Լրահոս

29.11.2012 17:04


Օրակարգում` լիցենզավորման գործընթացի բարելավումը

Օրակարգում` լիցենզավորման գործընթացի բարելավումը

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը։

Լիցենզավորման գործընթացն առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի և անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն է: ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես լիազոր մարմին, դրանով պետք է պայմաններ ապահովի և նպաստի լիցենզավորվող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների անվտանգության և որակի շարունակական բարելավմանը, միևնույն ժամանակ ՀՀ կառավարության բիզնես միջավայրի բարելավման ծրագրի կողմից ներկայացվող պահանջների համաձայն, պետք է հնարավորինս պարզեցնի, թափանցիկ և մատչելի դարձնի լիցենզավորման գործընթացը:

Ներկայացնելով իրավիճակը` ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը նշեց, որ գործող օրենքով առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա են կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը, դեղերի արտադրությունը, դեղատնային գործունեությունը, գենետիկ  ինժեներիայի գործունեությունը, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը։ Ընդ որում, գենետիկ ինժեներիայի գործունեությունը լիցենզավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով և անժամկետ` հաշվի առնելով  տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների առկայությունը։

Լիցենզավորման գործընթացը կարգավորող որոշումներով պարբերաբար սահմանվող փոփոխությունների արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ գործող փաստաթղթերի միջև առաջացել են բավական անհամապատասխանություններ:  Ինչը պարտադրում է  վերանայել ողջ օրենսդրական բազան` առավելագույնս համապատասխանեցնելով լիցենզավորման նպատակներին և սկզբունքներին։

Օրախնդիր է դարձել բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ պահանջների ու պայմանների վերանայումն ու արդիականացումը։

Քննարկման արդյունքում այս համատեքստում, ի թիվս այլ գործողությունների, կարևորվեցին.

}  լիցենզիաների անժամկետ գործունեության վերանայումը,

}  դեղորայքի մեծածախ վաճառքի լիցենզավորում,

}  բազմապրոֆիլ հիվանդանոցներում անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների առկայության պարտադիր դրույթը,

}  մարզային մակարդակում կադրերին ներկայացվող պահանջների վերանայումը,

}  բժշկական օգնության և սպասարկման տեսակների և մասնագիտությունների ցանկերի վերանայումը (ներառելով հանրային առողջապահության մասնագետի և բժշկական/կլինիկական հոգեբանի ավելացումը` նրանց  գործունեության ոլորտների  սահմանումով),

}  բուժօգնության բոլոր տեսակների համար անհրաժեշտ հագեցվածության սահմանումը:

Լաբորատոր ախտորոշման ոլորտում ոչ որակյալ կամ անբարեխիղճ հետազոտությունները նվազագույնի հասցնելու և ախտորոշիչ ծառայությունների որակն ու հավաստիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվեց վերանայել լաբորատոր ախտորոշիչ ծառայությունների լիցենզավորման պայմանները և աշխատանքներ տանել հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիա ստեղծելու կամ եղածներից մեկն այդպիսին ճանաչելու համար։

Իսկ բժշկական կադրերի մասնագիտական գիտելիքների ու հմտությունների ապահովման նպատակով կարևորվեց բժշկական կադրերի լիցենզավորման/արտոնագրման/գրանցման ինստիտուտի ներդրումը: Նշվեց, որ առողջապահության մասնագետ­ների նվազագույն որակավորման պահանջը երաշխավորելու, շարունակական բժշկական զարգացման վերա­հսկումը և որակավորման հավաս­տումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շարունակական բժշկական կրթության համա­կարգում ձևավորել անհա­տական կրեդիտների կուտակման, պահպանման և փոխանց­ման միաս­նական համակարգ։

Կոլեգիայի հավանությանն արժանացավ  առողջապահության ոլորտի կադրերի արդյու­նավետ կառավարման, հա­մա­կարգի ստեղծման, պահպանման, տվյալների վերլուծության նպատակով ՀՀ բուժաշխատողների ռեգիստրի` տվյալների միաս­նական էլեկտրոնային շտեմարան/համակարգի ստեղծումը։

Կոլեգիան դրական գնահատական տվեց լիցենզավորված կազմակերպությունների թվայնացված բազայի ստեղծմանը և հանձնարարեց շարունակել գործընթացը:

Նշվեց, որ հասունացել է բժշկական օգնություն իրականացնող գերատեսչական ենթակայության կազմակերպությունների լիցենզավորման կամ դրան համարժեք գործընթաց նախաձեռնելու համար անհրաժեշտ հիմքեր նախապատրաստելու հարցը:

Միաժամանակ որոշվեց հայտատուների կողմից ներկայացվող փաստաթղթերում կեղծիքների և խեղաթյուրված տվյալների ներկայացման բացառման և գործընթացի պարզեցման նպատակով աշխատանքներ տանել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թվայնացված բազա մուտքի հնարավորության ապահովման ուղղությամբ:

Ներկայացված գործողությունների արդյունքում կապահովվի լիցենզավորման գործընթացի առավելագույն պարզեցում և մատչելիություն, ինչպես նաև սահմանված պահանջների նկատմամբ առավել արդյունավետ մոնիտորինգ և վերահսկողություն:

Կերաշխավորվի բնակչությանը մատուցվող ծառայությունների անվտանգությունը և որակի շարունակական բարելավումը:

«Լիցենզավորումը մեր գործունեության ամենակարևոր ոլորտներից մեկն է և այդ  գործընթացի բարելավումը շատ արդիական է։ ՀՀ կառավարության որոշումը հնարավորություն է տալիս առանց տեղում ուսումնասիրելու` միայն ներկայացված փաստաթղթերով առաջնորդվելով, լիցենզիա տրամադրել։ Ինչը, փաստորեն, հայտատուների կողմից չարաշահվել է։ Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները մտահոգության տեղիք են տալիս։ Մարզային այցերի ընթացքում ինքս նույնպես ականատես եմ եղել նման փաստերի։ Հետևաբար հանձնարարել եմ այլևս առանց տեղում ուսումնասիրելու լիցենզիա չտրամադրել։ Բոլոր բուժհաստատությունները պետք է լիովին բավարարեն սահմանված պայմաններն ու պահանջները։ Սահմանված կարգով լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել դատարանի կողմից։ Իսկ նախարարությունը օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է լիցենզիայի գործողությունը կասեցնել։ Շահարկումներից զերծ մնալու համար այստեղ մենք պետք է հստակ կանոններ ունենանք։

Հասունացած խնդիր է նաև կադրերի լիցենզավորման բացը։ Անտրամաբանական չէ՞, որ այս կամ այն կաբինետը լիցենզավորվում է, իսկ այնտեղ աշխատող մասնագետը` ոչ։

Այս ոլորտը կանոնակարգելու նպատակով ուղղակի պարտավոր ենք խստացնել պահանջներն ու հսկողությունը։ Մենք պետք է հասնենք նրան, որ բնակչությունը վստահի լիցենզավորված կազմակերպություններին»,-ամփոփելով հարցի քննարկումը, ասաց նախարար Դումանյանը։

Կոլեգիան հաստատեց ներկայացված որոշման նախագիծը և հանձնարարեց կազմել հստակ ժամանակացույց ու պատասխանատուներ` այն կյանքի կոչելու համար։

Օրակարգում նաև մարզային բժշկական կազմակերպությունների բժշկական կադրերով համալրման մասին տեղեկատվական հարցն էր, ինչի առթիվ ևս կոլեգիան համապատասխան որոշում կայացրեց։

 

Այս խորագրի վերջին նյութերը