Լրահոս

04.12.2012 00:25


Թուրքական հրթիռների և ռուսական ռազմանավերի միջև

Թուրքական հրթիռների և ռուսական ռազմանավերի միջև

Վերջին օրերին Սիրիայի տարածքի անջատված համացանցային հաղորդամիջոցը եւ առհասարակ հաղորդակցության համակարգի ջլատումը մտածել տվեցին, որ գետնի վրա բեկումնային տեղարժեր են արձանագրվում: Յուրաքանչյուր կողմ դիմացինին ամբաստանեց Սիրիան արտաքին աշխարհից անջատելու հանցանքով: Հայտնապես, մարտերը կենտրոնացած էին դեպի Դամասկոսի միջազգային օդանավայական տանող մայրուղու վրա: Շաբաթավերջին թե՛ համացանցի եւ թե՛ հեռախոսային կապերի վերականգնումը որոշ առումով պարզ դարձրեցին տիրող համապատկերը:

Որեւէ կողմ, թվում է, թե հիմնական տեղաշարժ չէր ապահովել: Մի կերպ, տիրող գոյավիճակը մնում էր նույնը: Օդանավակայանի կարճատեւ փակումն ու թռիչքների վերաիրականցումը հուշում են, որ շարունակում են կառավարական ուժերի վերահսկողության տակ մնալ օդանավակայան տանող մայրուղին եւ օդանավակայանը, ընդհանրապես: Պարզ է անշուշտ, թե ռազմավարական ի՛նչ նշանակություն ունի թիրախի վերածված օդանավակայանը, որի պահպանումը կամ գրավումը իրադրային նշանակություն  է ունենալու  երեւութապես ներսիրիական թվացող այս պատերազմում:

Այս արդեն քանիերորդ անգամն է, որ ճակատագրականությամբ են բնութագրվում դեպքերը. Հաղորդակցությունն անջատվում է, մինչ այդ տեղեկատվական պատերազմը թեժանում է եւ յուրաքանչյուր կողմ իր ապահովության առավելությունների մասին հաղորդագրություններ  է տարածում կողմնորոշելու, ավելի ճիշտ` ապակողմնորոշելու համար հանրային կարծիքը:

Ռազմական ընդհարումներին առընթեր տեղեկատվական-հոգեբանական պատերազմն իր ազդեցությունը կարող է ունենալ, անկասկած: Դիպաշարին հետեւողի մոտ կզարգանա այն տրամաբանությունը, որի համաձայն, գետնի վրա զինվորական առումով կողմերը մղում են հավասարապես մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ հետեւողական պայքարը, որը յուրաքանչյուր կողմին չի տալիս նկատելի առավելություն եւ ընդհանրապես, պահպանում է գոյավիճակը:

Այս իրողությունը, իր կարգին մտածելու տեղիք է տալիս, որ արտաքին ուղղակի միջամտության բացակայության` հիմնական տեղաշարժերը, առաջընթացները եւ դրանց դիմաց նահանջներն ու հանձնվելները չեն  իրականանում: Այստեղ խոսքը չի վերաբերում զինուժ, նույնիսկ մարդուժ եւ ֆինանսավորում տրամադրելու հսկայական ծավալներին: Հարցը ուղղակի ռազմական միջամտության մասին է, որն այս պահի դրությամբ չի ստացել  միջազգային կանաչ լույս: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, փաստորեն մինչեւ հիմա բանաձեւերի սահմաններում կեցվածքներ  է հրապարակում եւ վետոների առկայության չի  կարող հանգել զինվորական հարձակման իշխանափոխություն իրականացնելու որոշման: ՆԱՏՕ-ն, իր հերթին, թուրքական տարածքների վրա հրթիռներ տեղակայելու համաձայնություններ է հրապարակում, ճշտելով, որ իր կառույցը որոշում չի ընդունել «փրկության» գործողություններ իրականացնելու:

Նույնը կպատահի/ վերաբերում է դիմացի կողմին: Զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանը Իրաքի ճամփով շարունակում է զինել իր դաշնակից Սիրիան, Անկարան ամբաստանում է Մոսկվային զինվորական գերարհեստագիտությամբ Միջին Արեւելքի իր ռազմավարական գործընկերոջը զորակցելու հանցանքով: Մինչ, ոչ սիրիացի այլազգիների ինքնություններ են հայտնաբերվում ընդհարումների ընթացքում սպանված զինյալների շարքերում:

Ինքնապաշտպանության կամ սեփական քաղաքացիներ տարհանելու պատճառաբանությամբ մի կողմից Անկարան Սիրիայի հետ իր սահմանների տարածքում գերարդիական հրթիռներ  է տեղադրում, մյուս կողմից Մոսկվան սիրիական ծովը  պաշտպանում է իր ռազմանավերով: Եւ արտաքին միջամտությունը շարունակվում է իբրեւ անհրաժեշտություն հանկերգվել:

Որեւէ պահի կարող է  դեպի Սիրիա եւ նաեւ այնտեղից դեպի արտաքին աշխարհ հաղորդակցությունը վերստին անջատվել: Լրատվադաշտը հերթական անգամ կողողվի վերջին հանգրվանի բնութագրումներով, ընդհարումների ճակատագրականության մասին վերլուծումներով: Լույսը կբացվի, դիրքերը կմնան նույնը` ընդհանուր առմամբ: Մի գոյավիճակ, հայտնված` թուրքական հրթիռների եւ ռուսական ռազմանավերի միջեւ աքցանված Սիրիայի տարածքում:  Փոխվողը` զոհերի թիվն է. նաեւ` քանդման տարողությունը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը