Քաղաքական

27.05.2009 17:47


ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքը Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքը Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ

Սիրելի երևանցիներ

Մայիսի 31-ին դուք կրկին գնալու եք ընտրատեղամասեր: Անցած ավելի քան մեկ տարին ցույց տվեց, որ այս կամ այն թեկնածուին, այս կամ այն քաղաքական ուժին քվե տալու կոչով դիմելը մեծ հաշվով արդեն անիմաստ է: Հայաստանի քաղաքացին ընդհանրապես, և երևանցին մասնավորապես, արդեն կատարել է իր ընտրությունը. նա ընտրել է ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքակրթությունը: Քաղաքացին արդեն ցույց է տվել, որ տոկուն է և վճռական: Գալիք ընտրություններում Հայ ազգային կոնգրեսին ձայն տալը այդ տոկունության և վճռականության ևս մի դրսևորում է լինելու:

Հայ ազգային կոնգրեսը ներկայացնում են այնպիսի քաղաքական և պետական անձինք, ովքեր մեր երկրի համար ամենածանր տարիներին կարողացան բարեփոխումներ իրականացնել, հաջողությամբ հաղթահարել այն բարդ խնդիրները, որոնք առաջ եկան Հայաստանի անկախացումից անմիջապես հետո: Նրանք պետականաշինության գործում ունեն աշխատանքային մեծ փորձ թե համապետական և թե տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու առումով: Նրանք բարոյական մարդիկ են, կոռումպացված չեն, համարձակ են, հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ, ժողովրդավարության և շուկայական տնտեսության ջատագովն են ու առաջնորդվում են այդ արժեքներով: Ցանկացած հարցում կցուցաբերեն ինստիտուցիոնալ մոտեցում և կստեղծեն քաղաքապետական նոր համակարգ, որն այսօրվա պահանջն է (հաշվի առնելով նաև ճգնաժամը):

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը այն բարձր ինտելեկտուալ գործիչն է, ով ունի կամք, փորձ և սկզբունքայնություն, հավասարակշռված է, և որ կարեւոր է, արկածախնդիր չէ: Նրա մոտ առաջնայինը պետական շահն է, լավագույնս պատկերացնում է միջազգային քաղաքական համակարգը: Ցանկացած ժողովուրդ ամեն ինչ կաներ նման առաջնորդ ունենալու համար: Հաշվի առնելով այս ամենը' ես իմ երեխաների ապագան վստահում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին և այն թիմին, որի անդամն եմ ես:

ԱԺ պատգամավոր

Խաչատուր Սուքիասյան  

Այս խորագրի վերջին նյութերը