Հարցազրույց

05.03.2012 14:45


Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյան

Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ

–«Սարդարապատ» շարժումը ծրագրում է այլընտրանքային իշխանություն ստեղծել։ Նշանակո՞ւմ է սա, որ Դուք առաջիկա ընտրությունների քվեարկությանը չեք մասնակցելու։

–Մենք դասական իմաստով բոյկոտ չէ, որ անում ենք։ Այսինքն, այո՛, մենք չենք մասնակցում ընտրություններին և, այո՛, բոյկոտում ենք ընտրությունները, բայց ո՛չ դասական իմաստով։ Ընտրությունները բոյկոտած կլինեինք, եթե այս ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջանը չօգտագործեինք այլընտրանք ուղու համար։ Իսկ այդ այլընտրանքը հետևյալն է՝ այս ժամանակաշրջանն օգտագործել՝ ձևավորելու զուգահեռ իշխանության սաղմերը։ Այս ռեժիմի օրոք ընտրություններին մասնակցելը, մեղմ ասած, միամտություն է։

–Չե՞ք կարծում, որ քվեարկությանը չմասնակցել նշանակում է ձայնը տալ ՀՀԿ–ին։

–Մասնակցես կամ չմասնակցես՝ արդյունքը նույնն է լինելու, որովհետև, վերջիվերջո, հաշվողն ովքե՞ր են։ Եվ մի համակարգում, որտեղ գոյություն չունի անկախ դատական համակարգ, դուք կարո՞ղ եք ժողովրդավարական ընտրություններ անցկացնել։ Բնականաբար, ո՛չ։ Առաջին նախապայմանը, որ պետք է ազատ ընտրություններ լինեն, անկախ դատարանի գոյությունն է։ Մեր երկրում գոյություն չունի անկախ դատարան։ Ուզում եմ ասել, որ ավելորդ ժամանակի մսխում է որևէ հույս փայփայելը և այս ռեժիմի օրոք որևէ ընտրության մասնակցելը։ Նախագահի աթոռին բազմած, ես կասեի՝ այդ աթոռը զավթած անձնավորությունը, բռնատիրական մեթոդներով վարչախմբի ամբողջ ներուժն օգտագործում է իր տիրապետությունն ապահովելու համար, և, դժբախտաբար, ընդդիմություն կոչվող ուժերը նույնպես ընդունում են այդ խաղի կանոնները, և նրանց կազինոյում մտել են իբրև թե խաղալու։ Բայց մենք գիտենք՝ կազինոյում հաղթել հնարավոր չէ։

–Ձեր խոսքերից ստացվում է այնպես, որ բոլոր ընդդիմադիրները՝ ՀՅԴ–ն, «Ժառանգությունը», ՀԱԿ–ը և այլ կուսակցությունները, իշխանության խա՞ղն են խաղում։

–Ձեր թվարկած բոլոր միավորների մեջ, անշուշտ, կան ազնիվ մարդիկ, շատ քիչ։ Մենք հույս ունենք, որ այդ ազնիվ անձնավորություններն օր առաջ կգիտակցեն կեղտոտ պրոցեսի ընթացքը և դուրս կգան այդ կործանարար հունից։ Իսկ այն, այդ կուսակցությունները շուտվանից ապացուցել են, որ, ըստ էության, մեր ժողովրդին չեն ծառայում, կարծում եմ՝ բոլորի համար փաստ է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը