Մեկնաբանություն

05.12.2012 02:06


Ինչին հավատալ և ինչը փոխել

Ինչին հավատալ և ինչը փոխել

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը հանդես եկավ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով։ Ասել, որ ՀՀԿ ղեկավարը չի ձգտում փոփոխությունների, սխալ կլինի։ Հարցն այն է, թե ինչպիսի՞ն են Սարգսյանի պատկերացրած փոփոխությունները։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը կողմ է այնպիսի փոփոխություններին, որոնք՝

1.ձևական բնույթի են,

2.իշխանության պահպանման օգտին են,

3.նպաստում են 20-30 ընտանիքների վրա հիմնված կլանաօլիգարխիկ համակարգը մեկ օլիգարխի տնտեսության վերածելուն, այսինքն՝ վատն ավելի վատով փոխարինելուն՝ թուրքմենբաշիական մոդելին անցնելուն։

Եթե հանրության պահանջները չեն առնչվում այս երեք կետերին և ապաքաղաքական են, ապա Սերժ Սարգսյանը հաճույքով ընդառաջ է գնում դրանց։ Ավելին՝ Բաղրամյան 26–ից անգամ խրախուսվում են ապաքաղաքական շարժումները։

«Դուք բավարարվեք փոքր հաղթանակներով»,– վերահսկելի լրատվամիջոցներով ժողովրդին կոչ են անում նախագահական նստավայրից։

Եկեք այժմ կոնկրետ օրինակների վրա տեսնենք, թե որո՞նք են այն փոքր հաղթանակները, որոնցով մեզ առաջարկվում է բավարարվել, արդյոք դա հասարակությա՞ն հաղթանակն է և ի՞նչ է շահում ՀՀ քաղաքացին նմանատիպ հաղթանակներից։

Տարո՛ն, աներձագ ունե՞ս, ինքը սիրու՞ն ա...

Մաշտոցի պուրակի համար պայքարի ելան հանրության տարբեր շերտեր։ Այդ ամենը ողջունելի է և խրախուսելի։ Ամեն մեկն այնտեղ իր նպատակն էր հետապնդում. մեկին, իրո՛ք, հետաքրքրում էր պուրակի հարցը, մյուսին խոստացել էին պուրակում լավ կռիվ տալու դեպքում խորհրդարան տանել (բայց «քցեցին»), երրորդն ուզում էր ինչ որ կերպ ինքնադրսևորվել, իսկ մնացածներին էլ տարատեսակ նպատակներն էին համախմբել։ Այս ամենը նորմալ էր և պետք չէ դավադրությունների տեսության գիրկն ընկնել։ Աննորմալն այն էր, որ քաղաքացիական ակտիվիստ ներկայացողներից շատերը պարբերաբար շեշտում էին իրենց շարժման կամ պայքարի ապաքաղաքական բնույթը։ Փորձ էր արվում հակադրել քաղաքականն ու քաղաքացիականը, ինչը նոնսենս է։

Այդ պայքարի էությունն, ակնհայտորեն, քաղաքական էր, քանզի բնապահպանությունը և քաղաքաշինությունը ոչ պակաս քաղաքական նշանակություն ունեն, քան մյուս հարցերը։ Նկատենք, սակայն, որ պայքարողների մոտ գերիշխողը հարցը չքաղաքականացնելու միտումն էր։

Մաշտոցի պուրակի հարցի չքաղաքականացման քարոզ էր անում նաև իշխանամետ մամուլը, ինչը հուշում էր, որ «X» պահին հարցը քաղաքականացվելու է հենց իշխանությա՛ն կողմից։

Այդպես էլ եղավ. ապաքաղաքական գոտի հայտարարված պուրակում հայտնվեց Սերժ Սարգսյանն ու տեսախցիկների առաջ սկսեց քաղաքական PR անել՝ օգտագործելով «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» նախադասությունը։ Նախընտրական արշավի վերջնամասում բոլորի աչքի առաջ բեմադրվեց բարի Սերժի կողմից չար Տարոնին պատժելու տեսարանը։ Արդյունքում՝ ազնիվ պայքարն օգտագործվեց իշխանության կողմից և ինֆլյացիայի ենթարկվեց։ Գործեց հայտնի կանոնը, ըստ որի՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։

Հիմա իշխանությունն առաջարկում է այս ամենը գրանցել հանրության ակտիվում։ Ըստ իրենց՝ փոքրիկ հաղթանակը տվյալ դեպքում հետևյալն է. հասարակությունը պայքարեց Մաշտոցի պուրակի համար, իսկ Սերժ Սարգսյանը լսեց պայքարողների ձայնը և հրապարակավ նվաստացման ենթարկեց Տարոն Մարգարյանին։ Ճիշտ է, քոթակի տղեկի դեր կատարող քաղաքապետը Սերժ Սարգսյանից հետագայում փոխհատուցում ստացավ` «անտեսանելի» աներոդուն պատգամավոր դարձնելու թույլտվության տեսքով, բայց այդ փաստը Բաղրամյան 26–ից առաջարկում են ծանր չտանել, քանզի հասարակությունն, ըստ իրենց, արդեն փոքր հաղթանակ է տարել պուրակում։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի առաջարկած «բարտերը» հետևյալն է՝ ես «չփացնում» եմ Տարոնին և «զիջում» եմ պուրակը, բայց դուք էլ պետք է ըմբռնումով մոտենաք ընտրական համակարգը բռնաբարելու մեր ցանկությանը և ընդունեք, որ Տարոնի «անլեզու» աներձագը պետք է պատգամավոր լինի։

«Մի՛ քաղաքականացրեք ընտրությունները և բավարարվեք պուրակում տարած փոքր հաղթանակով»,– կոչ են անում Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի մարդիկ։

Եթե կա մեկը, ով համաձայն է նմանատիպ «փոքր հաղթանակներ» տանելուն, ապա կարող է շարունակել իր ապաքաղաքական պայքարը։

Ով մանդատը վայր դնի, ով պատգամավոր դառնա

«Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո հանրության ակտիվ հատվածը բողոքի գործողությունների դիմեց։ Ոտքի ելածներից մեծ մասի մոտ անկեղծ ցասում կար։

Այստեղ էլ նկատվեցին հարցի քաղաքականացման ու չքաղաքականացման կողմնակիցներ։ Վահե Ավետյանի սպանության հետ կապված հարցի քաղաքականացման կողմնակիցները գոռում էին «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր», իսկ ապաքաղաքականները՝ «Նե–մե՛ց, մարդասպա՛ն»։ Իշխանությունները, բնականաբար, խրախուսում էին ապաքաղաքական կողմնորոշում ունեցողներին, որոնց որպես գործիք հետագայում ներիշխանական «մուտիլովկաներում» օգտագործեցին ու դեռ շարունակում են օգտագործել։

Ապաքաղաքականների միջոցով իշխանությունը շրջանառության մեջ դրեց նաև Ռուբեն Հայրապետյանին սեփականությունից զրկելու կոչը, ինչը նշանակում է, որ խնդիր էր դրված սեփականության վերաբաշխման մոդել փորձարկել։ Ինչևէ։

Նողկալին այն է, որ Բաղրամյան 26–ից որոշեցին քաղաքական դիվիդենտներ քաղել հայ սպայի սպանության առիթով։ Բեմադրվեց հերթական շոուն՝ «բարի Սերժը և չար օլիգարխները» թեմայով։  «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց Սերժ Սարգսյանին։ Հանդիպումից հետո Հայրապետյանը հայտարարություն տարածեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Իշխանությունը դա ներկայացրեց որպես հասարակության փոքր հաղթանակ (ի դեպ, նմանատիպ փոքր հաղթանակի շանս հասարակությանը չտվեց Սերժ Սարգսյանը, երբ «Բելաջիո» ռեստորանային համալիրի տարածքում իր եղբայր Սաշիկի որդու շրջապատի մարդիկ կրակեցին ու վիրավորեցին մարդկանց, իսկ «քաղաքացիականներն» էլ ըմբռնումով մետեցան այդ ամենին ու ծպտուն չհանեցին)։

«Սերժ Սարգսյանը կանգնում է հասարակության կողքն ու պատժում է ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանին»,– տարածում էին սերժամետ մամուլի միջոցները և առաջարկում ուրախանալ հաղթանակով։

Իսկ թե ինչ հաջորդեց այդ «հաղթանակին», բոլորս տեսանք. Ավանի թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրական միջոցառման ժամանակ Հայրապետյանի փոխարեն պատգամավոր դարձավ ՀՀԿ–ի, պատկերավոր ասած, «պոլի փետը»՝ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրը, ում միակ արժանիքն այն է, որ Սերժ Սարգսյանից ստացել է ընտրակեղծիքների մեքենայից օգտվելու «դաբրո»։

Ստացվում է, որ հասարակությունը Վահե Ավետյանի սպանության հարցով պայքարում էր, որպեսզի Ռուբեն Հայրապետյանի փոխարեն պատգամավոր դառնա նախընտրական արշավի ժամանակ բառ և նույնիսկ տառ չարտասանած Տարոն Մարգարյանի աներորդին։ Պարզ է, որ «Հարսնաքարի» գործով ոտքի ելածները նման նպատակ չունեին, բայց այդպես ստացվեց։ Ես «չոր» փաստն եմ արձանագրում։

Տվյալ դեպքում հասարակության փոքր հաղթանակը ո՞րն է։ Մի՞թե հաղթանակ պետք է համարել այն, որ հայ սպա է սպանվել ու դրա դիմաց սպանության ժամանակ դեպքի վայրում չեղած Ռուբեն Հայրապետյանը զրկվել է մանդատից ու նրա փոխարեն ԱԺ–ում է հայտնվել մեկը, ում ոչ ոք չի տեսել ու չի լսել (նորաթուխ պատգամավորի անուն–ազգանունը, ինչպես որ ավանցիների ճնշող մեծամասնությունը, չեմ ֆիքսել, իսկ «google»–ով ալարում եմ փնտրել)։ Իշխանությունն առաջարկում է գոհանալ «Զոհ՝ պատգամավորափոխության դիմաց» տարբերակով և չքաղաքականացնել Ավանի ընտրությունները։

Եթե որևէ մեկին դուր է գալիս այսպիսի փոքր հաղթանակը, ապա նա կարող է գալիք նախագահական ընտրություններում իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին։

«Կորչի՛ օլիգարխիան, կեցցե՛ երիտօլիգարխիան». սա՛ է իշխանության կարգախոսը

Իշխանությունները մի հեքիաթ են դրել շրջանառության մեջ, թե իբր Սերժ Սարգսյանը հակաօլիգարխիկ պայքար է մղում։ Ընդ որում՝ օլիգարխ են հռչակվում բոլոր նրանք, ովքեր շատ փող կամ սեփականություն ունեն, ինչը քաղաքագիտորեն սխալ է, սակայն երևույթներին գնահատական տալիս մենք հաշվի կառնենք այն «շտամպերը», որոնք օգտագործվում են։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքեր՝ կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե հակաօլիգարխիկ պայքար է մղում, այլ փորձում է առաջին սերնդի օլիգարխներին փոխարինել երկրորդ սերնդի օլիգարխներով՝ դրանով իսկ ձգտելով կյանքի կոչել «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագիրը։

Ինչպես հայտնի է, Գյումրիի թիվ 35 մեծամասնական ընտրատարածքում նշանակված ընտրական միջոցառման արդյունքում պատգամավոր դարձավ Արման Սահակյանը, ով փոխարինեց Սամվել Բալասանյանին։ Այսինքն՝ օլիգարխին փոխարինեց երիտօլիգարխը։

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանք անցան նույն մեթոդներով, ինչպիսիք որ սովոր է վերջին տարիներին կիրառել ՀՀԿ–ն։

Իշխանությունն այժմ մեզ առաջարկում է ուրախանալ սերնդափոխության փաստով։

«Տարեց օլիգարխին փոխարինում է երիտօլիգարխը, և դա քայլ առաջ է, քանզի տեսակների խնդիր կա»,– ցինիկաբար նկատում են «լավ ընտրությունների» ջատագովները։

Հասարակության փոքր հաղթանակն այս դեպքում արդյոք այն է, որ նախկին ՕԵԿ–ական, ներկայիս ԲՀԿ–ական և պոտենցիալ ՀՀԿ–ական Սամվել Բալասանյանին խորհրդարանում փոխարինելու է նորաթուխ ՀՀԿ–ական Արման Սահակյա՞նը։ Ո՞րն է Արմանի ու Սամվելի տարբերությունը։ Տարի՞քը, թե՞ տնօրինած կապիտալի ծագումը։ Եթե կապիտալի ծագումը դիտարկենք, ապա Բալասանյանինը գոնե արդյունաբերական կապիտալ է և հայտնի է, թե ինչպես է առաջացել, իսկ ահա Սահակյանի տնօրինած կապիտալի սկզբնաղբյուրն առևտրային բնույթի է և առավելապես ներկրումներով է պայմանավորված եղել, ինչն ավելի վատ է և ավելի ոչ լեգիտիմ։

Ինչ վերաբերում է տեսակների պայքարին, ապա Արմանն իր տեսակով գրեթե ոչնչով չի տարբերվում իր տարեց կոլեգաներից և դժվար է ասել, թե նա ո՞ր կուսակցության լոգոտիպը «կփորագրի» իր ճակատին, եթե Սերժ Սարգսյանին 2013թ. չհաջողվի մնալ նախագահական նստավայրում։

Եթե կա մարդ ում դուր է գալիս «Օլիգարխներին փոխարինենք երիտօլիգարխներով» գաղափարը, ապա նա կարող է բավարարվել «փոքր հաղթանակով» և ուրախանալ Գյումրիի «ընտրություններով»։

Փոխենք, որ հավատանք

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը կողմ է կոսմետիկ ու ձևական փոփոխություններին, որոնք նպաստում են իր իշխանության ամրապնդմանը, և որոնք բոլշևիկյան բնույթի են։

Իրական փոփոխությունների ձգտողները պետք է դեն նետեն իշխանության առաջարկած «Փոքր հաղթանակների» տարբերակը և առաջնորդվեն «Փոքր հաղթանակներով դեպի մեծ հաղթանակներ» տարբերակով։

Սկզբի համար փոքր հաղթանակ կարող է արձանագրվել այն դեպքում, երբ քաղաքական ու հասարակական շահագրգիռ շրջանակները համախմբվեն, որից հետո մեծ հաղթանակն իրեն սպասեցնել չի տա։

Պետք է փոխել, որ հավատալ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը