Խմբագրական

05.06.2009 13:53


Զսպանակը սեղմվում է

Զսպանակը սեղմվում է

            Երևանի ավագանու ընտրության արդյունքները՝ քաղաքական նոր զարգացումների սկիզբ են դնում։ Ստացվում է այնպես, որ իշխանության համար պայքարը մասամբ տեղափոխվում է կուլիսներ։

Վերջին ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն էր, որ հակամարտությունը ոչ միայն և ոչ այնքան իշխանություն-ընդդիմություն, որքան իշխանական կոալիցիան ներկայացնող ՀՀԿ-ԲՀԿ հարթության մեջ էր։ Ինչո՞վ էր սա պայմանավորված։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած իշխանությունը պետք է գործի «Պետությունը ես եմ ու միայն ե՛ս, ե՛ս, ե՛ս» սկզբունքով։ Հետևաբար, ընտրություններով պետք էր ապահովել միանձնյա իշխանություն։ Սա շատ լավ հասկանում էին, նախևառաջ, իշխանության ներսի մարդիկ, և ներիշխանական պայքարն ավելի թեժ դարձավ, քանի որ «Եսը» աչք է դնում բոլորի սեփականության վրա։ Անխտի՛ր բոլորի։

Իշխանության քունը չի տանում այն մտքից, որ մարդիկ կարող են սեփականություն ունենալ՝ լինեն դրանք փոքր, միջին կամ խոշոր տնտեսվարողներ. իսկական բոլշևիզմ։ Այդ մտածողությունը չի ենթադրում գործընկերներ, կուսակիցներ և այլն։ Կոալիցիան, հանրային խորհուրդը, ԱԺ-ն, կառավարությունը և այլ կառույցներ՝ իշխանությանն սպասարկող ձևական և ոչինչ չորոշող կառույցներ են։ Իրականում, իշխանություն ասելով, Հայաստանում պետք է հասկանալ մարդկանց շատ նեղ խումբ, ովքեր համախմբված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը։ Այդ տեսանկյունից նույնիսկ ՀՀԿ-ն իշխանություն չէ, քանի որ կառավարչական որոշումների ընդունման վրա գրեթե ազդեցություն չունի։

Այսպիսով, մեզանում գործում է խմբիշխանություն՝ օլիգարխիա, որը ոչ ֆորմալ, արտաիրավական և արտաքաղաքական խաղի կանոններով է առաջնորդվում։ Այդ օլիգարխիայից դուրս գտնվողները համարվում են «չուժոյներ»՝ նույնիսկ եթե նրանք կոալիցիոն գործընկերներ են, համակիրներ և այլն։ Գործող օլիգարխիան ձգտում է մեկ կենտրոնում պահել երկրի բոլոր ֆինանսական ռեսուրսները, որոնց օգնությամբ կկարողանա պահել նաև քաղաքական իշխանությունը և հավերժացնել այն։ Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ երևանյան ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն, որն օլիգարխիայի կուսակցական ֆասադն է, դաժան հակամարտության մեջ էր Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչների հետ։

Փաստենք, որ Հայ ազգային կոնգրեսն այս անգամ, կարելի է ասել, 2008թ.-ի  ավյունը չուներ և տեղերում գրեթե կռիվ չտվեց։ Իսկ դա նշանակում է, որ արտաքին դիմադրություն չզգալով՝ այժմ իշխանական օլիգարխիան, որը ղեկավարում են Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը, լծվելու են սեփականության վերաբաշխման վաղուց ծրագրված աշխատանքների իրականացմանը։ Պատահական չէ, որ հարկային նոր փաթեթով նախատեսվում է, փաստացի, լրտեսներ և կառավարիչներ նշանակել խոշոր բիզնեսում։ Այդ ամենը ներկայացվում է ստվերային տնտեսության դեմ պայքարի անվան տակ, սակայն իրականում «մեկ մարդու տնտեսություն» կառուցելուն է միտված։

ԲՀԿ-ում շատ լավ էին գիտակցում օլիգարխիայի սպասվող քայլերի տրամաբանությունը և փորձեցին չեզոքացնել սեփականության վերաբաշխման վտանգը։ Թե ինչքանո՞վ դա ստացվեց, ցույց կտան ժամանակը և ԲՀԿ-ի հետագա վարքագիծը։ Եթե կուսակցությունը համաձայնի տեղական պորտֆելներ (թաղապետների և այլն) ստանալու առաջարկին, ապա դա ճակատագրական սխալ կլինի Գագիկ Ծառուկյանի և իր թիմի համար. Արթուր Բաղդասարյանի և այլոց օրինակը պետք է հուշի այդ մասին։ ԲՀԿ-ի համար ճիշտն այն կլինի, որ իրենք վերցնեն ավագանու մանդատներն ու, սկզբի համար, դառնան երևանյան իշխանության ընդդիմախոսը՝ առանց որևէ գործադիր պաշտոնի, իսկ հետագայում աստիճանաբար դուրս գան իշխանական կոալիցիայից ընդհանրապես։

Նկատենք, որ կոալիցիայի հետագա քայքայումն անխուսափելի է, քանի որ Սերժ Սարգսյանը հանգամանքների բերումով էր այն կազմել և սպասվող ապահարզանի նախաձեռնողն ինքն է լինելու։ Այնպես որ, եթե ԲՀԿ-ն ուզում է փրկել իր դեմքը, ապա ժամանակի ընթացքում ինքն առաջինը պետք է լքի խորտակվող կոալիցիան։

Ինչ վերաբերում է կոալիցիոն մյուս կողմին՝ ՕԵԿ-ին, ապա, ամենայն հավանականությամբ, այն կարող է լուծարվել և միանալ Հանրապետական կուսակցությանը։ Եվ դա տրամաբանական կլինի։ Դատե՛ք ինքներդ. ՀՀ նախագահի հոգեզավակ Արթուր Բաղդասարյանն այնպիսի ջանասիրությամբ է քարոզում Սերժ Սարգսյանի «թուրքական» գիծը, որ պարզապես գտածո է օլիգարխիայի համար։ Հանրապետականները մասնագիտացած են ընտրությունների «արդյունքներ» ապահովելու գործում, բայց, քիրվայություն անելիս, իրենց սկսնակի պես են պահում։ Իսկ դա չի տեղավորվում իշխանության ծրագրերում, ու այդ առումով Արթուրն Բաղդասարյանն անփոխարինելի է։

Արթուր Բաղդասարյանին ՀՀԿ-ի մեջ մտցնելով՝ իշխանական օլիգարխիան կլուծի մի քանի խնդիր։ Նրա վրայից «կքերվի» նժդեհականության պիտակը, որը, համաձայնեք, հայ-թուրքական հարաբերությունների ներկա օրակարգին բացարձակապես չի համապատասխանում։ Եվ, բացի այդ, ՕԵԿ-ական շարիկշարիկովներով կստեղծվի օլիգարխիայի քաղաքական նոր հենարանը։ Շատ հնարավոր է, որ մերձիշխանական երիտշարիկովները նույնպես «լցվեն» ՀՀԿ. խունվեյբինական շերտը միշտ էլ պահանջված է լինում օլիգարխիկ ավտորիտարիզմով կառավարվող երկրներում։

Ամփոփենք. Երևանի ավագանու ընտրությունների հետևանքով իշխանական «կռուգն» ավելի նեղացվեց, իշխանական օլիգարխիան էլ ավելի մեկուսացավ հասարակությունից։ Իսկ դա պյուռոսյան հաղթանակ է։ Օլիգարխիան դարձավ «կավե ոտքերով հսկա»։ Առաջին հայացքից թվում է, թե իրենք այժմ ուժեղացել են, բայց ընդհակառակը։ Զսպանակը սեղմված է և այդ վիճակը պահելը շատ դժվար է լինելու։ Միևնույն է, ֆիզիկայի օրենքները քաղաքականության մեջ գործում են նույնքան ճշգրիտ, որքան բնության մեջ։ Ուստի պետք է մտածել այն մասին, թե ինչ է լինելու հետագայում։ Կարևորն այն է, որ օլիգարխիայի տապալումն իր փլատակների տակ չթողնի պետությունը և ժողովրդին։ Ա՛յ, այդ մասին պետք է մտածել։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Օլիգարխիան (խմբիշխանությունը) մարդկանց նեղ խումբ է, որն ունի տնտեսական, իրավական, քաղաքական և այլ համակարգերի վրա ազդելու մենաշնորհային հնարավորություն, չի վերահսկվում հանրության կողմից և չունի որոշումներ կայացնելու լեգիտիմության անհրաժեշտ պաշար։ Սա քաղաքագիտական խտացրած ձևակերպում է, որը տրվել է մի շարք փիլիսոփաների (Պլատոն, Արիստոտել, Միխելս և այլն) կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը