Լրահոս

04.03.2013 20:21


Արմեն Ռուստամյան. «Բանակցությունները փակուղի են մտել»

Արմեն Ռուստամյան. «Բանակցությունները փակուղի են մտել»

ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ԱԺ-ում հետընտրական գործընթացները քննարկելու ձեւաչափը որոշելու համար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Քննարկվեց արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ մեր առաջարկությունը, բայց, ըստ էության, բանակցություններն այս պահին մտնում են փակուղի: Իշխանություններն առաջին հերթին համաձայն չեն արտահերթ նիստ հրավիրելու` մեր առաջարկությանը»,- հայտարարել է Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած երեք հայտնի պահանջներին` իշխանությունները պահանջել են, որ ընդդիմության կողմից էլ պետք է զիջում լինի, որ հարցը քննարկեն: Բայց մյուս կողմից` մյուս քաղաքական ուժերն էլ, մասնավորապես` ՀԱԿ-ը, եւս համաձայն չեն այդ եռակետ օրակարգով հարցի լուծմանը:

«ՀԱԿ-ն ասում է, որ այս երեք կետերը հարցի լուծում չեն, բայց արտահերթ նիստ հրավիրելուն դեմ չեն»,- նշել է Ռուստամյանը:

ՕԵԿ-ը երեք կետերից համաձայն է միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցմանը, ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգի ձեւավորմանը, ինչին համաձայն է նաեւ ՀՀԿ-ն: Կոալիցիոն գործընկերները եւ ՀԱԿ-ը վերապահումներ ունեն կառավարման խորհրդարանական համակարգին անցման եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերում: ԲՀԿ-ի դիրքորոշումները, ըստ Ռուստամյանի, համահունչ են ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշումներին:

«Բանակցությունները փակուղի են մտել, քանի որ համաձայնություն ձեռք չի բերվում հայտարարության տեքստի շուրջ, մնում է 1/3 ստորագրություն հավաքել արտահերթ նիստ հրավիրելու համար, բայց այդ դեպքում էլ վստահ չենք, որ, ինչպես անցած անգամ, այս անգամ եւս ՀՀԿ-ականները չեն բոյկոտի նիստը»,- ասել է Ռուստամյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ«Ժառանգության» հետ երեկվա հանդիպման ժամանակ քննարկվել են շարժման հետագա անելիքները, ստեղծված իրավիճակը, տեսակետներ են փոխանակվել: Ռուստամյանը հայտնել է նաեւ, որ ՀՅԴ-ն մասնակցելու է վաղը կայանալիք հանրահավաքին եւ իր խոսքն է ասելու:

Այս խորագրի վերջին նյութերը