Լրահոս

17.07.2012 13:13


ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ բնապահապանության նախարար Ա. Հարությունյանը:

Ողջունելով հյուրերին` փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ա.Գեւորգյանն ընդգծեց, որ Հայաստանը եւ Իրանն արդյունավետ համագործակցում են մի շարք ոլորտներում, եւ կարեւորեց նաեւ բնապահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության խթանումը, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ արժեքավոր էկոհամակարգերի պահպանության ոլորտում համատեղ ռազմավարության եւ միջոցառումների իրականացումը:

ԻԻՀ փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար:ԻԻՀ փոխնախագահը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններից` նկատելով, որ մի շարք ոլորտներում առկա է համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ:

Հանդիպմանը քննարկվեցին հարցեր` ԻԻՀ եւ ՀՀ ընդհանուր սահմանում Բարեկամության եւ խաղաղության այգի հիմնելու, Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման, ջրի որակի բարելավման վերաբերյալ:

Ա. Գեւորգյանը ողջունեց Բարեկամության եւ խաղաղության այգի հիմնելու գաղափարը: Այն բացի կենդանական եւ բուսական հատուկ պահպանվող տարածք լինելուց, կարող է լուրջ խթան հանդիսանալ էկոտուրզմի զարգացման համար: Խոսելով Արաքս գետի ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդրի մասին, ՀՀ փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի համար ջրային ռեսուրսների մաքրության հարցը ռազմավարական նշանակություն ունի`ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին բնապահպանական հիմնախնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են: 
Անդրադարձ կատարվեց նաեւ ԻԻՀ-ում կոյուղաջրերի մաքրման կայանների առաջատար փորձին եւ այն Հայաստանում ներդնելու հնարավորությանը: ՀՀ փոխվարչապետը տեղեկացրեց, որ "Սեւանա լճի բնապահպանական" ծրագրով Սեւանի ափամերձ տարածքներում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների ծրագիր է իրականացվում, եւ իրանական փորձը հայկական կողմի համար կարող է հետաքրքիր լինել:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը