Լրահոս

22.02.2012 18:19


Պաշտոնական Բաքվի վտանգավոր խաղերը

Պաշտոնական Բաքվի վտանգավոր խաղերը

Համաշխարհային պատմությունն ուսումնասիրած և ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներին հետևող ցանկացած անձ քաջատեղյակ է դարերի ընթացքում Թուրքիայի կողմից տասնյակ  ժողովուրդների  ահաբեկման մասին: Այսօր անհնար է գնահատել Առաջավոր Ասիա և Եվրոպա ներթափանցած թյուրքական էթնոսի կողմից համաշխարհային քաղաքակրթական ներուժին հասցված վնասը, որից ամենահիշարժանն են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ, ասորի, հույն և արաբ ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի բնիկ ժողովուրդների զտումը, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում «արյան հարկի» պատճառով տասնյակ ժողովուրդների գենոֆոնդերին հասցված վնասը:

Նման «խիզախությամբ» Օսմանյան պետության հետնորդ Թուրքիան աչքի է ընկնում նաև այսօր` սպառնալով նրանց, ովքեր ուզում են վերականգնել պատմական արդարությունը: Եվ այդ գործում, անկասկած, իր ներդրումն ունի իր հավատարիմ ծառա և զինակիր հանդիսացող Ադրբեջանը:

Ակներև է, որ անկախության հռչակումից հետո Ադրբեջանը, Թուրքիայից ակնկալելով որոշակի դիվիդենտներ, ամեն կերպ փորձում է գոհացնել պաշտոնական Անկարային` շեշտը հիմնականում դնելով հակահայկական գաղափարախոսության վրա: Այսպես, Թուրքիայի ամենամեծ «գլխացավանքի»` Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչման դեմ պայքարի հիմնական զենքերից մեկն այսօրվա դրությամբ հանդիսանում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը», որը ղարաբաղյան պատերազմի տարիներին թուրքերի խորհրդով հորինվել է ադրբեջանցիների կողմից և որի հիմնական նպատակը «հայերին իրենց իսկ զենքով հակահարված տալն է»:

Ադրբեջանն ամեն կերպ աջակցում է նաև Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացման հարցում: Հատկանշական է, որ իրեն օկուպացիայի զոհ համարող երկիրը, որը ցավով է արձագանքում օտարերկրյա պետական և մասնավոր կառույցների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ունեցած շփումները, ակտիվորեն համագործակցում է անջատողական «Հյուսիսային Կիպրոսի» հետ զանազան ոլորտներում և կասկածի տակ է դնում Եվրամիության անդամ հանդիսացող երկրներից մեկի տարածքային ամբողջականությունը: Դեռ ավելին, Ադրբեջանը մասամբ ճանաչել է «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը (Հյուսիսային Կիպրոսի անջատողականները ճանաչվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կողմից):

Ամեն դեպքում, չնայած Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր հարցում Թուրքիային աջակցության ցուցաբերմանը, մի տեսակ զարմանալի է Ադրբեջանի ղեկավարության և վերջինիս կողմից հովանավորվող ադրբեջանական համայնքերի և զանազան կազմակերպությունների ու շարժումների չափից դուրս հիստերիան` կապված Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված` Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ: Բանն այն է, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից վերոհիշյալ օրինագծի ընդունումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաները երկմտանք հայտնեցին Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի օբյեկտիվ լինելուն, կոչեր հնչեցին Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս հանելու մասին, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բազմաթիվ ցույցեր և պիկետներ կազմակերպվեցին: Կարելի է մտածել, որ նման գործողություններով Ադրբեջանը փորձում է բացատրել բանակցային գործընթացում գրանցած իր անհաջողությունները, սակայն դա քիչ հավանական է, քանի որ այս ուղին ընտրելով` Ադրբեջանը ռիսկի է դիմում իր դեմ լարել Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկին, որը վերջապես աշխարհի հզորագույն տերություններից մեկն է և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամը: Հավանաբար, Ադրբեջանն այլևս այլ եղանակ չունի պաշտոնական Անկարային գոհացնելու և նման քայլերով հող է նախապատրաստում Թուրքիային Մինսկի խմբի կազմի մեջ ընդգրկելու պահանջ ներկայացնելու համար: Միայն նշեմ, որ Ադրբեջանի պոտենցիալ այս քայլը դատապարտված է անհաջողության, քանի որ Հայաստանի կողմից մերժվելուց բացի Ադրբեջանը տվյալ հարցով բացասական արձագանքներ կստանա համանախագահ բոլոր պետություններից:

Ամեն դեպքում, նախքան Ֆրանսիայի պես գերտերություններին ժողովրդավարության մասին դասախոսություններ կարդալը` Ադրբեջանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց պետական ռեժիմը ոչնչով չի տարբերվում «արաբական գարունը» տեսած Մուամար Քադաֆֆիի և Հոսնի Մուբարաքի ռեժիմներից և հիշեն, թե ինչպիսի ներդրում է ունեցել Ֆրանսիան այդ երկրներում բռնապետական ռեժիմի տապալման գործում:

 Տիգրան Աբրահամյանց

Այս խորագրի վերջին նյութերը