Լրահոս

16.03.2012 17:29


Նաիրա Զոհրաբյան. «Բացարձա՛կ որևէ պայմանավորվածություն չկա»

Նաիրա Զոհրաբյան. «Բացարձա՛կ որևէ պայմանավորվածություն չկա»

Անդրադառնալով այսօր թերթերից մեկի հրապարակմանը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջնականապես որոշել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող իր թեկնածուների անունները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը «7օր»–ին ասել է.

–Մեծամասնական ընտրակարգով առաջադրումների շուրջ քննարկումներն ավարտված չե՛ն։ Կարծում եմ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի մենք կունենանք վերջնական պատկերը, թե ովքեր կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով։ Ես այս պահին որևէ թիվ նշել չեմ կարող, որովհետև քննարկումները դեռ ավարտված չեն, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից հետո նոր միայն՝ հաջորդ շաբաթվա առաջին օրերին, պարզ կլինի մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների վերջնական թիվը։

Նաիրա Զոհրաբյանը հերքել է նաև այն խոսակցությունները, թե ԲՀԿ–ն մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումներն ինչ–ինչ պայմանավորվածություններով է կատարում։

–Բացարձա՛կ որևէ պայմանավորվածություն չկա։ Տվյալ ընտրատարածքներում մեծամասնականով արդեն իսկ առաջադրված թեկնածուներից կարող եք եզարակացնել, որ որևէ պայմանավորվածություն չկա, և «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է ազատ, արդար մրցակցության ցանկացա՛ծ կուսակցության ներկայացուցչի հետ,–նշել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը