Լրահոս

04.06.2023 11:31


Կարմիր բլուրում մ.թ.ա. 12-11-րդ դարերի մոնումենտալ կառույց և դամբարան են հայտնաբերել

Կարմիր բլուրում մ.թ.ա. 12-11-րդ դարերի մոնումենտալ կառույց և դամբարան են հայտնաբերել

Երևանի արևմուտքում գտնվող Կարմիր բլուրի տարածքում իրականացված պեղումների ընթացքում մոնումենտալ կառույց (մ.թ.ա. 7-րդ դարի, միջնադարյան քարավանատների նախատիպը) և մ.թ.ա. 12-11-րդ դարերով թվագրվող դամբարան են հայտնաբերել: Մասնագետները գտածոն եզակի և կարևոր են համարում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Շինությունը հետաքրքրել է օտարերկրյա մասնագետներին, որոնցից մի քանիսը կառույցներին տեղում ծանոթանալու պատրաստակամություն են հայտնել։

Արդեն 3 տարի է` Կարմիր բլուրի տարածքում պեղումներ են իրականացվում։ 2021 թվականին հայտնաբերվեց մի պատկառելի կառույց՝ պատերով, սալարկված հատակով, սյուներով։ Համագործակցության համաձայնագրի շրջանակում այս տարի աշխատանքներին միացան նաև «Էրմիտաժ» պետական թանգարանի մասնագետները:

Պեղումները կարևոր են

«Էրմիտաժի» թանգարանային կապերի զարգացման գծով գլխավոր տնօրենի օգնական և թանգարանի Հյուսիսկովկասյան հնագիտական արշավախմբի ղեկավար Յուլյա Մարչենկոն երրորդ անգամ է մասնակցում բլուրի տարածքում իրականացվող պեղումներին: Այս գործուղման ընթացքում նրան ուղեկցում է նաև պետական «Էրմիտաժի» վերականգնող Սվետլանա Ռիցը, որն աշխատում է ենթադրաբար ուրարտական ժամանակաշրջանի գոտու ուղղությամբ։

«Ես գիտեի, թե ուր եմ գալիս, Կարմիր բլուրը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի. մի կողմից այն պատմական և հնագիտական արժեք է ամբողջ աշխարհի համար, մյուս կողմից սերտորեն կապված է «Էրմիտաժի» պատմության հետ»,-ասաց Մարչենկոն:

Անդրադառնալով հայտնաբերված տուֆից կրոմլեխին և բազալտե սալաքարին՝ մասնագետը պարզաբանեց, որ կառույցը ոչ թե պարզ, այլ հողե ծածկույթ ունի (կավե ամուր հող՝ մանր քարերով. խմբ.), որը հնագիտության մեջ կոչվում է վահան:

«Գիտության համար շատ հետաքրքիր համալիր է բացվել։ Այս պահին այս տարածքում պեղվել է մոտ 300 դամբարան, սակայն այս մեկի նմանը դրանց մեջ չկար։ Սա նոր բան է Կարմիր բլուրի համար»,-ասաց Մարչենկոն։

Ի՞նչ է հայտնաբերվել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պեղումների համար անհրաժեշտ վայր ընտրելու հարցում պատահականությունն է օգնել։ Երկու տարի առաջ «Էրեբունի» թանգարանի (որի կազմում է Կարմիր բլուրը) փոխտնօրենն այստեղ կառույցի կտորներ էր հայտնաբերել։ Երկնքից արված լուսանկարների հետ համեմատելուց հետո պարզ դարձավ, որ խոսքը մոնումենտալ կառույցի մասին է։

«Սկզբնական շրջանում մենք կարծում էինք, որ դա ախոռ է, սակայն մեծ սափորների բեկորները, շինության հատակագիծը և գտնվելու վայրը թույլ են տալիս ենթադրել, որ խոսքը միջնադարյան քարավանատան նախատիպի մասին է։ Մոնումենտալ կառույցը թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դարով»,-ասաց Բադալյանը։

Միաժամանակ վերին շերտում հայտնաբերվել են միջնադարյան մետաղադրամ և ջնարակապատ խեցեղենի բեկորներ: Պահպանվել են շինության պատերի մեծ մասը, քարե սալաքարերով պատված հատակը, առաստաղը պահող գերանները և տանիքի ծածկի որոշ հատվածներ։ Բացի այդ, պարզվել է, որ այդ տարածքում հրդեհ է բռնկվել, որը հանգեցրել է տանիքի փլուզմանը։

Շինության վերջնական նշանակությունը կորոշվի համապատասխան վերլուծությունից հետո։ Սակայն կառույցն իր ճարտարապետական հատակագծով նման է ավելի ուշ՝ միջնադարյան շրջանի հայկական քարավանատներին (միասրահ եռանավ ճարտարապետություն)։

Կարմիր բլուրի տարածքում նաև դամբարան է հայտնաբերվել, որտեղ կին է թաղված։ Այստեղ, ինչպես մյուս գերեզմաններում, կրոմլեխ կա։ Հին ժամանակներում հավատում էին, որ այն չար ոգիներին թույլ չի տալիս թափանցել գերեզման և ազատում է հանգուցյալին հնարավոր տանջանքներից: Այնտեղ հայտնաբերվել են նաև կենցաղային իրեր և կենդանիների ոսկորներ։

«Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 12-11-րդ դարերով: Դա ապացուցում է, որ Կարմիր բլուրում կյանք է եղել դեռ Ուրարտուից առաջ, սոցիալապես բավականին զարգացած մարդիկ են եղել»,-նշեց Բադալյանը:

Նրա խոսքով՝ նմանատիպ դամբարանները Հայաստանի համար նորություն չեն, սակայն մինչև այժմ բլուրի տարածքում այդպիսիք չէին գտնվել։ Բադալյանն ընդգծեց, որ ՌԴ մասնագետների մասնակցությամբ աշխատանքները կշարունակվեն նաև 2024 թվականին։ Հետագայում տարածքը կբարեկարգվի և կվերածվի զբոսաշրջային այցելությունների համար գրավիչ վայրի։

Հիշեցնենք, որ Կարմիր բլուրը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Այստեղ հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի մնացորդներ, այդ թվում՝ ուրարտական բերդաքաղաք Թեյշեբաինին։

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա

Այս խորագրի վերջին նյութերը