Լրահոս

23.05.2012 16:09


Բաղդադում մեկնարկել են «Վեցնյակի» և Իրանի բանակցությունները

Բաղդադում մեկնարկել են «Վեցնյակի» և Իրանի բանակցությունները

Այսօր՝ մայիսի 23–ին, Բաղդադում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները միջազգային միջնորդների «Վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև։ Իրանի պատվիրակությունը ղեկավարում է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, իսկ միջնորդներինը՝ Եվրամիության արտաքին հարցերով և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ բանակցությունները չեն սահմանափակվի մեկ օրով և կշարունակվեն նաև վաղը։ Բանակցությունների հաջող ելքի հույս է ներշնչում նախօրեին Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այցը Թեհրան, որի ընթացքում կողմերը նախնական համաձայնության են եկել Իրանի միջուկային օբյեկտներում ԱԷՄԳ–ի վերահսկողություն հաստատելու շուրջ։

Թեհրանը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ դրանք, միևնույն է, դրական արդյունք չեն տա, և Իրանը հետ չի կանգնի միջուկային էներգետիկայի զարգացման իր ծրագրից։

Այս խորագրի վերջին նյութերը