Լրահոս

28.06.2012 13:50


Պուտինն Էրդողանին առաջարկել է Սիրիայում խփված ինքնաթիռի միջադեպը «ջրվա՞ծ» համարել

Պուտինն  Էրդողանին առաջարկել է Սիրիայում խփված ինքնաթիռի միջադեպը «ջրվա՞ծ» համարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Երկու երկրների առաջնորդների զրույցի հիմնական թեման եղել է Սիրիայի շուրջը ստեղծված իրավիճակը։ Մասնավորապես քննարկվել է Սիրիայի կողմից խփված թուրքական ռազմական ինքնաթիռի հարցը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Պուտինն Էրդողանին առաջարկել է այլևս չշոշափել խփված ինքնաթիռի թեման ու «անցած համարել»: Ռուսական մամուլը, սակայն, նման տեղեկատվություն չի հաղորդում։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանությունը Թուրքիայի ռազմական ինքնաթիռ էր վայր գցել: Սիրիան պնդում է, թե այն ոչնչացվել է, քանի որ խախտել է իր ջրային սահմանները, իսկ Թուրքիան պնդում է, թե խախտում չի եղել:

ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն դատապարտել է են Սիրիայի գործողությունները։ Շատ փորձագետներ այս ամենը դիտարկում են որպես առիթ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հավակնությունն արդարացնելու համար, թեև թուրքական կողմը հայտարարել է, թե մտադիր չէ  այդ միջադեպի պատճառով պատերազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ։

Այսօր թուրքական մամուլը տեղեկատվություն է տարածել, որ Թուրքիան ծանր տեխնիկա է կենտրոնացրել Սիրիայի հետ սահմանին: 

Այս խորագրի վերջին նյութերը