Լրահոս

28.04.2012 10:15


Այսօր աստղագիտության միջազգային օրն է

Այսօր աստղագիտության միջազգային օրն է

Այս տարի աստղագիտության օրը նշվում է ապրիլի 28-ին. այն շարժական տոն է և սովորաբար նշվում է ապրիլի կեսերից մինչև մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում. սահմանված է այնպես, որ տեղի է ունենում Լուսնի առաջին քառորդին նախորդող շաբաթ օրը (օրինակ՝ 2011-ին այն մայիսի 7-ին էր): Այս նախաձեռնությունը սկսվել է 1973թ. Հյուսիսային Կալիֆոռնիայի աստղագիտական ընկերության նախագահ Դագ Բերգերի կողմից, երբ նա բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենար զմայլվել երկնքի գեղեցկությամբ: Ներկայումս այս իրադարձությունն արդեն սատարվում է աստղագիտական մի շարք կազմակերպությունների կողմից: Աստղագիտության օրը նշվում է ամեն տարի՝ հասարակության և աստղագիտության հետ առնչվող տարբեր մարդկանց և կազմակերպությունների (պրոֆեսիոնալ և սիրող աստղագետներ, աստղագիտության ուսուցիչներ, աստղացուցարաններ) միջև կապն ու շփումներն ամրապնդելու նպատակով: Սովորաբար կազմակերպվում են հասարակական դիտումներ, դասախոսություններ, հանդիպումներ և այլն՝ հասարակության մեջ աստղագիտական գիտելիքները և հետաքրքրությունները տարածելու համար: Աստղագիտության օրը նաև աստղագիտության շաբաթի մի մասն է, որը սկսվում է դրան նախորդող երկուշաբթի: Կա նաև աստղագիտության աշնանային օր, որն այս տարի կլինի հոկտեմբերի 20-ին:  

Հայ սիրող աստղագետները («Գուդրայք Ջոն» կազմակերպությունը՝ Ռուբեն Բունիաթյանի գլխավորությամբ) շաբաթ օրը՝ ապրիլի 28-ին, ժամը 20:30-22:30–ին, Կասկադ համալիրի վերևի հարթակում տեղադրելու է մի շարք սիրողական աստղադիտակներ, որոնցով  բոլոր ցանկացողները կարող են դիտել մոլորակներ, աստղեր, աստղակույտեր և երկնքի այլ հրաշալիքները:

Այս խորագրի վերջին նյութերը