Խմբագրական

27.05.2009 12:09


Ժողովրդավարության մեխանիկան

Ժողովրդավարության մեխանիկան

Մի քանի օրից կավարտվի Երևանի ավագանու ընտրություների քարոզչական փուլը։ Նախընտրական խոստումների պակաս չզգացվեց։ Կային նաև ծեծուջարդ, «կոլեկտիվ հայտերով» հանդիպման եկած (բերած) զանգված, ֆոնոգրամայի տակ թռվռացող երգիչ-երգչուհիներ ու նրանց հավասարեցված անձինք և այլն։ Այսինքն, քարոզչության փուլն անցավ հայաստանյան չափանիշներով՝ բոլոր կանոնների համաձայն։ Բայց, ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի շրջանում նախկին էնտուզիազմը չկար։ Էմոցիոնալ ֆոնը համեմատաբար հանգիստ էր։

ՀՀԿ-ն ընտրողների խոսքը շաքարով (ներողություն՝ ասֆալտով) էր կտրում։ ՀԱՍԿ-ը քաղաքական «շաքարաքլորի» կարգավիճակով էր հանդես գալիս։ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները «շաքարային» չէին։ Դե, իսկ ՀԱԿ-ը՝ իշխանափոխության իր ծրագրով, հաստատ, նպաստեց ոմանց շաքարի բարձրացմանը։

Թե ի՞նչ դուրս կգա այս ամենից, շուտով կիմանանք։ Հիմնական մրցակցությունը, թերևս, կլինի ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև։ ՕԵԿ-ը հույս ունի, թե անցած տարվա մարտի 1-ի նախօրեին արված քայլը ևս մեկ անգամ կգնահատվի, և իշխանությունները մի 7% կբաշխեն։ Բայց դա հազիվ թե տեղի ունենա։

Նկատենք, որ համայնքային ընտրությունների դերն ու նշանակությունը հանրության լայն շերտերի շրջանում դեռևս գիտակցված չէ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ, կարծում եմ, մասնակից ուժերին չհաջողվեց ընտրողներին հասցնել տեղական ընտրությունների քաղաքական նշանակությունն ընդհանրապես և Երևանի ընտրությունների կարևորությունը՝ մասնավորապես։ Ցավոք, տեղական ընտրությունների մասին պատկերացումները միջին քաղաքացու համար տեղավորվում են ասֆալտայինից մինչև թաղային «ռազբորկաների» մակարդակում։ Ո՛չ ավելի։ Եվ այդ ամենի պատճառը Հայաստանում գործող քաղաքական ու կառավարման համակարգերն են։ Ըստ այդմ՝ Հայաստանի հետանկախական շրջանի քաղաքական պրակտիկայում համայնքային ընտրությունները չեն ընկալվում որպես «հարց լուծող» գործընթացներ, որովհետև մարդիկ իրենց հոգսերի լուծումը տեսնում են միայն պետության առաջին դեմքի միջոցով։ Հանրային գիտակցության մեջ տեղական իշխանությունը «հարց լուծելու» լիազորություն, «թափ» և, հետևաբար, լեգիտիմություն չունի։ «Իշխանությունը լինում է վերևից և բացարձակ»,-համոզված են շատերը և քաղաքական չեն համարում նույնիսկ խորհրդարանական ընտրությունները։ Նման պատկերացումների արմատավորմանը նպաստում է նաև ընթացիկ քաղաքական կյանքը։ Քաղաքացին տեսնում է, որ ամեն ինչ նախագահի ձեռքում է կուտակված և, ուրեմն, ներքևից ոչինչ փոխել հնարավոր չէ։ Դա է պատճառը, որ նախագահական ընտրությունները մեզ մոտ վերածվում են կենաց-մահու պայքարի և դառնում ճակատագրական. հաղթողը գրեթե շեյխական կարգավիճակ է ստանում, իսկ պարտվողը՝ պարտվում մինչև վերջ։ Համենայնդեպս, այդպես է եղել մինչև հիմա։ Այնինչ զարգացած ժողովրդավարությամբ բոլոր երկրներում հենց տեղակա՛ն ընտրություններում է որոշվում իրական իշխանությունը։ Այսինքն, իշխանության ձևավորումն սկսվում է ներքևից և վերջնակետին հասնում համապետական ընտրությունների ժամանակ։ Սա՛ է իրական ժողովրդավարությունը։

Մեզ մոտ հակառակն է։ Վերևից է որոշվում տեղական իշխանության քաղաքական պատկերը։ Իշխանության էր ՀՀՇ-ն. գյուղերում, քաղաքներում և թաղերում գրեթե բոլորը ՀՀՇ-ական համայնքապետեր էին։ Հիմա ՀՀԿ-ն է իշխանության կուսակցությունը. նույն մարդիկ, չնչին բացառություններով, դարձել են ՀՀԿ-ական։ Վաղը նրանք կդառնան ուրիշ կուսակցության անդամներ ու կամակատարներ, և այդպես անընդհատ, քանի դեռ շարունակվում են քաղաքական այսօրվա բարքերը։

Հետևաբար, անհրաժեշտ է արմատապես բարեփոխել տեղական ինքնակառավարման համակարգը։ Գործադիր իշխանություն-մարզպետարան-համայնք այժմյան հարաբերությունների պարագայում հնարավոր չէ ակնկալել նորմալ ընտրություններ, տնտեսական կյանքի զարգացում, քաղաքական էլիտաների գեներացիա և այլն։ Մարզերում քաղաքական կյանք չկա, դրա համար էլ ամեն ինչ կենտրոնանում է Երևանում։

Ներկա պայմաններում համայնքները վերածվել են ընտրակեղծիքների շտաբների։ Համայնքի շատ ղեկավարներ ձայն վաճառելով են զբաղված. իշխանության համար ապահովում են հրահանգված 40-50%-ը, իսկ մնացածը՝ հանում աճուրդի։ Սա՛ է իրականությունը, և այն հատկապես ցայտուն է գյուղական համայնքներում։

Մեզ կհաջողվի՞ փոխել այս ամենը՝ կունենանք ժողովրդավարական համակարգ։ Չի՞ հաջողվի՝ պետական կառավարման համակարգը կմնա փակ, ընտրակեղծիքները՝ մշտական, իսկ իշխանության համար պայքարը՝ փորձություններով լի։        

Ե՛վ 1995թ. Սահմանադրությունը, և՛ 2005թ. Փոփոխությունները' պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ժողովրդավարական հաշվեկշիռ չապահովեցին։ Ճիշտ է, Սահմանադրության 2005թ. փոփոխությամբ Երևանի իշխանությունների ձևավորումը դարձավ ընտրովի, և դա քայլ առաջ էր, բայց, միևնույն է, դեռևս չկա համայնքային արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ ապակենտրոնացման մոդելը, որի դեպքում մարզերն իրական միավորներ կդառնային, տեղական բյուջեները թույլ կտային համապատասխան քաղաքականություն իրականացնել, և տեղերում կընթանային քաղաքականացված ընտրություններ, որպեսզի քաղաքական էլիտան միայն Երևանում չձևավորվեր։ Այս քայլերը զարգացած երկրները վաղուց են արել և հիմա վայելում են դրանց քաղցր պտուղները։           Իսկ մենք դեռևս պետք է գնանք այդ ճանապարհով, և որքան շուտ, այնքան լավ։              

                                                                                                                                          Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը