Տնտեսական

09.06.2009 15:31


Ո՞ր երկրում է գործում նման համակարգ

Ո՞ր երկրում է գործում նման համակարգ

Հարկային փаթեթի վերաբերյալ ԱԺ քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն իր ելույթում անդրադարձել է առաջարկվող օրենսդրական փոփոխության մի քանի կարևոր դրույթների՝ համեմատելով միջազգային փորձի հետ։

Այս երկու շաբաթների ընթացքում օրենսդրական փաթեթը քննարկվել է տարբեր մակարդակներով և այստեղ ամեն ինչ պարզ է: Սակայն մեկ հարց մնաց բաց բոլորի համար: Ի վերջո ո՞ր երկրում է գործում նման համակարգ, որտե՞ղ գոյություն ունի մասնավոր բիզնեսի նկատմամբ այնպիսի տոտալ վերահսկողություն, որն առաջարկում է կառավարությունը: Ինչ է ասում այսպես կոչված միջազգային փորձը:

Զուգահեռներ էին բերվում խորհրդային տարիների հետ, սակայն այն ժամանակ համակարգն ուրիշ էր, առկա էր բացառապես պետական սեփականությունը:

Ներկայացնեմ միջազգային փորձը: Մասնավոր սեփականության և տոտալ վերահսկողության համադրություն գոյություն է ունեցել մի երկրում, որը մեզ հայտնի է որպես... ֆաշիստական Գերմանիա: Այնտեղ առկա էր մասնավոր սեփականություն, սակայն սեփականատերը ազատ չէր, նա ենթարկվում էր պետական-օլիգարխիկ շրջանակներին: Ավելին, եթե մեզ մոտ մոնոպոլիստական համակարգը քողարկված է, այնտեղ ամեն ինչ արվում էր բավական թափանցիկ: Գերմանիայում ամբողջ երկրի տնտեսությունը ենթարկվում էր խոշոր մոնոպոլիստական կապիտալի շահերին: Ստեղծվել էր Տնտեսական գլխավոր խորհուրդ, որի անդամներն էին Գերմանիայի խոշոր օլիգարխները: Իսկ տնտեսական ամբողջ դաշտը աշխատում էր այդ օլիգարխիկ համակարգի ցուցումով: Ֆեոդալական կարգերը խորացան նաև գյուղատնտեսությունում: Որպեսզի պատկերացնեք, դա մի իրավիճակ էր շատ մոտ մեր մարզային ֆեոդալական կառուցվածքին:

Տնտեսական համակարգում սրանով համեմատություններն ավարտվում են:

Մնացածը' տարբերություն է.

1. Գերմանիայում Ռեյխսբանկի նախագահի առաջարկած զարգացման ծրագրով ավելացվում է արտահանումը, նվազում է երկրի կախվածությունը ներմուծումից, խիստ վերահսկոողություն է սահմանվում ներմուծման նկատմամբ: Մեզ մոտ հակառակը' Հայաստանի Կենտրոնական բանկն ամեն ինչ արեց ազգային արտադրությունը քանդելու և ներմուծումը ավելացնելու համար:

2. Գերմանիան վարում էր արդյունաբերական քաղաքականություն, Գերինգի պետական կոնցեռնում մտնում էին արտադրական ձեռնարկություններ: Մերոնք զբաղված են սրճարաններով, սուպերմարկետներով և, իհարկե, ներմուծմամբ:

3. Գերմանիայում չէր խրախուսվում օլիգարխների լկտի և սանձարձակ պահվածքը, չէր խրախուսվում շռայլությունն ու ճոխությունը: Հայաստանում համեստությունն ամոթ բան է, հարգի է անհարգանքն ու առհամարանքը մյուսների հանդեպ:

4. Գերմանիայի օլիգարխներից պահանջվում էր վաստակած գումարները ներդնել երկրի տնտեսությունում: Հայաստանում ներմուծմամբ գումար են վաստակում և մսխում արտերկրում:

5. Երիտասարդ գերմանացուն դաստիարակում էին' սոցիալիզմը նշանակում է, որ ընդհանուրը բարձր է քո սեփական շահերից, սոցիալիզմը նշանակում է մտածել ոչ թե սեփական անձի մասին, այլ ազգի և պետության: Հայաստանում ամեն-ինչ արվեց քաղաքացուն էգոիստ և կաշառակեր ստրուկ դարձնելու համար: Հայ մարդը դադարել է հասարակական էակ լինելուց:

Սակայն կարևոր մեկ նմանություն կա քաղաքական դաշտում' այնտեղ էլ էին անցկացվում □ազատ և արդար□ ընտրություններ, սական ձևավորվում էր փաստացի միակուսակցական համակարգ: Բայց տեսեք հասարակական տրամադրությունների էվոլյուցիան: Գերմանացիները պարտված ազգից վերածվեցին հպարտ և հավակնոտ ազգի: Անկախությունից հետո Հայաստանում ընդհակառակը' շատացան իրենց ազգային շահերին ուրացողներն ու տարածքներ հանձնել ցանկացողները: Մինչ օրս մեր լրատվամիջոցները զաբղված են ամոթալի գործով' ծաղրում են անկախությունը, ծաղրում են մեր պատմությունը: Գերմանացիները քարոզում էին հայրենասիրություն, իսկ այստեղ ստրկամիտներն ու տգետները ծաղրում են «հայրենասիրություն» հասկացությունը:

Սակայն կա մեկ այլ, ամենամեծ և ամենակարևոր տարբերությունը:

Հայաստանում մինչ օրս ոչ մի ղեկավար չի խոստովանել իր սխալները, մինչ օրս ոչ ոք չի վերցրել պատասխանատվությունը այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել մեր երկրում անկախությունից հետո: Նույնիսկ այս հասարակ ձախողված փաթեթի դեպքում, հասկանալով, որ չափն անցել են, չեն ուզում ետ տանեն, քանի որ, ըստ իրենց հասկացության, սխալը խոստովանելն ամոթ է:

Երբ ֆաշիստները հասկացան, որ տանուլ են տվել երկիրը, երբ հասկացան իրենց ֆիասկոն, երբ ընկալեցին, թե ուր են հասցրել պետությունը, նրանց վերնախավն ունեցավ այդ թասիբը և... ինքնասպան եղավ: Նման բան չենք ցանկանում ոչ մեկին, բայց կա նաև այլ միջոց: Անցած շաբաթ արտահերթ նիստի ժամանակ իմ գործընկերներն անընդհատ ուզում էին ճշտել թե ինչ գործիքներ ձեռքի տակ ունեն մեր երկրի պատասխանատուները այս իրավիճակից դուրս գալու համար: Միանգամից ասեմ, ձեռքի տակ եղած ամենաանարյուն և արդյունավետ միջոցը թուղթն ու գրիչն են:

Իսկ ինչ վերաբերում է այս օրենքի նախագծին, ապա ասեմ, որ կողմ քվեարկելով դուք կքվեարկեք տնտեսական ապազգային լիբերալ ֆաշիզմի ձևավորման օգտին: Գուցե և ավելի լավ լինի' կարագանան պրոցեսները: Եվ ամեն ինչ կհասնի իր տրամաբանական ավարտին...

 

Այս խորագրի վերջին նյութերը