Լրահոս

07.12.2012 10:30


ԵԱՀԿ-ի ՄԽ–ի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում քաղաքական կամք դրսևորել

ԵԱՀԿ-ի ՄԽ–ի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում քաղաքական կամք դրսևորել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կազանյովը Դուբլինից հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Դուբլինում ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի հանդիպման առիթով մենք՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներս, կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին քաղաքական կամք դրսևորել, որն ահրաժեշտ է խաղաղ կարգավորման համար: Ինչպես մեր նախագահներն էին հայտարարել հունիսի 18-ին Լոս Կաբոսում, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսինկիի սկզբունքներով, մասնավորապես այն սկզբունքներով, որոնք վերաբերում են ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների հավասար իրավունքներին և ինքնորոշման իրավունքին:

Հիշեցնելով 2011-ին նախագահների՝ Դովիլում արած հայտարարությունը մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում կողմերին՝ վճռորոշ քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման հասնելու համար։

Ափսոսանքն ենք հայտնում, որ 2012-ի հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ՌԴ նախագահի նախանշած՝ ավելի կտրուկ զարգացումը խաղաղության գործընթացում չի կայացել:

Վերջին ամիսների հրադադարի խախտումները նկատի ունենալով՝ կողմերին կոչ ենք անում նաև շարունակել հարգել 1994-ի հրադադարը:

Կողմերի ղեկավարները պետք է իրենց ազգաբնակչություններին նախապատրաստեն այն օրվան, երբ նրանք նորից հարևանների և ոչ թե թշնամիների պես կապրեն՝ ամբողջությամբ հարգելով միմյանց մշակույթները, պատմությունները և ավանդույթները։

Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում անել ամեն հնարավորը՝ կողմերին սատարելու համար և ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ 2013-ին համանախագահների հետ համատեղ հանդիպումներ ունենալու պատրաստակամությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը