Լրահոս

15.06.2012 14:32


Բրեյվիկի մայր. «Նա շատ բարի ու հոգատար տղա էր, բայց 2006թ. հանկարծ փոխվեց»

Բրեյվիկի մայր. «Նա շատ բարի ու հոգատար տղա էր, բայց 2006թ. հանկարծ փոխվեց»

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործով դատավարությունը շարունակվում է։ Այժմ դատարանում հնչեցրել են Բերյվիկի մոր՝ Վենկե Բերինգի ցուցմունքները. առողջական խնդիրների պատճառով նա ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան։

«Ռոյթերս»–ի փոխանցմամբ՝ Բերինգը նշել է, որ Բրեյվիկը մանուկ ժամանակ շատ բարի ու հոգատար տղա էր. «Նա շատ լավ էր սովորում, ուներ ընկերներ։ Նա շատ բարի էր ու հոգատար, շատ կապված էր ինձ հետ, օգնում էր ինձ ամեն ինչում»։

Սակայն 2006թ. սկսած, Բերինգի խոսքերով, Բրեյվիկը փոխվել է. «Նա սկսեց խոսել քաղաքականության ու անխուսափելի քաղաքացիական պատերազմի մասին, սկսեց ինձ մեղադրել չափազանց մեծ թվով մարդկանց հետ շփվելու համար՝ պնդելով, թե նրանք վարակիչ են։ Նա սկսեց սեփական սենյակում սնվել, իսկ ափսեները թողնում էր դռան ետևում։ Զբոսնելիս նա ձեռքերով փակում էր դեմքը, իսկ որոշ ժամանակ ընդհանրապես դիմակով էր դուրս գալիս»։

Բերինգը նշել է, թե այդ ժամանակ ինքը հասկացել է, որ որդին խելագարվում է, և նրան օգնություն է հարկավոր։

Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկը մեղադրվում է 77 հոգու սպանության համար։ Հիմնական քննչական հարցն  է՝ արդյոք Բրեյվիկը խելագա՞ր է, թե՞ ոչ։ Եթե նրան հոգեկան հիվանդ ճանաչեն, ապա նա կուղարկվի հոգեբուժարան, իսկ եթե առողջ ճանաչվի, նրան սպառնում է Նորվեգիայի օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատիժը՝ 21 տարվա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը