Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ
Եկեք արձանագրենք, որ Ընտրական օրենսգիրքը փոխելու և մեծամասնական ընտրակարգը վերացնելու հարցում իշխանական և ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության լայն շրջանակները միասնական տեսակետ ունեն։ Գաղափարական առումով որևէ դեմ կարծիք մինչև օրս, ըստ էության, չի հնչել։
Ի դեպ, ՀՀԿ–ականները նույնպես դեմ չեն 100 տոկոս համամասնական ընտրակարգին, բայց օրենսգրքում փոփոխություններ անելուն չհամաձայնելը պատճառաբանում են պահի աննպատակահարմարությամբ, իսկ նրանք, ովքեր 41 մեծամասնական տեղերը պահպանելու օգտին այլ «հիմնավորումներ» են բերում, անկախ իրենց կամքից կողմ են արտահայտվում անգլիացի գրող Օրուելի նկարագրած անասնաֆերմայում գործող «չորս ոտքը լավ է, քան երկուսը» ձևակերպմանը։ Ինչևէ։
Կողմ լինելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, իսկ որպես փոխզիջում առաջարկելով 120 համամասնական և 11 մեծամասնական (յուրաքանչյուր մարզից և Երևանից մեկական պատգամավոր) չափաբաժին նախատեսող անցումային տարբերակը՝ ես չեմ պատրաստվում համամասնական տեղերի ավելացման կամ 100 տոկոս համամասնականի օգտին փաստարկներ ներկայացնել, քանի որ անիմաստ եմ համարում համոզել խորհրդարանական մեծամասնությանը՝ կատարելու իրենց ծրագրային դրույթներից մեկը։ Այստեղ հարցն այն չէ, թե որ ընտրակարգն է լավը։ Հարցն այն է, որ ՀՀԿ–ն հանրությանը խոստացել է փոխել գործող ընտրակարգը հօգուտ համամասնականի, և ուրեմն, ԱԺ–ում ունենալով բացարձակ մեծամասնություն, պետք է փոխի, ոչ թե չփոխելու հիմնավորումներ մոգոնի։
Եթե ՀՀԿ–ն, տիրապետելով խորհրդարանի հսկիչ փաթեթին և ունենալով երկրի նախագահ ու վարչապետ, հրաժարվում է իր ծրագրային դրույթը կյանքի կոչելուց, ապա խնդիրն իրավական հարթությունից տեղափոխվում է քաղաքական հարթություն, հետևաբար, ստեղծված իրավիճակին պետք է գնահատական տալ քաղաքական բառապաշարով։
2008–ի նախագահական ընտրություններից հետո իշխանությունը տասնյակ կուսակցապետերի հավաքում էրՄՀՀ–ում և հայտարարում, թե քաղաքական նոր մշակույթ է ձևավորում։ Պարզ էր, որ այդ ամենը ձևական բնույթ էր կրում, բայց քարոզվում էր, թե երկրի նախագահը բոլորին լսում ու նոր միայն որոշումներ է կայացնում. «Ժողովրդավար է Սարգսյանը»,–ասում էին։
Հիմա, երբ իրական քննարկման թեմա կա, և թամաշայի փոխարեն պետք է կոնկրետ քայլ անել ու ընդառաջ գնալ քաղաքական ուժերի պահանջին, քարոզչական փուչիկը պայթում է, և հանրությունը տեսնում է իշխանության իսկական դեմքը։
ՀՀԿ–ի այս մերժողականությունը որոշակի մտահոգությունների և եզրահանգումների տեղիք է տալիս։ Տեսե՛ք, թե ինչ է ստացվում. իշխանությունը, հաշվի չնստելով Հայաստանի ու Սփյուռքի հայության հսկայական շերտերի պահանջի հետ, բավարարեց պաշտոնական Անկարայի ցանկությունը և համաձայնեց Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը և ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունները։ Բացի այդ, իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ է զիջել Լեռնային Ղարաբաղին պատկանող տարածքների մի մասն Ադրբեջանին, եթե վերջինս դեմ չլինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությանը (տե՛ս Սերժ Սարգսյանի հարցազրույցը սիրիական «Ալ վաթան» թերթին)։ Փաստորեն ստացվում է, որիշխանությունը պատրաստ է զիջման գնալ Գյուլի ու Ալիևի հետ հարաբերվելիս, բայց ահա, երբ հերթը հասել է Հայաստանի հանրության ու քաղաքական ուժերի հետ փոխընդունելի լուծում գտնելուն, նույն այս իշխանությունը կատաղի դիմադրություն է ցույց տալիս և, պատկերավոր ասած, մեկ միլիմետր անգամ չի ուզում փոխել Ընտրական օրենսգիրքը։ Սա ցույց է տալիս, որ պետության ղեկին հայտնված մարդիկ արտաքին և ներքին քաղաքականություն իրականացնելիս մտահոգված են բացառապես իրենց անձնական նեղ խնդիրներով ու միակ նպատակը համարում են աթոռ պահելն ու վերարտադրվելը։
Եթե Հայաստանի այսօրվա կառավարիչներն անկեղծ են իրենց հայտարարություններում և ուզում են ԱԺ–ն զերծ պահել անարդյունավետ պատգամավորներից ու տեղական նշանակության բդեշխներից, ապա պետք է վերացնեն մեծամասնական ընտրակարգը կամ առնվազն խոշորացնեն մեծամասնական տեղամասերը։
Ընտրակարգի փոփոխության հարցում դեմ գնալով բոլորին՝ իշխանությունը ցույց է տալիս, որ հանդուրժողականության և աննախադեպ լավ ընտրություններ անցկացնելու մասին հավաստիացումները Իրան–Հայաստան երկաթգծի բացման, նոր ատոմակայանի շինարարության, Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոնի վերածելու կամ էլ ՀՀ ՀՆԱ–ն 2007-2012 թթ–ին 2 անգամ ավելացնելու խոստումների պես մի բան են, այսինքն՝ ոչինչ չնշանակող կամ, ավելի ճիշտ, հակառակ նշանակությունն ունեցող խոսքեր։
Եվ այսպես, ատամներով պահելով մեծամասնական 41 տեղերը՝ իշխանությունը բացահայտում է, թե ինչ մարտավարությամբ է պատրաստվում անցկացնել մայիսյան ընտրությունները։ Հրաժարվելով քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ այս հարցում իրական ու կառուցողական երկխոսության գնալուց և անգամ փոխզիջումային տարբերակ գտնելուց՝ ՀՀԿ վերնախավը փաստացի ձեռնոց է նետում բոլորին։ Դե, եթե այդպես է, ապա ձեռնոցը պետք է վերցնել և ընտրակարգի փոփոխության հարցում առկա «կոնսենսուս մինուս մեկի» սահմաններն ու կիրառական նշանակությունն ընդլայնել։
Հայաստանում գործող քաղաքական մենաշնորհը վերացնելու և Նոր Հայաստան կառուցելու համար կոչ եմ անում բոլոր առողջ ուժերին, գաղափարական տարաձայնություններով հանդերձ, առաջիկա համապետական ընտրություններին առաջնորդվել «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» համախմբող կարգախոսով։ Համոզված եմ, որ այդ դեպքում հաղթանակն անխուսափելի կլինի։
Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ
Եկեք արձանագրենք, որ Ընտրական օրենսգիրքը փոխելու և մեծամասնական ընտրակարգը վերացնելու հարցում իշխանական և ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության լայն շրջանակները միասնական տեսակետ ունեն։ Գաղափարական առումով որևէ դեմ կարծիք մինչև օրս, ըստ էության, չի հնչել։
Ի դեպ, ՀՀԿ–ականները նույնպես դեմ չեն 100 տոկոս համամասնական ընտրակարգին, բայց օրենսգրքում փոփոխություններ անելուն չհամաձայնելը պատճառաբանում են պահի աննպատակահարմարությամբ, իսկ նրանք, ովքեր 41 մեծամասնական տեղերը պահպանելու օգտին այլ «հիմնավորումներ» են բերում, անկախ իրենց կամքից կողմ են արտահայտվում անգլիացի գրող Օրուելի նկարագրած անասնաֆերմայում գործող «չորս ոտքը լավ է, քան երկուսը» ձևակերպմանը։ Ինչևէ։
Կողմ լինելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, իսկ որպես փոխզիջում առաջարկելով 120 համամասնական և 11 մեծամասնական (յուրաքանչյուր մարզից և Երևանից մեկական պատգամավոր) չափաբաժին նախատեսող անցումային տարբերակը՝ ես չեմ պատրաստվում համամասնական տեղերի ավելացման կամ 100 տոկոս համամասնականի օգտին փաստարկներ ներկայացնել, քանի որ անիմաստ եմ համարում համոզել խորհրդարանական մեծամասնությանը՝ կատարելու իրենց ծրագրային դրույթներից մեկը։ Այստեղ հարցն այն չէ, թե որ ընտրակարգն է լավը։ Հարցն այն է, որ ՀՀԿ–ն հանրությանը խոստացել է փոխել գործող ընտրակարգը հօգուտ համամասնականի, և ուրեմն, ԱԺ–ում ունենալով բացարձակ մեծամասնություն, պետք է փոխի, ոչ թե չփոխելու հիմնավորումներ մոգոնի։
Եթե ՀՀԿ–ն, տիրապետելով խորհրդարանի հսկիչ փաթեթին և ունենալով երկրի նախագահ ու վարչապետ, հրաժարվում է իր ծրագրային դրույթը կյանքի կոչելուց, ապա խնդիրն իրավական հարթությունից տեղափոխվում է քաղաքական հարթություն, հետևաբար, ստեղծված իրավիճակին պետք է գնահատական տալ քաղաքական բառապաշարով։
2008–ի նախագահական ընտրություններից հետո իշխանությունը տասնյակ կուսակցապետերի հավաքում էրՄՀՀ–ում և հայտարարում, թե քաղաքական նոր մշակույթ է ձևավորում։ Պարզ էր, որ այդ ամենը ձևական բնույթ էր կրում, բայց քարոզվում էր, թե երկրի նախագահը բոլորին լսում ու նոր միայն որոշումներ է կայացնում. «Ժողովրդավար է Սարգսյանը»,–ասում էին։
Հիմա, երբ իրական քննարկման թեմա կա, և թամաշայի փոխարեն պետք է կոնկրետ քայլ անել ու ընդառաջ գնալ քաղաքական ուժերի պահանջին, քարոզչական փուչիկը պայթում է, և հանրությունը տեսնում է իշխանության իսկական դեմքը։
ՀՀԿ–ի այս մերժողականությունը որոշակի մտահոգությունների և եզրահանգումների տեղիք է տալիս։ Տեսե՛ք, թե ինչ է ստացվում. իշխանությունը, հաշվի չնստելով Հայաստանի ու Սփյուռքի հայության հսկայական շերտերի պահանջի հետ, բավարարեց պաշտոնական Անկարայի ցանկությունը և համաձայնեց Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը և ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունները։ Բացի այդ, իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ է զիջել Լեռնային Ղարաբաղին պատկանող տարածքների մի մասն Ադրբեջանին, եթե վերջինս դեմ չլինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությանը (տե՛ս Սերժ Սարգսյանի հարցազրույցը սիրիական «Ալ վաթան» թերթին)։ Փաստորեն ստացվում է, որ իշխանությունը պատրաստ է զիջման գնալ Գյուլի ու Ալիևի հետ հարաբերվելիս, բայց ահա, երբ հերթը հասել է Հայաստանի հանրության ու քաղաքական ուժերի հետ փոխընդունելի լուծում գտնելուն, նույն այս իշխանությունը կատաղի դիմադրություն է ցույց տալիս և, պատկերավոր ասած, մեկ միլիմետր անգամ չի ուզում փոխել Ընտրական օրենսգիրքը։ Սա ցույց է տալիս, որ պետության ղեկին հայտնված մարդիկ արտաքին և ներքին քաղաքականություն իրականացնելիս մտահոգված են բացառապես իրենց անձնական նեղ խնդիրներով ու միակ նպատակը համարում են աթոռ պահելն ու վերարտադրվելը։
Եթե Հայաստանի այսօրվա կառավարիչներն անկեղծ են իրենց հայտարարություններում և ուզում են ԱԺ–ն զերծ պահել անարդյունավետ պատգամավորներից ու տեղական նշանակության բդեշխներից, ապա պետք է վերացնեն մեծամասնական ընտրակարգը կամ առնվազն խոշորացնեն մեծամասնական տեղամասերը։
Ընտրակարգի փոփոխության հարցում դեմ գնալով բոլորին՝ իշխանությունը ցույց է տալիս, որ հանդուրժողականության և աննախադեպ լավ ընտրություններ անցկացնելու մասին հավաստիացումները Իրան–Հայաստան երկաթգծի բացման, նոր ատոմակայանի շինարարության, Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոնի վերածելու կամ էլ ՀՀ ՀՆԱ–ն 2007-2012 թթ–ին 2 անգամ ավելացնելու խոստումների պես մի բան են, այսինքն՝ ոչինչ չնշանակող կամ, ավելի ճիշտ, հակառակ նշանակությունն ունեցող խոսքեր։
Եվ այսպես, ատամներով պահելով մեծամասնական 41 տեղերը՝ իշխանությունը բացահայտում է, թե ինչ մարտավարությամբ է պատրաստվում անցկացնել մայիսյան ընտրությունները։ Հրաժարվելով քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ այս հարցում իրական ու կառուցողական երկխոսության գնալուց և անգամ փոխզիջումային տարբերակ գտնելուց՝ ՀՀԿ վերնախավը փաստացի ձեռնոց է նետում բոլորին։ Դե, եթե այդպես է, ապա ձեռնոցը պետք է վերցնել և ընտրակարգի փոփոխության հարցում առկա «կոնսենսուս մինուս մեկի» սահմաններն ու կիրառական նշանակությունն ընդլայնել։
Հայաստանում գործող քաղաքական մենաշնորհը վերացնելու և Նոր Հայաստան կառուցելու համար կոչ եմ անում բոլոր առողջ ուժերին, գաղափարական տարաձայնություններով հանդերձ, առաջիկա համապետական ընտրություններին առաջնորդվել «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» համախմբող կարգախոսով։ Համոզված եմ, որ այդ դեպքում հաղթանակն անխուսափելի կլինի։
Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն