Լրահոս

29.06.2012 10:05


Ուզբեկստանը հայտնել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պատճառը

Ուզբեկստանը հայտնել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պատճառը

Ուզբեկստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  (ՀԱՊԿ) քարտուղարություն հայտագիր է ներկայացրել, որտեղ նշվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Ըստ Ուզբեկստանի ԱԳՆ աղբյուրի՝ կառույցից դուրս գալու պատճառը Աֆղանստանի հարցով ծրագրերի հետ անհամաձայնություններն են: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը։

Պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ` վերջին տարիներին Ուզբեկստանը ցուցադրաբար հրաժարվել է ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցելուց, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծել կազմակերպության այլ անդամների համար:

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ուզբեկստանը որոշում է դուրս գալ ՀԱՊԿ–ից։ 1999թ., երբ հավաքական անվտանգության պայմանագիրը երկարաձգվում էր, Ուզբեկստանը հրաժարվեց այն ստորագրել։ Սակայն 2006թ. երկրի իշխանությունները որոշեցին վերադարռնալ ՀԱՊԿ։ Ընդ որում, այդ ամենը տեղի ունեցավ Ուզբեկստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունների վատթարացման համապատկերի վրա. հարաբերությունների ճգնաժամը պայմանավորված էր Ուզբեկստանում 2005թ. տեղի ունեցած անկարգությունների դաժան ճնշման վերաբերյալ Արևմուտքի պահանջներով ու հավակնություններով։

 Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկիստանն ու Ուզբեկստանը:

Այս խորագրի վերջին նյութերը