Լրահոս

10.11.2012 11:52


ՀՀԿ–ի փուչիկների գործով դատապարտվածին օգնելու համար դրամահավաք է սկսվել

ՀՀԿ–ի փուչիկների գործով դատապարտվածին օգնելու համար դրամահավաք է սկսվել

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի և հարյուրավոր երիտասարդների մարմնական վնասվածքների գործով մեղավոր ճանաչված Սերոբ Բոզոյանին օգնելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և ՀՀ քաղաքացիներ դրամահավաք են սկսել: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է գրող, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, ով ևս այդ դրամահավաքի նախաձեռնող խմբի անդամ է:

«Այս շաբաթվա կտրվածքով իրադարձություններից մեկն այն  էր, որ բացահայտվեց նաև այն փաստը, որ հայտնի փուչիկների գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը ծայրահեղ ծանր վիճակում է, որովհետև նա ունի նաև քաղցկեղ: Այդ հանգամանքը հաշվի չի առնվել դատարանում և չի մեղմացվել դատավճիռը: Դրա հետ մեկտեղ իր հոգեբանական ծանր իրավիճակից նրա մոտ սկսվել է ներքին արնահոսություն, և նա ֆինանսապես անկարող է դիմել բժիշկներին:

Այս շաբաթ նաև պարզվեց, որ ՀՀԿ–ն ոչ միայն նրան դատապարտել է  ապօրինի ազատազրկման, այլև չի վճարել փուչիկների լիցքավորման ծառայության համար նախատեսված գումարը»,–ասել է Զառա Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ երբ այդ ամենը հայտնի է դարձել, մի խումբ մարդիկ դրամահավաք են նախաձեռնել:

Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն փոխանցել է 100 հազար դրամ: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել, կարող են կապվել Զառա Հովհաննիսյանին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով:

Սկզբում ակտիվիստները պատրաստվում են հոգալ նրա բժշկական ծախսերը, որոնք կազմում են 160 հազար դրամ, ապա նաև օգնել Բոզոյանի ընտանիքին, որը ծայրահեղ ծանր վիճակում է, քանի որ ընտանիքի միակ կերակրողն ինքն է:

Այս խորագրի վերջին նյութերը