Լրահոս

14.05.2012 10:24


Դատախազը ծեծել է «Ռեգնում» գործակալության երևանյան գրասենյակի խմբագրին

Դատախազը ծեծել է «Ռեգնում» գործակալության երևանյան գրասենյակի խմբագրին

«Ռեգնում» տեղեկատվական գործակալության երևանյան գրասենյակի խմբագիր Ռուբեն Գրձելյանը մայիսի 12–ի ուշ երեկոյան դաժան ծեծի է ենթարկվել մի շարք անձանց կողմից, որոնց թվում է եղել նաև Կոտայքի մարզի դատախազներից Մովսես Մանրիկյանը։ Միջադեպը տեղի է ունեցել Երևանում՝ տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, զարմիկի և հղի կնոջ ներկայությամբ։

Վեճը սկսվել է նրանից, որ Գրձելյանի երեխաները մի պահ խանգարել են բակից դուրս եկող մեքենային, որը հավանաբար պատկանում է Մանրիկյանի որդուն։ Դա դուր չի եկել դատախազին, ով վեճի է բռնվել լրագրողի հետ և հարվածել Գրձելյանին։ Մանրիկյանը և իրեն ուղեկցող անձը հարձակվել են Գրձելյանի վրա, իսկ մի քանի վայրկյան անց նրանց են միացել նաև Մանրիկյանի որդին և ևս մեկ անձ։ Չորս հոգով դաժանորեն ծեծել են Գրձելյանին, ով արդեն գետնին է եղել, մինչև որ լրագրողը կորցրել է գիտակցությունը։

Դեպքից անմիջապես հետո Ռուբեն Գրձելյանը բողոք է գրել Երևանի Էրեբունու շրջանի ոստիկանության տեղամասում, բժշկական փորձաքննություն է անցել և գրանցել է ծեծի փաստը։ Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծող անձանց թվում է եղել դատախազության բարձրաստիճան պաշտոնյան։ Դա հայտնի է դարձել հաջորդ օրվա առավոտյան՝ ականատեսների վկայությունից և լրագրողական հետաքննություն սկսած Գրձելյանի գործընկերների խոսքերից։

Աղբյուրը՝ regnum.ru

Այս խորագրի վերջին նյութերը