Քաղաքական

17.04.2012 10:39


Շահինյանը դուրս է եկել ՀՀԿ–ից

Շահինյանը դուրս է եկել ՀՀԿ–ից

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը երեկ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: «Հայկական ժամանակի» այս տեղեկությունը հաստատել է Շահինյանը՝ չմանրամասնելով իր քայլի պատճառը:

«Ոչ մի բանով պայմանավորված չէ, ուզում եմ դուրս գալ ՀՀԿ-ից: Հիմա զբաղված եմ կնոջս նախընտրական կամպանիայով»,-թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է նա՝ միաժամանակ հերքելով, որ ՀՀԿ-ից դուրս գալու իր որոշումը պայմանավորված է կնոջ՝ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի մեծամասնական առաջադրումով 4-րդ ընտրատարածքում:

Թերթը հիշեցնում է, որ Շահինյանն ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում: «Արդյոք կուսակցությունից դուրս գալու ձեր որոշման համար դա՞ է պատճառ հանդիսացել» հարցին Շահինյանը պատասխանել է. «Իհարկե` ոչ»: Իսկ ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է՝ այլ կուսակցության անդամագրվեք, Շահինյանն ասել է, թե իր միակ կուսակցությունը հիմա Սաթիկ Սեյրանյանի նախընտրական գործերը կազմակերպելն է:

Ի դեպ, երեկ տեղեկություն է եղել նաև, որ ՀՀԿ-ից դուրս գալու այլ դիմումներ էլ կան, բայց Շահինյանը որևէ տեղեկություն չի ունեցել դրանց մասին:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Սաթիկ Սեյրանյանը «7օր»–ի հետ զրույցում ասել էր, որ Շահինյանը չի պատրաստվում և պատճառ ու առիթ չունի Հանրապետական կուսակցության շարքերը լքել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը