Լրահոս

14.05.2012 12:16


Ինքնասպանությունների կանխարգելման միջոցն անտարբերության վերացումն է

Ինքնասպանությունների կանխարգելման միջոցն անտարբերության վերացումն է

Այսօր հոգեբան Սամվել Խուդոյանը և հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը խոսել են ինքնասպանությունների պատճառների և դրանց կանխարգելման ճանապարհների մասին։ Սամվել Խուդոյանի խոսքով՝ այս տարի ինքնասպանություններն ավելի շատ էին, սակայն դա չի նշանակում, թե դրանք շատանալու միտում ունեն։

Սամվել Խուդոյանը նշել է, որ սոցիալական խավերը չեն առանձնանում ինքնասպանության հանդեպ հակում ունեցող մարդկանց քանակով։ Նա ասել է, որ ինքնասպանության հանդեպ հակում ունեցող անձինքն ունեն հոգեբանական առանձնահատկություններ՝ դա մարդկանց հատուկ տիպ է, որը խնդիրներին առերեսվելով՝ ընտրում է փախուստի ճանապարհը։

Հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանն էլ կարծում է, որ ինքնասպանությունների աճը կապված է հասարակության մեջ անտարբերության մթնոլորտի հաստատման հետ, որը մարդկանց հասցնում է հուսալքության։ Այդպիսի մարդիկ իրենց անօգնական և միայնակ են զգում։ Ինքնասպանության պատրաստ մարդը կորցնում է ապրելու իմաստը։

Արմեն Ներսիսյանի խոսքով՝ ինքնասպանությունների կանխարգելման հարցում կարևոր դեր ունեն հասարակությունը և մանավանդ՝ ընտանիքը։ Ընտանիքը պետք է թույլ չտա, որ մարդ իրեն միայնակ և անպաշտպան զգա։ Մեկ այլ հանգամանք էլ կա. ինքնասպանության պատրաստ անձը պատասխանատվություն է զգում իր մտերիմների առաջ և նրանց ցավ չպատճառելու համար չի դիմում ծայրահեղ քայլերի։

Բժիշկները միակարծիք էին, որ մարդը, եթե նրա մտքով անցնում է ինքնասպանության գաղափարը, պետք է գիտակցի, որ դա արդեն իսկ խնդիր է, և ինքը պետք է դիմի մասնագետների օգնությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը