգիստ չի քնում։ Այսինքն, յուրաքանչյուրն ունի անորոշության իր չափաբաժինը, որը դառնում է վախի պատճառ։ Վախն է ծնում բռնություն, իսկ բռնությունը պատճառ է դառնում իշխանության և հասարակության բարիկադավորման։ Սա անցումային երկրներին բնորոշ վիճակ է։ Անցումն ավարտվում է այն ժամանակ, երբ օրենքները պաշտպանում են բոլորին, և իրավակիրառական պրակտիկան լիարժեքորեն համապատասխանում է թղթի վրա գրաված նորմերին։

Գործազուրկից մինչև երկրի նախագահն ընկած միջակայքում կա հանրության հսկայական մի շերտ՝ գործատուներն ու աշխատավորները, որոնց միջուկն ընդունված է համարել պետության միջին խավ, և որոնք, մերի տիպի երկրներում, իրենց փոքր ու մեծ անորոշությունն ու վախերն ունեն։ Կայուն են այն պետությունները, որոնցում կա հզոր միջին խավ, որն ունի կայուն եկամուտներ և պետության ոտնձգություններից պաշտպանված սեփականություն։ Սա՛ է կապիտալիստական համակարգի հաջողության բանաձևը։ Մարդկությունը դեռևս ավելի լավ բան չի հնարել։ Հիվանդ են բոլոր այն իշխանությունները, որոնք առաջնորդվում են «Բուրժուական դիկտատուրան փոխարինենք պրոլետարական դիկտատուրայով» կարգախոսով։ Էլ ավելի հիվանդ ու վտանգավոր են այն իշխանությունները, որոնք բուրժուական հայտարարված պետության մեջ իրականացնում են «դասակարգային պայքարի» ձախ հայեցակարգին բնորոշ կառավարում։ Ասել է, թե նմաններն ուզում են ապրել բուրժուական «կայֆերով», բայց մնացածին դարձնել ծառա՝ «բա թոշակ ինչպե՞ս բաժանենք» փարիսեցիական մոտեցմամբ։ Այդպիսի կարգախոսներով դեռ ոչ մի երկիր թոշակառուի համար ապահով ծերություն չի ապահովել։ Սովետական Միությունը ասվածի վառ ապացույցն է։ Մասնավոր սեփականությունը բացառող համակարգերը դատապարտված են պատմության աղբանոցում հայտնվելու։ Հետևաբար, պետք է ամեն ինչ անել, որպեսզի արտադրության գործոնների (կապիտալի, աշխատուժի, հողի և գործարար կարողության) բոլոր սեփականատերերը մեզանում լինեն պաշտպանված և զերծ լինեն տարատեսակ վախերից։

             Բուրժուական հասարակությունների թիվ մեկ խնդիրը սեփականության պաշտպանությունն է։ Եթե դա չկա, ապա տվյալ պետությունը մշտապես կգտնվի ցնցումների մեջ, և իշխանության ձևավորումը երբեք չի լինի ժողովրդավարության սկզբունքներին համահունչ։ Պատահական չէ, որ նորանկախ Հայաստանի կազմավորման սկզբնական փուլում, երբ սեփականությունը պետականից փոխակերպվեց մասնավորի, քաղաքական անկայունությունը հետայդու սկսեց պարբերական բնույթ կրել։ Հետևաբար, մեզ մոտ առաջին հերթին պետք է լուծվի սեփականության պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման խնդիրը։ Բիզնեսի բոլոր շերտերն էլ այժմ ունեն խնդիրներ. փոքրերինը փոքր է, իսկ խոշորներինը՝ խոշոր։

             Վերադառնալով տխրահռչակ հարկային փաթեթի թեմային՝ նկատենք, որ իշխանությունը փորձ արեց մտնել մասնավոր սեփականատերերի տարածք, և եթե դիմադրություն չզգար, էլ ավելի կխորանար, ու մի օր կարող էր որոշել ազգայնացնել ամբողջ տնտեսությունը։

Բոլոր երկրներում էլ, եթե իշխանությունը դիմադրության չհանդիպի, ապա ամբողջ տնտեսությունը կվերցնի իր ձեռքը։ Բովանդակ Արևմուտքը լուծել է բոլշևիկյան ժանտախտով չվարակվելու այդ խնդիրը՝ ստեղծելով իշխանության տարանջատման մեխանիզմ և քաղաքացիական հզոր ինստիտուտներ։ Մենք այդ ուղղությամբ դեռևս շատ անելիքներ ունենք։

             Հայաստանում առկա իշխանության և սեփականության միաձուլումը՝ բիզնեսի զարգացման ամենամեծ խոչընդոտն է։ Մենք, փաստացի, պլանային տնտեսության համակարգում ենք ապրում, որտեղ մասնավոր սեփականությունը մարքսիստական փիլիսոփայության ընկալման շրջանակներում է։ Այսինքն, դիտարկվում է որպես հանրային չարիք։ Պարզապես մեր այսօրվա իշխանության պատկերացրած  մարքսիզմը՝ վուլգար մատերիալիզմի յուրօրինակ դրսևորում ունի, որը հետևյալ բանաձևի շրջանակներում է. «Մասնավոր սեփականությունը չարիք է, քանի դեռ ուրիշի ձեռքում է։ Երբ որ այն ամբողջությամբ կլինի մերը (հարկային լրտեսությունը դրան հասնելու ամենահարմար ձևն է), մենք մասնավոր սեփականությունը կպաշտպանենք շուկայական տնտեսության բոլոր կանոններով և կփառաբանենք բուրժուական փիլիսոփայությունը»։ Նշված մտածողությունը բավական վտանգավոր է։ Դրա շրջանակներում պաշտպանված չեն նույնիսկ յուրային համարվող գործարարները, իսկ փոքր ու միջին բիզնեսի շահերի պաշտպանության մասին խոսելն արդեն լրիվ ավելորդ է դառնում։

            «Օրենքները գրում են հարուստները՝ հարուստների համար, բայց դրանից օգտվում են նաև մնացածները»։ Սա արևմտյան «Ոսկե միլիարդը» ներկայացնող հասարակությունների ստեղծած օրենքների փիլիսոփայությունն է, որը միգուցե դաժան  ու ցինիկ է հնչում, բայց դրա այլընտրանքը սովետական չաշխատող հեռուստացույցերն են, «շուխուռով» աշխատող սառնարանները, հակամարդկային «Զապորոժեց» ավտոմեքենաները, «տակից» ապրանքները, կեղծ հավասարությունը և, որ ամենավտանգավորն է, հավասարների հասարակություն կառուցողների համար նախատեսված Գուլագը։

             Հանրային սեփականությունը երբեք չի երջանկացրել մարդկությանը։ Մասնավոր սեփականության իրավունքը դասվում է մարդու բնական իրավունքների շարքին, և բոլոր այն իշխանությունները, ովքեր աչքները «տնկում» են այլոց սեփականությանը, մեխանիկորեն վերածվում են ավտորիտարիզմի ճարտարապետների և պետությունը տանում դեպի ինքնաոչնչացում։

             Կեղծված ընտրություններ, մարդու իրավունքների ոտնահարում, սոցիալական բևեռացվածություն և այլն. սրանք բոլորը Հայաստանի համակարգային հիվանդություններն են, որոնց արմատները պետք է փնտրել սեփականատիրական հարաբերություններում։ Ուստի, բուժելու համար մեր հիվանդությունը, պետք է սկսել «անհանգիստ» բուրժուայի շահերը պաշտպանելուց։ Քանի դեռ գործատուի շահերը չեն պաշտպանվել, աշխատավորները կլինեն իրավազուրկ կամ էլ պետության նետած փշրանքներին կարոտ զանգված։

Անցումային շրջանը կավարտվի, եթե մեր օրենսդրության փիլիսոփայությունը և իրավակիրառական պրակտիկան նպաստի բուրժուազիայի պաշտպանությանը և տնտեսական մրցակցության ապահովմանը։ Դրանից հետո միայն բնականորեն կառաջանան աշխատավորների շահերը պաշտպանող հզոր արհմիութենական շարժումներ, և հասարակությունը զերծ կմնա քաղաքական ու սոցիալական ցնցումներից։ Կսկսի գործել իշխանություն-գործատու-աշխատավոր եռաթև համակարգը, որը կդառնա պետության կայուն զարգացման երաշխիքը։

Իսկ առայժմ մենք հետ ենք գնում։ Հայաստանում այսօր գռեհիկ մարքսիզմի ուրվականն է շրջում։ Պատահական չէ, որ հայաստանյան մարքսիստը միաժամանակ և՛ իշխանության, և՛ ընդդիմության ճամբարներում է։ Ճիշտ է, դա հանգամանքների բերումով է ստացվել, սակայն փաստը շատ խորհրդանշական է։

Հատկանշական է, որ Տեր-Պետրոսյանի թիմն առայսօր չի համարձակվում ՀԱԿ-ից պաշտոնապես դուրս հրավիրել մարքսիստ Դավիթ Հակոբյանին, իսկ Սերժ Սարգսյանն առիթը բաց չի թողնում՝ թղթի վրա գրանցված կուսակցությունների հետ հանդիպում կազմակերպելու և այդ ընթացքում մարքսիստի հետ շփվելու համար։

Սպասենք զարգացումներին։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը