Տնտեսական

08.06.2009 15:21


Ջուրը խնայողաբար օգտագործելով՝ բնակիչը նպաստում է սակագնի բարձրացմա՞նը

Ջուրը խնայողաբար օգտագործելով՝ բնակիչը նպաստում է սակագնի բարձրացմա՞նը

«7օր»-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է սպառողների խմելու ջրի մանրածախ մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագինը հուլիսի 8-ից բարձրացնել 8,2 դրամով՝ դարձնելով 181 դրամ։

Ըստ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ ընկերության հասույթից են կախված նաև վերջինի մատուցած ծառայությունները, իրականացրած ծրագրերը։ Իսկ հասույթն էլ ձևավորվում է վաճառվող ջրի քանակից, ինչը նվազել է։

Փաստորեն, օրինակ, ջուրը խնայողաբար օգտագործելով՝ բնակիչը նպաստում է սակագնի բարձրացմա՞նը։ Ռ. Նազարյանի խոսքերով՝ սովորաբար մեկ բնակիչն օրական պետք է եթե ոչ 250, ապա ամենաքիչը 125 լիտր ջուր օգտագործեր։ Սակայն Հայաստանում այդ թիվն իջել է՝ հասնելով 90 լիտրի։ Ջուրն սկսել են տնտեսել նաև արդյունաբերական ձեռնարկությունները։ 

-Ես, իրոք, զարմանում եմ, որ մեր բնակչությունը կարողանում է հաշվիչներ տեղադրելուց հետո այսքան ջուր տնտեսել, որովհետև մենք միջին եվրոպական մակարդակից շատ ավելի քիչ ջուր ենք ծախսում։ Այն դեպքում, երբ եվրոպացին իր լվացքը դրսում է անում, իսկ մենք, գրեթե 99%-ով, տանը։ Բացի այդ, բուրդն ու խալին էլ տանն են լվանում։ Ուրեմն, մենք պետք է ավելի շատ ջուր ծախսող լինեինք։ Հարցեր են, որոնց պատասխանները ես դեռ չունեմ,- ասել է Ռ. Նազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը