Խմբագրական

07.05.2009 10:06


Մայիսի 31-ից առաջ և հետո

Մայիսի   31-ից   առաջ և հետո

Երևանի  ավագանու  ընտրությունների  պաշտոնական  մեկնարկը տրված է։  Հանրային կյանքն այժմ  թևակոխել է  «ասֆալտիզացիայի»,  «զիբիլաթափելիզացիայի»,  «խոստումիզացիայի», իշխանության «չենջիզացիայի»  հավաստիացման  և  այլ  «ացիաների»  փուլ։  Բացի  մյուս  թեկնածուներից՝  «զվարճանքին»   մասնակցում  են  նաև «էգ  առյուծն»  ու  «որց  շակալը»։ Սակայն նկատենք, որ բոլորի մոտ՝ էլ չկա  «ջահել վախտվա»  էնտուզիազմը։

Սա  Հայաստանի հետանկախական  շրջանի  առաջին դեպքն  է,  երբ  համայնքային  նշանակության ընտրությունները  քաղաքական  բնույթ  են ստանում՝ պայմանավորված 1995 թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ, մայրաքաղաք Երևանի մասշտաբով և 2008 թ.-ի հետնախագահական զարգացումների չավարտվածությամբ։ Ու  չնայած  նշված  հանգամանքներին՝  հանրության մի մեծ մասը  դեռ լավ  չի  ընկալում  գալիք  ընտրությունների  քաղաքական  ամբողջ ենթատեքստը,  քանի  որ  ընտրողի  համար,  մեզանում  ձևավորված  համակարգի  շրջանակներում,  միակ  քաղաքական  պաշտոնը՝  դա  ՀՀ  նախագահի  պաշտոնն  է և, ըստ այդմ, միակ քաղաքական ընտրությունները՝ նախագահականը։ Մնացած  բոլոր  տիպի  ընտրություններն,  ըստ  միջին  վիճակագրական  ընտրողի պատկերացումների, երկրորդական, ապաքաղաքական և «ասֆալտային»  նշանակության  են։ Հետևաբար,   այն  ուժերը,  որոնք  շահագրգռված  են  Երևանի    ընտրություններին  առավելագույն քաղաքական   նշանակություն  տալու և գործընթացը լրջացնելու մեջ՝  պետք  է նախ փոխեն մեր քաղաքացիների մոտ ձևավորված նախկին պատկերացումները և հետո միայն խոսեն կառավարչական խնդիրներից։ Եթե այս ընտրություններն  անցնեն իշխանության նախատեսած սցենարով,  ապա նախագահական ընտրություների ամբողջ հետընտրական գործընթացը, էլեկտորալ ստուգարքի տեսքով, կարելի է ավարտված համարել ու խոսել նոր իրավիճակի մասին։

Ինչ վերաբերում է ընտրական ֆորմալ գործընթացներին, ապա Հայաստանում, ի  տարբերություն  կայացած  ժողովրդավարական  երկրների, որտեղ  կա  2  փուլ (նախընտրական  և ընտրությունների  ամփոփման), այն բաղկացած է 3  փուլից։  Մենք  ունենք  նաև  հետընտրական ոչ ֆորմալ  փուլը,  երբ փողոցում սկսվում  է  պարտվող կողմի, արդյունքների  չընդունմամբ  պայմանավորված,  հանրային դժգոհության «ռասկաչկան»։

Ամեն ինչ «դեժա վյու» է հիշեցնում։ Այնպես  է  ստացվել,  որ  1996 թ.-ից  սկսած,  հակաիշխանական  էլեկտորատի  հույսերը  կապված  են  եղել   3-րդ՝    օրենսդրորեն  չկարգավորվող  փուլի  հետ, քանի որ բուն ընտրությունների ժամանակ՝ հնարավոր չի եղել կանխել կեղծիքները։   Այդ «լավագույն» ավանդույթները շարունակվեցին նաև վերջին նախագահական ընտրությունների ժամանակ։  

Նկատենք, որ ընտրության արդյունքները մշտապես իշխանությանն են ձեռնտու եղել, իսկ ընդդիմադիր էլեկտորատի վերջին հույսը՝  հետընտրական փուլի վրա, ու հիմա էլ է այդպես, քանի որ իշխանության կողմից արդեն իսկ կա վարչական և այլ տիպի ռեսուրսների կիրառում։ Շատերը զգում են, որ կարող է ստացվել ինչպես միշտ։  Մարդկանց տառապանքը փորձ ունի։  Մինչ այժմ ունեցել ենք հետևյալ պատկերը. իշխանությունները   գնացել   են հայտնի  ճանապարհով,  իսկ  ընդդիմության  բոլոր  ճանապարհները՝  ձեռնամարտից  մինչև  սահմնադրական,  տարել են նույն տեղը։ Ասվածից հետևում է, որ շատ կարևորվում են և՛ նախընտրական, և՛ հատկապես հետընտրական զարգացումները։ 

Երևանի ընտրություններում տարբեր ուժեր՝ տարբեր նպատակ են հետապնդում։ Հաղթանակն ու պարտությունն էլ տարբեր ուժերի համար՝ տարբեր դրսևորում ունի։

Եվ այսպես.  Լևոն  Տեր - Պետրոսյանի  գլխավորած  ընդդիմությունը,  կարելի  է ասել,  որ   վճռորոշ և ճակատագրական  պայքարի  փուլում  է,   քանի  որ  պարտության  դեպքում  բավական  անցանկալի  իրավիճակ  է ստեղծվում իրենց համար։ Եթե ՀԱԿ-ի համար գերխնդիրը իշխանափոխությունն է, ապա հաղթանակը՝  դա  միայն  40 և ավելի տոկոս  ձայներ  հավաքելն  ու  Երևանի  իշխանությունն ամբողջությամբ  վերցնելն է։ Այդ դեպքում՝  երկրում կստեղծվի երկիշխանություն և կարող են լինել արտահերթ համապետական ընտրություններ։ Ընտրությունների արդյունքների մյուս բոլոր տարբերակներով՝ դժվար  թե   ՀԱԿ-ը  կարողանա  կոալիցիա  կազմել  մյուս   ուժերի  հետ ու դառնալ երևանյան իշխանության մաս և այդկերպ շարունակել խաղը, բայց այդ դեպքում ՀԱԿ-ի գերխնդրի իրականացումն արդեն բավական մշուշոտ կդառնա։ Ասել է, թե  ընտրական կամ  հետընտրական  զարգացումներով՝  ՀԱԿ-ը  պետք  է  ձգտի  առավելագույն  արդյունքի։ Եթե  պայքարը  կրկին  ավարտվի  այնպես,  ինչպես  2008 թ.-ի  դեպքում,   ապա  քաղաքական  դաշտի որոշակի հատվածում  վակուում  կառաջանա։

ՀՀԿ-ն՝  ինչպես  որ  ՀԱԿ-ը,  ձգտելու  է  միանձնյա  իշխանություն  ձևավորել  Երևանում։ Դա  հնարավորություն  կտա  Սերժ  Սարգսյանին    ավելի  վստահ  զգալ  իշխանական կոալիցիայում   և  վերահսկողության  տակ  պահել   ԲՀԿ-ին  և  ՕԵԿ-ին։ Եթե  ՕԵԿ-ի  պարագայում  մտահոգություններն   այնքան  էլ  շատ  չեն,  քանի  որ  այդ  ուժը  բացառապես իներցիայի,  մարտի  1-ից  հետո  ստեղծված  իրավիճակի  և  ՀՀ  նախագահի  կամքով  է մնացել  քաղաքական  ակտիվ դաշտում ու չի կարող ետ ողորմիա լինել դեպի ընդդիմադիր դաշտ,  ապա  ԲՀԿ-ի  պարագան  այլ  է։ Դաշնակցության  կոալիցիայից  դուրս  գալուց  հետո՝  Գագիկ  Ծառուկյանի  գլխավորած  ուժն  այս  պահին  ստացել  է  «ջոկերի»  կարգավիճակ,   որը  նյարդայնացնում  է  սարգսյանական  թիմին։  Այս  առումով  ՀՀԿ-ն  չէր  ուզենա  Երևանում  կոալիցիոն  ուժ  ձևավորել  և  կրկին  կախված  լինել «Բարգավաճ  Հայաստանից»,  ինչն  էլ  հետագայում,  արտաքին  և ներքին  քաղաքական   ինչ- ինչ  զարգացումների  դեպքում,  հնարավորություն  կտար  Սերժ  Սարգսյանին  չմտահոգվել  իշխանական համակարգի  ամրության  համար։ ՀՀ նախագահը, թերևս,  կուզենար ազատել իր ձեռքերը ԲՀԿ-ի ընկերակցությունից և  Երևանում միակուսակցական կառավարումը կընձեռնի այդ հնարավորությունը։

ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի նպատակները նույնն են, սակայն կա մեկ ուշագրավ հանգամանք. ի տարբերություն ՀԱԿ-ի՝ ՀՀԿ-ի համար Երևանում միանձնյա  իշխանություն չդառնալը ճակատագրական նշանակություն չի ունենա, քանի որ կոալիցիոն գործընկերներ միշտ էլ կգտնվեն։ Այլ հարց է, որ Ս. Սարգսյանի՝ իր պատկերացրած ամբողջական իշխանությունը հանրապետական մակարդակով վերցնելը, կրկին չի հաջողվի ու դրա հետագա իրագործումը կդառնա անհնար։

ԲՀԿ-ն,   ինչպես  և  բոլոր  այլ ուժերը,  ձգտելու   է  առավելագույնը  ստանալ  ընտրությունների  արդյունքում։ Եթե  դա  չհաջողվի,   ապա  նրանց  նվազագույն  ծրագիրը՝  հնարավորինս  շատ  ձայներ  հավաքելն   ու  երևանյան  իշխանության  ենթադրյալ  կոալիցիայի  կազմում  ազդեցիկ  տեղ  գրավելն  է,   ինչը  կամրապնդի  իրենց  դիրքերն  իշխանական  կոալիցիայում՝  դարձնելով  ԲՀԿ-ին  Սերժ  Սարգսյանի  համար  անփոխարինելի   սուբյեկտ։  ԲՀԿ-ն  կարող  է  օգտվել  ՀՀԿ-  ՀԱԿ   հակամարտությունից   և  ճեղքել  «արանքը»։ Ներկայիս  զարգացումները,  կարծես,  դրան  են  բերում։

ՀՅԴ-ն   նույնպես  փորձելու  է  շատ  ձայներ  վերցնել։ Նրանք  այժմ  խնդիր  ունեն  նոր  կարգավիճակով  իրենց  տեղը  գրավելու  և  ինքնուրույն  խաղացողի վերածվելու։ ՀՅԴ-ն,  ինչպես որ  ԲՀԿ-ն  ու  ՀԱԿ-ը,  օբյեկտիվորեն  շահագրգռված  են  հնարավոր  ընտրակեղծիքները  խափանելու  մեջ,  որպեսզի  թույլ  չտան  Երևանի  միահեծան    կառավարում։

Մյուս ուժերը ձգտելու են լոկալ մարտեր մղել։ Տիգրան Կարապետյանը կփորձի ցույց տալ, որ Ժողովրդական կուսակցությունը ՕԵԿ-ից շատ ձայներ ունի և, ամենայն հավանականությամբ, դա իրենց մոտ կստացվի։

ՀԱՍԿ-ը խաղի մեջ է մտել, թերևս, իր կամքից անկախ ու իր համար անորոշ նպատակներով, բայց որոշակիորեն կզբաղեցնի «պատվավոր»  յոթերորդ հորիզոնականը՝ դժվարանում եմ ասել, թե զերո ամբողջ քանի՞ տոկոսով։

Թե  ո՞ր  ուժերի  մտադրությունները  կիրականանան,  ցույց  կտան   նախընտրական  և  հատկապես  հետընտրական  գործընթացները։ Ամեն  դեպքում  հստակ  է,   որ  մայիսի  31-ից  հետո   մենք   ունենալու  ենք   քաղաքական  նոր  իրավիճակ։ Այսօրվա  դասավորվածությունն  այլևս   չի  գործելու։

                                                                                                            Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը