Տնտեսական

13.05.2009 19:04


Գործադուլ Գյումրիում կամ «Վերջը տաքսու վարորդներն են բացելու հայ-թուրքական սահմանը»

Գործադուլ Գյումրիում կամ «Վերջը տաքսու վարորդներն են բացելու հայ-թուրքական սահմանը»

Գյումրիում այսօր կրկին բողոքի ակցիա են կազմակերպել անհատ տաքսու վարորդները, այս անգամ Շիրակի մարզպետարանի դիմաց: Հրապարակային ձևով ևս մեկ անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու պատճառ է հանդիսացել մոտ 30 անհատ տաքսու վարորդների տուգանելու փաստը: Ինչպես հավաստիացնում են վարորդները, նրանց մի մասին տուգանել են, մյուս մասից վերցրել են փաստաթղթերը:

Վարորդներին վրդովեցրել է այն փաստը, որ խախտվել է դեռևս ապրիլին Գյումրու անհատ տաքսիստների և իշխանությունների միջև ձեռք  բերված ներքին պայմանավորվածությունը:

- Մեր բողոքից հետո խոստացան, որ մինչև հունվար Գյումրիում թույլատրելու են առանց նոր կարգի աշխատել, մինչև մի մասը գնա խոպան փող հավաքի, կամ էստեղի աշխատածից ետ գցի և 2010թ-ի հունվարին նոր կարգով աշխատենք՝ ապառիկով մեքենա ձեռք բերենք, լիցենզիայի գումարը մուծենք և այլն: Հիմա իմանում ենք, որ արդեն սկսել են տուգանել, փաստաթղթեր են վերցնել ձեռքներից: Մենք էլ հավաքվել ենք էստեղ՝ իմանալու, թե ինչու են խախտում պայմանավորվածությունը,- նշում է վարորդներից Հարությունը:

Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանը նշել է, որ, իրոք, մասնավոր պայմանավորվածություն եղել է վարորդների հետ,  սակայն թե ինչ պատաճառով են այժմ վարորդներին տուգանում, ինքը չի կարող ասել և կփորձի ճշտել:

-Ամեն դեպքում, մի բան պետք է արվի, նամակներ պետք է գրվի Ազգային ժողով, կառավարություն, որ կարողանանք խնդրին լուծում տալ,- ասել է փոխմարզպետը:

Գյումրու անհատ տաքսու վարորդները վաղը  նախատեսում են նաև փակել Գյումրի մտնող բոլոր ճանապարհները, իսկ իրենց պահանջները չբավարարելու դեպքում նույնիսկ դիմել ծայրահեղ քայլի՝ անցնել Թուրքիայի սահմանը:

Ինչպես վարորդներից մեկը կատակով նշել է. «Վերջը տաքսու վարորդներն են բացելու հայ-թուրքական սահմանը»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը