Խմբագրական

02.05.2013 11:35


Ադամ Սմիթ VS Կարլ Մարքս

Ադամ Սմիթ VS Կարլ Մարքս

Աշխատավորության պաշտպանության օրը մեզանում զուտ ձևական բնույթ է կրում։ Երեկ էլ ընդամենը գործի չգնալու օր էր նրանց համար, ովքեր աշխատանք ունեն և տանը մնալու հերթական օր նրանց համար, ովքեր աշխատանք չունեն։

Հայաստանյան իշխանությունները վարում են նեոբոլշևիկյան քաղաքականություն՝ փորձելով քարոզչամեքենայի օգնությամբ հանրությանըհամոզել, թե միայն մասնավոր սեփականության վերաբաշխման ու կուլակաթափության շնորհիվ է հնարավոր հասնել բարեկեցության և աշխատավորների շահերի պաշտպանության։ Դա, իհարկե, դեմագոգիա է. ՍՍՀՄ–ի ստեղծումն ու կործանումն ասվածի վառ ապացույցն է։

Պլատոն–Արիստոտել վեճի ժամանակակից դրսևորումները

Համաշխարհային պատմության վրա հսկայական ազդեցություն թողած Ադամ Սմիթն ու Կարլ Մարքսը տեսաբաններ էին: Առաջինը կարծում էր, որ ժողովուրդները հարստանում և երջանիկ են լինում, երբ առկա է մասնավոր սեփականության վրա հիմնված ազատ մրցակցություն, իսկ երկրորդը համոզված էր, որ կապիտալիստական հարաբերությունները և մասնավոր սեփականությունը չարիք են ու միայն հանրային սեփականության վրա հիմնված հարաբերությունների դեպքում է հնարավոր ապահովել ժողովուրդների պայծառ ապագան։ Ըստ Մարքսի՝ կյանքը կարող է փոխվել դասակարգային պայքարի հետևանքով, իսկ այդ դասակարգային պայքարում գլխավոր դերը վերապահված է պրոլետարիատին։

Ադամ Սմիթն աշխատավորության շահերից այդքան ընդգծված չէր խոսում, բայց նրա պատկերացրած բուրժուական պետությունները գործնականում ամենալավը պաշտպանեցին աշխատավորության շահերը։ Իսկ ահա աշխատավորության շահերի պաշտպանության մասին թմբկահարող մարքսիստները, ովքեր պայքարում էին բուրժուազիայի դեմ, ի վերջո ամենաանտանելի պայմանները ստեղծեցին պրոլետարիատի համար։ Նայեք այսօրվա Արևմուտքին ու հիշեք երեկվա ՍՍՀՄ–ը, և ամեն ինչ պարզ կդառնա։

Եվ այսպես՝ Պլատոն–Արիստոտել բանավեճը հիշեցնող Սմիթի ու Մարքսի հեռակա հակադրությունը գործնականում ավարտվեց Սմիթի հաղթանակով։

Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ բոլոր այն պետությունները, որոնք որդեգրել են Արիստոտելի ու Սմիթի փիլիսոփայությունը, ստեղծել են բարեկեցիկ հասարակություն և զարգացած պետություն։ Իսկ Պլատոնի ու Մարքսի հետևորդները հետ են մնացել բուրժուական հասարակություններից։

Սմիթի հայեցակարգով առաջնորդվող պետությունները հաջողության են հասել բուրժուադեմոկրատական հեղափոխությունների միջոցով։ Մարքսիստները գնացել են սոցիալիստական հեղափոխությունների ճանապարհով և հայտնվել մեկ աստիճան ցածր մակարդակում, քան բուրժուական հասարակությունները։

«Հայկական աշխարհն» ու վուլգար մարքսիսզմը

«Հայկական աշխարհ» կառուցող Տիգրան Սարգսյանը թեև ազատական գաղափարախոսության կրողի իմիջ ունի, սակայն իրականում վուլգար մարքսիստ է։ Ինչու՝ վուլգար. որովհետև, ի տարբերություն «մաքուր» մարքսիստների, Տիգրանն ու իր շեֆն ընդունում են մասնավոր սեփականության գոյությունը, բայց պայմանով, որ այն պետք է ուղղակի կամ անուղղակի ձևով տնօրինվի իրենց կողմից։

Վուլգար մարքսիսզմի դրսևորումներից է նաև խոշոր բիզնեսը թիրախ հայտարարելն ու զուգահեռաբար պետական գանձարանը որպես յուրօրինակ բիզնես դիտարկելը։ Ընթերցե՛ք պետական պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը և կհամոզվեք, որ վուլգար մարքսիզմը իշխանական վերնախավի կրոնն է։ Այնպես որ, Հայաստանում տիրող վատ վիճակի պատճառը վուլգար մարքսիզմի կոդերով առաջնորդվող կառավարիչների գործունեությունն է։ Ուրիշ պատճառ չկա։

Իրավիճակի փոփոխության կարելի է հասնել միայն բուրժուադեմոկրատական հեղափոխության միջոցով։ Դա ես չեմ ասում, այլ մարդկության պատմությունն է ցույց տալիս, որ միայն այդ տարբերակով է հնարավոր հասնել պետության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և պրոլետարիատի բարեկեցության։

Ինչպե՞ս դուրս գալ արատավոր շրջանից

Հաշվի առնելով մի շարք երկրների փորձը և հայաստանյան առանձնահատկությունները՝ կարելի է հետևյալ կերպ բարեփոխել մեզանում գոյություն ունեցող տնտեսաքաղաքական համակարգը։

Ինքնին հասկանալի է, որ փոփոխությունները հնարավոր են միայն բուրժուադեմոկրատական հեղափոխության միջոցով։ Խնդիրն այն է, որ այդ հեղափոխությունը լինի անարյուն։

Տրանսֆորմացիոն փուլը հնարավորինս արդյունավետ կհաղթահարվ,ի և կայուն, դինամիկ զարգացող հարաբերություններ կհաստատվեն հետևյալ հաջորդական գործընթացների շրջանակներում, ինչը մեզ համար կարող է լինել որպես տնտեսաքաղաքական հարաբերությունների նոր փուլին անցնելու գործողությունների ուղենիշ և ինդիկատոր.

1-ին փուլ՝ պետության տնտեսական քաղաքականության փոփոխություն, որը ենթադրում է՝

ա) ներմուծման փոխարինում և արտահանմանն ուղղված քաղաքականություն,

բ) հիմնական այլ արժույթների հետ համեմատած՝ թույլ դրամի քաղաքականություն,

գ) ֆինանսաարդյունաբերական խոշոր խմբերի ձևավորման կամ զարգացման նպաստում (չի կարելի հարձակման թիրախ դարձնել բիզնեսի որևէ շերտի, այդ թվում՝ խոշորին, քանզի դրա հետևանքը կլինի կապիտալի արտահոսքը, գործազրկության աճն ու արտագաղթը),

դ) տնտեսության իրական հատվածում մասնավոր և պետական ներդրումների ավելացում,

ե) պետական ներդրումներ տնտեսական ենթակառուցվածքներում,

զ) փոքր և միջին բիզնեսի խրախուսում պրոգրեսիվ հարկման համակարգի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարների ներդրման միջոցով՝ կախված բիզնեսի տեսակից, ծավալներից ու սոցիալական նշանակությունից։

2-րդ փուլ՝

ա) տնտեսական ժողովրդավարություն,

բ) սեփականության ինստիտուտի պաշտպանության իրական երաշխիքների ապահովում,

գ) իշխանության և բիզնեսի տարանջատում՝ հատկապես տարանջատելով պետական բյուջեի մսխումը բիզնես դարձրածներին և կառավարման համակարգը,

դ) բաժնետիրական կառավարման կուլտուրայի արմատավորում։

3-րդ փուլ՝

ա) մրցակցային ազգային բուրժուազիայի կայացումից և մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանության անշերջելի մեխանիզմների ներդրումից հետո աշխատուժի ամբողջական իրավունքների պաշտպանության համակարգի ձևավորում, որը կնպաստի հզոր արհմիությունների ստեղծմանը,

բ) վարձու աշխատողների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրում,

գ) քաղաքակիրթ և լեգիտիմ հարաբերություններ իշխանության, գործատուների և արհմիությունների միջև:

Նշված 3 խումբ գործողությունների հաջորդաբար կյանքի կոչումը, համոզված եմ, մեզ դուրս կբերի անցումային կոչվող շրջանից, զուգահեռաբար կզարգանան ժողովրդավարական ինստիտուտները, անկախ դատարանները, և արդեն հնարավոր կլինի խոսել որակապես նոր տնտեսաքաղաքական հարաբերությունների մասին։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը