Խմբագրական

27.11.2011 23:47


Ինչու՞ կոնսենսուս չկա ՀԱԿ–ում

Ինչու՞ կոնսենսուս չկա ՀԱԿ–ում

«Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի հակասությունների հետեւանքով առաջացած նոր քաղաքական իրավիճակի գնահատմանը ես պատրաստվել էի անդրադառնալ դեռեւս նախորդ հանրահավաքում, սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այդ հարցի շուրջ կոնսենսուսի չկայացման պատճառով ժամանակավորապես հրաժարվեցի այդ մտքից։ Թեեւ այսօր էլ կոնսենսուսը դեռեւս բացակայում է, այնուամենայնիվ քաղաքական գործընթացներից ետ չմնալու մտահոգությունն ինձ ստիպում է, թեկուզ ուշացած, արծարծելու հույժ հրատապ այդ հարցը»,– հանրահավաքի ժամանակ նշեց Լևոն Տեր–Պետրոսյանը և ներկայացրեց իր դիրքորոշումը թեմայի վերաբերյալ։

Փաստորեն, ՀԱԿ առաջնորդն առաջին անգամ հրապարակավ խոստովանեց, որ իր թիմում կոնկրետ հարցի հետ կապված կոնսենսուս չկա և հարցն այդ վերաբերում է Սերժ Սարգսյանի հեռացմանը։

Այն, որ Կոնգրեսում միշտ էլ տարաձայնություններ եղել են՝ գաղտնիք չէ։ Բայց, նկատենք, որ այդ տարաձայնությունները չեն եղել այնպիսին, որ Տեր–Պետրոսյանը ելույթ ունենալիս ստիպված լիներ հայտարարել, թե ներկայացնում է իր անձնակա՛ն կարծիքը։

Անցյալ. «երկխոսությունից» առաջ և «երկխոսության» ընթացքում

Երբ տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ակտիվ փուլում Տեր–Պետրոսյանը գաղափարապես և հանրահավաքները հետաձգելու միջոցով աջակցեց Սերժ Սարգսյանին՝ դրանով իսկ նպաստելով ՀՀԿ «ճկուն» ղեկավարի դիրքերի ամրապնդմանը՝ ՀԱԿ–ում արշալույսները, մեծ հաշվով, խաղաղ էին։ Իրենց լևոնական ներկայացնող ԶԼՄ–ները նույնպես լուռ էին կամ ողջունում էին սերժալևոնական քիրվայությունը Թուրքիայի մասով։

Երբ Տեր–Պետրոսյանը հրապարկավ պատրաստակամություն հայտնեց դառնալ Սերժ Սարգսյանի «էջմիածնական միաբանը»՝ դրանով իսկ յուրօրինակ ձևով ծառայություններ մատուցելով «Եղիազար Այնթապցուն»՝ ՀԱԿ–ից ընդամենը մի քանի փնթփնթոցներ լսվեցին ու վերջ։ Լևոնական կոչված մամուլը կրկին «ադաբրյամսի» ռեժիմով էր աշխատում։

Երբ այս տարվա փետրվարին Տեր–Պետրոսյանն իր խնամի Դավիթ Շահնազարյանի շուրթերով բացահայտ կերպով սատարեց Սերժ Սարգսյանին ու հայտարարեց, թե ՀԱԿ–ը կայունության երաշխիքի դեր է ստանձնում՝ դրանով իսկ նպաստելով կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը, որով պլանավորվում էր «նախաձեռնող» նախագահի հավերժ իշխանության պահպանումը՝ ՀԱԿ–ում կոնսենսուսի բացակայության մասին չէր խոսվում ու կոնգրեսականներից որևէ մեկը հրապարակավ դեմ չէր արտահայտվում Դավիթ Շահնազարյանի ասածներին։ Լևոնական մամուլը դարձյալ գոհ էր կայունության երաշխիքի ՀԱԿ–ի դերակատարումից ու արդեն ակնհայտ սերժամետ դիրքերից էր հանդես գալիս՝ աշխատելով Գագիկ Ծառուկյանի դեմ։

Երբ Տեր–Պետրոսյանը մարեց փետրվար–մարտ ամիսներին առկա հեղափոխական ալիքը՝ ՀԱԿ–ից մի քանի տրտունջներ լսվեցին պատերի տակ, բայց խոսք չկար կոնսենսունսի բացակայության մասին։ Լևոնական մամուլը շարունակում էր պաշտպանել «տուն ուղարկելու» տերպետրոսյանական դիրքորոշումը՝ «ինքը մի բան գիտի» թեմայով։

Երբ Տեր–Պետրոսյանը կողմ արտահայտվեց դեպի հաճախորդացում տանող «երկխոսությանը», որն ակնհայտորեն Սերժ Սարգսյանի շահերից էր բխում և միտված էր քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելուն, կոնսենսուսի բացակայության մասին կրկին խոսք չկար։ Լևոնական, բայց իրականում «ազատ, բայց սերժատուի» կարգավիճակում հայտնված ԶԼՄ–ները դրական էին արտահայտվում «երկխոսության» մասին և Սերժ Սարգսյանին, ըստ էության, ներկայացնում որպես հանդուրժողականության քայլող մարմնավորում։

Ներկա. «հետերկխոսական» շրջան

2008–ի նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած գործընթացները և ՀԱԿ–ի պահվածքը, փաստացի, ձեռնտու էին Սերժ Սարգսյանին ու նա, խայտառակ ձևով տապալվելով արտաքին ու ներքին քաղաքական մեջ, այդուհանդերձ կարողացավ պահել աթոռը։ Այսինքն՝ ի դեմս ՀԱԿ–ի կար մի տիտղոսային ընդդիմություն, որի գոյությունը պարզապես նվեր էր իշխանությանը։

Այս տարվա սեպտեմբեր ամսից հետո, երբ Տեր–Պետրոսյանն արդեն զգաց, որ «քցվել» է Սերժ Սարգսյանի կողմից և առաջ քաշելով «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ ՀԱԿ–ի ներսում կոնսենսուսի բացակայություն նկատվեց։ Ասել է թե՝ ՀԱԿ–ում կոնսենսուսի բացակայություն կա Սերժ Սարգսյանին հեռացնել–չհեռացնելու հարցում, ինչը չափազանց հետաքրքրական փաստ է։

«Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը, գաղափարական տարաձայնություններով հանդերձ, ենթադրում է տեխնիկական կամ տեխնոլոգիական բնույթի համագործակցություն բոլոր այն ուժերի միջև, որոնք դեմ են ռեժիմին ու ձգտում են իշխանությունից զրկել Սերժ Սարգսյանին։ Սա՛ է Տեր–Պետրոսյանի «մեսիջը» քաղաքական դաշտի ակտիվ խաղացողներին։ Եվ, ա՜յ քեզ բան, պարզվում է Սերժ Սարգսյանին հեռացնելու մեխանիզմի տերպետրոսյանական փնտրտուքը, որը բերում է ԲՀԿ–ի հետ մարտավարական համագործակցության գաղափարին, կարծիքների բախում է առաջացրել ՀԱԿ–ում և այնտեղ կոնսենսուս չկա։

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հետ նվաստացուցիչ «երկխոսության» գնալու հարցում ՀԱԿ–ում կոնսենսուս կար, իսկ ահա ԲՀԿ–ի և մյուս ուժերի հետ միասին իջևանյան ընտրությունների մոդելի կիրառմամբ Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցում կոնսենսուս չկա։ Դա նշանակում է, որ ՀԱԿ–ում հիմա մի քանի թևեր կան՝

1.Լևոն Տեր–Պետրոսյանի ներկա գծի պաշտպաններ (Լևոն Զուրաբյան և այլն),

2.Սերժ Սարգսյանի բացահայտված կամ չբացահայտված «ականներ» (Անդրանիկ Քոչարյան և այլն),

3.Չկողմնորոշվածների կամ «ազնիվ քյարփինջների» խումբ, որի տարբեր հատվածներ  հետագայում կարող են հարել առաջին կամ երկրորդ խմբին։

Ի՞նչ է սպասվում

Ուշագրավն այն է, որ ՀԱԿ–ում առկա Սերժ Սարգսյանի հաճախորդները հիմա առերևույթ ավելի կոշտ հռետորաբանություն են կիրառում Սարգսյանի դեմ ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Արտաշես Գեղամյանն էր անում։ Բայց Սարգսյանի դեմ «կտրուկ» խոսելով և Տեր–Պետրոսյանից վճռականություն պահանջելով հանդերձ՝ ՀԱԿ–ի «դհոլները» կատաղի դեմ են արտահայտվում ԲՀԿ–ի և մյուսների հետ համատեղ ջանքերով Ս. Սարգսյանին հեռացնելու տարբերակին։

Պարզից էլ պարզ է, որ Սարգսյանից ազատվելու այլ տարբերակ, քան ԲՀԿ–ի հետ համագործակցությունը չկա (խոսքս միասնական ցուցակով հանդես գալու մասին չէ (դա բացառվում է), այլ մի քանի շարքով Սարգսյանի դեմ պայքարելու, ինչպես նաև հակասերժական ուժերի` միմյանց դեմ հակաքարոզչություն չանելու մասին է), սակայն արի ու տես, որ «լևոնականները» և Սերժի «ընդդիմադիրները» չեն ուզում  կողմ արտահայտվել Գագիկ Ծառուկյանին այդ հարցում որպես գործընկեր դիտարկելու տերպետրոսյանական առաջարկին։ Դուրս է գալիս, որ ՀԱԿ–ի այդ թևն ուզում է, որ Սերժը մնա, իսկ իրենք էլ սնվեն նախագահական նստավայրի նետած «կոռմով» և հաստիքով «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր» գոռացող աշխատեն։ Այլ եզրակացություն հնարավոր չէ անել։

Ի դեպ, հետաքրքրական է, որ լևոնական կոչված մամուլի մի շարք միջոցներ, որոնք դրականորեն էին արտահայտվում Սարգսյանի հետ «երկխոսության» գաղափարին ու այն ժամանակ դեմ չէին Տեր–Պետրոսյանի գծին, այժմ դեմ են Սարգսյանին հեռացնելու հարցում ԲՀԿ–ի ու մյուս ուժերի հետ իրական երկխոսությանը։ Բա էլ «դհոլն» ինչպե՞ս է լինում։ Հո պոզով–պոչով չի՞ լինում։ Հետո ի՞նչ, որ այդ մամուլի միջոցները հայհոյում են Սերժ Սարգսյանին։ Նախագահի փեսան միշտ էլ այդ ոճով է աշխատել ու դրանով իսկ աղճատել լրատվական դաշտը, որպեսզի «դհոլները» կատարեն իրենց վրա դրված պարտականությունները և չբացահայտվեն։

«Ազատ, բայց սերժատու» մամուլն աշխատանքային այդ սխեմայով քողածածկվել է լևոնականի տակ, սակայն Տեր–Պետրոսյանի ներկա առողջ դիրքորոշումը ստիպեց բացահայտվելու նաև լավ թաքնված «կրակոտ հեղափոխական» սերժականներին, որի արդյունքում ՀԱԿ–ում գրանցվեց կոնսենսուսի բացակայություն։

Այս մարդկանց մասին Տեր–Պետրոսյանը շատ հստակ բնորոշում տվեց՝ ասելով, թե նրանք հսկայական ծառայություն են մատուցում վարչախմբին։

Թե ինչպես կավարտվի ներկոնգրեսական պայքարը՝ պարզ կդառնա շատ շուտ։ Ընդամենը պետք է հետևել ՀԱԿ–ը ներկայացնող գործիչների ելույթներին ու լևոնական համարվող մամուլի միջոցների պահվածքին։ «Դհոլները» շատ արագ ի հայտ կգան։ Մենք այդ հարցում կօգնենք նրանց։

. . .

Հարկ եմ համարում հատուկ նշել, որ Լևոն Տեր–Պետրսյանը մեր աչքի լույսը չի դարձել և մենք, ի տարբերություն իշխանության, շարունակում ենք մնալ նրա գաղափարական օպոնենտը, բայց եթե նա ընթացիկ բնույթի կառուցողական և արդյունավետ առաջարկ է անում և պատրաստակամություն հայտնում մասնակցել վարչախմբի հեռացման գործին, ապա դա միայն ողջունելի է։ Եվ ինչու՞ պետք է կողմ չարտահայտվել «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսի կյանքի կոչմանը։ Մտավախություն կա, որ Տեր–Պետրոսյանն անկե՞ղծ չէ և «տակից» օգնո՞ւմ է Սարգսյանին։ Բայց դա, կներեք, ի՛ր խնդիրն է։ Անկեղծ չի լինի՝ կրկին կընկնի «դռբի» տակ ու կրկին կվերածվի «էջմիածնական միաբանի» ու կգնա Արտաշես Գեղամյանի ուղղությամբ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Ոմանց դուր չի՞ գալիս Գագիկ Ծառուկյանի կերպարը։ Իսկ ու՞մ կերպարն է դուր գալիս. Սերժ Սարգսյանի՞նը, թե՞ ալկոհոլի մեծ սիրահար վարչապետ Տիգրան Սարգսյանինը։ Բացի այդ՝  քաղաքականության մեջ դուր գալը հարաբերական հասկացություն է։

Մի հարց տամ. եթե ԲՀԿ–ն դուրս չգա Սարգսյանի դեմ կամ ընտրատարածքներում կռիվ չտա, ապա ումո՞վ և ինչպե՞ս է հնարավոր ազատվել այս նեոբոլշևիկներից։ Այնպես, որ պետք է մի կողմ դնել զգացմունքները, համակրանք–հակակրանքները և սառը դատել։

Սերժ Սարգսյանին պետք է շանս չտալ իրեն ատող «փողոցն» անուղղակիորեն օգտագործելով իշխանությունը պահել և վերարտադրվել։ Մինչև հիմա նա այդպես է մնացել Բաղրամյան 26–ում։ Հիմա Տեր–Պետրոսյանն ուզում է դուրս գալ այդ խաղից ու «Եղիազար Այնթապցուն» ծառայելու դերակատարումից։ Շատ ավելի լավ, թող դուրս գա, իսկ ով էլ ՀԱԿ–ում կհակառակվի նրա այդ մոտեցմանը՝ կհամալրի Սարգսյանի ժողգործիքների հավաքածուն։

Բնական է, որ նախագահական նստավայրից հիմա փորձելու են մասեր պոկել ՀԱԿ–ից և պայթացնել իրենց ականներին, բայց դա ոչինչ չի տա «կաղ բադ» նախագահին։ Ընդամենը Արթուր Բաղդասարյանը, Արշակ Սադոյանն ու Գեղամյանը ներքին մրցակիցներ կվաստակեն։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Շատերին է հետաքրքրում, թե ինչպես և ինչ ձևաչափով կարող են համագործակցել ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և իշխանափոխությամբ շահագրգիռ մնացյալ ուժերը, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանի թիմը իշխող կոալիցիայի մաս է կազմում։ Ասեմ, որ ճիշտ այնպես, ինչպես Իջևանում։ Այսինքն, պարտադիր չէ, որ ԲՀԿ–ն կոալիցիայից դուրս գա և հուշագիր կնքի ոչսերժական ուժերի հետ։ Կարող է աշխատել ջենթլմենական համաձայնությունը, ընդհանուր հակառակորդի դեմ պայքարելու գերմոտիվացիան և մեկ օլիգարխից հետագայում խժռվելու հեռանկարից խուսափելու հզոր գործոնը։ Ի վերջո չպետք է մոռանալ, որ «իշխանության մուտքը ներսից է» բանաձևի գործնական կիրառումը հնարավոր է միայն այս մոդելով։

Այս խորագրի վերջին նյութերը