Հարցազրույց

17.04.2012 16:37


Լևոն Տեր–Պետրոսյան

Լևոն Տեր–Պետրոսյան

«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ.

-Հայ ազգային կոնգրեսն իր քարոզարշավի ընթացքում իշխանական երկու ուժերի` «Օրինաց երկրի» եւ Հանրապետական կուսակցության հասցեին անվանական մեղադրանքներ է հնչեցնում, այնինչ «Բարգավաճ Հայաստան»-ին անդրադարձ չեք կատարում: ԲՀԿ-ի հետ համագործակցության հնարավորության մասին Ձեր քաղաքագիտական վերլուծությունը դեռեւս ուժի մե՞ջ է:

-Լուրջ քաղաքագիտական դիրքորոշում է: «Ժառանգության», Դաշնակցության եւ ԲՀԿ-ի հետ Կոնգրեսը ստեղծել է ընտրությունների վերահսկման միասնական շտաբ: Այսինքն, այդ կուսակցությունների մեր գործընկերներն են, որոնց հետ մենք համատեղ աշխատանք ենք կատարում արդեն ընտրություններ անցկացնելու համար, եւ շատ բնական է, որ մեր գործընկերների նկատմամբ հակաքարոզչություն չենք իրականացնելու, վիրավորանքներ չենք հասցնելու, անձնական որակումներ չենք տալու: Այո', մեր թիրախը Հանրապետական կուսակցությունն է եւ «Օրինաց երկիր»-ը: Եթե «Օրինաց երկիր»-ն էլ գար, մասնակցեր միասնական շտաբի աշխատանքներին եւ պայքարեր արդար ընտրությունների համար մեզ հետ միասին, բնականաբար, նա էլ կմտներ նույն ցանկի մեջ: Իսկ թե ինչու ենք տարբերում դա, շատ հասկանալի պատճառով. «Օրինաց երկիր»-ը եղել է, կա եւ հայտարարում է, որ այսուհետեւ էլ լինելու է Սերժ Սարգսյանի ճամբարում, մասնակցելու է հաջորդ կոալիցիային: «Բարգավաճ Հայաստան»-ը այդպիսի բան չի հայտարարում: Այո, ունեն [կոալիցիոն] հուշագիր, այո, կոալիցիայից դուրս չի եկել, բայց կոալիցիան ժամանակավոր երեւույթ է, կոալիցիան տեւում է այնքան ժամանակ, որքան կա խորհրդարան: Մայիսի 7-ին կոալիցիան չկա: Բնականաբար, անկախ այն բանից, թե մենք ինչ հակասություններ ենք ունեցել Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճի» հետ, այո, մենք նրանց ժամանակին շատ խիստ քննադատել ենք, բայց քանի որ այսօր այդ կուսակցությունները փաստորեն դուրս են եկել Հանրապետական կուսակցության մենիշխանության դեմ, քաղաքական տգիտություն, անգրագիտություն եւ դավաճանություն կլինի այս ժողովրդի նկատմամբ, եթե մենք այդ հնարավորությունը չօգտագործենք եւ չազատվենք Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի միապետությունից:

-Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի ավելի հեռուն գնացող ծրագրերում տեսնո՞ւմ եք, օրինակ, հաջորդ կոալիցիայի մեջ չմտնելը: 

-Հեռուն գնացող ոչ մի բան չեմ ուզում տեսնել այսօր: Այսօր մենք ճակատամարտի մեջ ենք հանցավոր ռեժիմի հետ եւ այդ հանցավոր ռեժիմը տապալելու, նրանից ազատվելու բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք: Ես նկատի ունեմ սահմանադրական, օրինական հնարավորությունները:

Եթե Ազգային ժողովում մեծամասնություն չկազմեք, ո՞ւմ եք տեսնում ձեզ դաշնակից:

Բոլորին տեսնում ենք, ովքեր կցանկանան մեզ հետ դաշնակցել: Քաղաքականությունը սա է: Քաղաքականությունը, այո, դաշնակից որոնելու արվեստ է: Մենք կփորձենք, կփնտրենք, ով կհամաձայնվի մեզ հետ համագործակցել, մեծ սիրով կհամագործակցենք: Ով չի համաձայնվի, թող գնա, համագործակցի Սերժ Սարգսյանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը