Լրահոս

29.10.2012 20:29


Վրաստանում փորձում են կրճատել մայրական մահացությունների թիվը

Վրաստանում փորձում են կրճատել մայրական մահացությունների թիվը

Նախածննդյան խնամքը և հղի կանանց սոցիալական ապահովությունը Վրաստանում բարելավվման կարիք ունեն, հատկապես երբ խնդիրը վերաբերում է բարձր ռիսկային ծննդաբերության դեպքերին:

Վրաստանում շարունակում է պահպանվել մայրական մահացության բարձր ցուցանիշը, և մասնագետները նշում են, որ պատճառը առողջապահության ցածրորակ համակարգն ու հասարակության իրազեկման ցածր մակարդակն է:

Իշխանությունները խոստացել են 2/3-ով կրճատել հետծննդյան ժաանակահատվածում մայրական մահացությունների թիվը մինչև 2015 թվականը: 

Մայրական մահացության դեպքերի մասին տեղեկությունները հաճախ են շրջանառվում վրացական լրատվամիջոցներում: Վերջին ամիսների ընթացքում հեռուստատեսության լրատվական թողարկումներով ծննդաբերության ընթացքում կամ հետծննդյան բարդությունների հետևանքով մայրերի մահացության 7 դեպք է լուսաբանվել:

ՄԱԿ-ի համաձայն, որի Մայրական մահացության ցուցանիշը հաշվարկվում է հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում գրանցված մահացության դեպքերի քանակի վրա, 1990 թվականից մեկ տասնամյակ անց Վրաստանում այս ցուցանիշը աճել է 20 տոկոսով ՝ 100 000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացության դեպքերը 41-ից հասել էին 70-ի: Այս ցուցանիշը մի փոքր կրճատվեց, երբ 2005-ին պարզվեց, որ ՄԱԿ-ի տվյալներով Վրաստանում 100 000 ծննդաբերության ժամանակ 66 մայր է մահանում: Այնուամենայնիվ, ներկայում երկիրը մեծապես զիջում է ԵՄ պետություններին և նախկին խորհրդային հանրապետություններին՝ Ռուսաստանին, որտեղ 100 000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացության դեպքերը 34 են, և Հայաստանին, որտեղ 100 000 ծննդաբերությունից 30-ը կարող են մոր մահվամբ ավարտվել: 

«Թեև մայրական մահացության ցուցանիշի անկման խրախուսիչ միտումներ են նկատվում, դրանց թվային պատկերը դժվար է ներկայացնել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անգամ այն դեպքում, երբ մահացությունն արձանագրող համակարգերը համեմատաբար որակյալ են, մայրական մահացության ոչ բոլոր դեպքերն են արձանագրվում՝մահվան պատճառների սխալ դասակարգման հետևանքով»,–նշում է Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի [UNICEF] մամլո խոսնակ Մայա Կուրցիկիձեն:

Նրա խոսքերով, մայրական մահացությունների արդյունավետ կանխարգելումը նախածննդյան մայրական խնամքի բարձրակարգ մասնագետների եւ որակյալ բժշկական մասնագիտական օգնության առկայություն է պահանջում:

«Կանանց ունեցած գիտելիքները նախածննդյան խնամքի եւ ծննդաբերության մասին նույնպես շատ կարեւոր են: Հղի կանայք, ովքեր ռիսկային խմբերին են պատկանում, ավելի մեծ աջակցության եւ վերահսկողության կարիք ունեն, իսկ այս հանգամանքը հաշվի չի առնվում: Բժշկական մասնագիտական աջակցության ծրագիրը հասանելի է բոլոր հղի կանանց, սակայն այն լուրջ բարելավման կարիք ունի», - ասում է նա:

Առողջապահության նախարարության՝բժշկական մասնագիտացման որակը վերահսկող գործակալության տնօրենի պաշտոնակատար Իվանե Փոխվերիշվիլին հավաստիացնում է, որ միջոցներ են ձեռնարկվում հնարավոր բժշկական անփութության դեպքերը քննելու նպատակով:

Նրա խոսքերով՝ վերջին երկու տարիների ընթացքում ծննդաբերության ընթացքում կամ հետծննդյան ժամանակահատվածում գրանցված մայրական մահացության 5 դեպքերի նախաքննությունների արդյունքում՝10 բժիշկների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել: 

«Նրանցից երեքը զրկվել են իրենց պետական լիցենզիաներից 6 ամսով, մյուսը՝ 3 ամսով, իսկ մնացած 6 բժիշկները գրավոր նկատողություն  են ստացել»,–ասում է Փոխվերիշվիլին: 

Ծննդաբերած կանայք իրենց հերթին նշում են, որ մասնագիտական որակների եւ ողջ համակարգի մասին մտահոգությունները չեն սահմանափակվում մի քանի բժիշկներով:

Նեստան Լոնդարիձեն, ով մայրաքաղաք Թբիլիսիում է ծննդաբերել կեսարյան հատումով, խիստ դժգոհ է մնացել ծննդատան բժշկական անձնակազմից:  

«Երբ երեխաս ծնվեց, բժիշկը գնաց և ընտանիքիս անդամներին ասաց, որ իմ վիճակը լավ է, բայց երեխան շնչառական խնդիրներ ուներ, նրա թոքերը խցանված էին, չնայած ես ինքս էի տեսել, թե ինչպես էր լաց լինում ծնվելուց: Պարզվեց, որ նրանք մոռացել էին մաքրել երեխայի քթանցքները»,–պատմում է մայրը:

«Բժիշկները դա «չնչին վրիպակ» որակեցին, բայց ես որոշեցի հեռանալ այդ ծննդատնից, որովհետև մեզ այնտեղ պատշաճ կերպով չէին խնամում, իմաստ չուներ այնտեղ մնալը: Էլ չխոսենք այնտեղ հիգիենայի պայմանների և բժշկական անձնակազմի անտարբերության մասին: Ոչ ոք անգամ չնկատեց, որ ես բարձր ջերմություն ունեի, երբ հեռանում էի ծննդատնից»,–վերհիշում է նա:  

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի անցկացրած  հետազոտության համաձայն՝ Վրաստանում հնարավոր կլինի կրճատել մայրական մահացությունը կանանց հղիության հետ կապված ռիսկերի մասին ավելի լավ իրազեկելու միջոցով, օրինակ` հնարավորություն տալով նրանց իմանալ, թե որոնք են հնարավոր բարդությունների առաջին նախանշանները, ինչու է անհրաժեշտ դրանց հայտնաբերման դեպքում անմիջապես բժշկի դիմել եւ ինչ վտանգ են նրանք ներկայացնում առողջական այլ խնդիրների խորացման տեսանկյունից:

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրաժարվեց մանրամասն մեկնաբանել մայրական մահացության մասին հարցերը՝ միայն նշելով, որ գոյություն ունի «հիվանդությունների շուտափույթ հայտնաբերման, բուժման և կանխարգելման ծրագրերի ողջ համակարգ»: 

Այնուամենայնիվ, Կուրցիկիձեի կարծիքով՝ «մայրական մահացության հիմնական պատճառները ծառայությունների անհասանելիությունն է, ինչպես նաև բարդությունների բացահայտման և համապատասխան միջոցների ձեռնարկման պակասը և մայրերի ու նորածինների նկատմամբ համապատասխան խնամքի բացակայությունը: Արյունահոսությունը, հետծննդաբերական վարակները և հղիության հետ կապված հիպերտենզիան են նպաստում հետծննդյան շրջանում մայրերի մահացությանը»:

Վերջերս Վրաստանում անվճար առողջապահական համակարգը փոխարինվել է մասնավոր բժշկական ապահովագրության համակարգով: Մարդիկ կարող են կամ մասնավոր բժշկական ապահովագրություն ընտրել կամ միանալ անվճար պետական բժշկական ապահովագրական փաթեթներին, որոնք նախատեսված են առավել անապահով խավերի համար, բայց նույնիսկ այս փաթեթներին միանալու դեպքում հիվանդը պետք է վճարի դեղորայքի եւ բուժման արժեքի մի մասը: Բժշկական ծառայությունների վճարովի կամ անվճար լինելը պայմանավորված է նրանով, թե որ «պետական ծրագրի» մեջ են նրանք մտնում: Օրինակ` մոր և մանկան խնամքի ծրագիրն անվճար է, բացառությամբ բարձր վտանգ ներկայացնող դեպքերի, երբ հիվանդից պահանջվում է հոգալ ծախսերի 25 տոկոսը:

Ինչպես IWPR-ին նամակով տեղեկացրեց Վրաստանում համաշխարհային բանկի գրասենյակի առողջապահության գծով մասնագետ Նինո Մորոշկինան, «Վրաստանում կանխիկ գումարով գործարքների թիվը շատ մեծ է, ինչի հետեւանքով տուժում են աղքատ ընտանիքները»:  

Նինո Տլաշաձեն, որը ներկայում իր երկրորդ երեխային է սպասում, հրաժարվել էր նախածննդյան խնամքից՝ այն չափազանց թանկ համարելով, բայց հետո ստիպված էր եղել 1450 լարի (875 դոլար) վճարել կեսարյան հատման համար: 

«Յուրաքանչյուր հետազոտությունը 200 լարի արժե, իսկ առաջին բժշկական այցն ավելի թանկ է: Իսկ եթե հղիության ընթացքում բարդություններ են ունենում, ավելի շատ ես վճարում»,ևդժգոհում է նա:

Նինոն ասում է, որ իր բժշկական ապահովագրությունը հոգում է միայն մի քանի ընդհանուր ստուգումների և 3 բժշկական հետազոտությունների ծախսերը՝ հղիության 13-րդ, 24-րդ և 38-րդ շաբաթներին:

«Դա շատ քիչ է, հատկապես երբ հղի կինը խնդիրներ է ունենում: Օրինակ, ինձ անհանգստացնում էր իմ արյան ճնշումը, եւ եթե սպասեի մինչև հղիության 13-րդ շաբաթը, որպեսզի բժշկական հետազոտության գնայի, ապա կվտանգվեր թե՛ իմ, թե՛ երեխայիս կյանքը: Պետական ծրագիրը ոչինչ չի առաջարկում ռիսկային խմբերին պատկանող կանանց»,–համոզված է նա:

Նինո Գվեդաշվիլի,

Կովկասյան լրատու 

Այս խորագրի վերջին նյութերը