Մեկնաբանություն

12.05.2023 00:05


Ալիևը շարունակում է կրակել, Փաշինյանը շարունակում է բերանքսիվայր խաղաղություն մուրալ ու բլթացնել

Ալիևը շարունակում է կրակել, Փաշինյանը շարունակում է բերանքսիվայր խաղաղություն մուրալ ու բլթացնել

Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ իր սիրելի գործընկեր Իլհամ Ալիևի հրամանով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակային ակտիվացմանը: Եթե որոշ փոխաբերությամբ նկարագրենք, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է` Ալիևը շարունակում է կրակել, իսկ Փաշինյանը, պատկերավոր ասած՝ բերանքսիվայր ընկած, շարունակում է խաղաղություն մուրալ: Ի լրումն, Փաշինյանը շարունակում է «բլթացնել», այսինքն՝ ասում է բաներ, որոնք թեթևակի քննադատության անգամ չեն դիմանում:

Այսպես, օրինակ, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմի՝ մայիսի 11-ի առավոտյան իրականացրած նախահարձակ բնույթի գործողույթունները բնորոշելով որպես սադրիչ՝ հայտարարում է, որ այդ գործողությունները, «նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»:

Փաշինյանին այնքան է դուր գալիս իր այս «միտքը», որ նա դա մի անգամ էլ է կրկնում կառավարության նիստում. «Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում...»:

Ու այդ ի՞նչն է Փաշինյանը համարում «ֆունդամենտալ պայմանավորվածություն», ասենք՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման հնարավորությո՞ւնը: Ո՛չ: Միգուցե՝ Հայաստանի՝ 2021-22թթ․ օկուպացված տարածքների անհապաղ վերադա՞րձը: Ո՛չ: Գուցե Հայաստանի ու Արցախի միջև ցամաքային 5 կմ լայնությամբ միջանցքի ապահովումն ու այդ ճանապարհից ադրբեջանական ապօրինի անցակետի վերացո՞ւմը: Կրկին ու կրկին՝ ո՛չ: Այդ դեպքում էլ ի՞նչն է Փաշինյանի հասկացողությամբ «ֆունդամենտալ պայմանավորվածություն»: Պարզվում է (առանց այդ էլ պարզ էր)... Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է սրա համար «ֆունդամենտալ պայմանավորվածություն»:

Իսկ այն ընկալմամբ, ինչ ընկալմամբ Փաշինյանը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, նույնն է, թե հայտարարի, որ Արցախն ուրանում է կամ «Արցախը ադրբեջանական է, և՝ վերջ»: Իր ասածի իմաստը դա՛ է, անկախ նրանից, թե ինչ նաղլ կկարդա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նպատակներին, ապա այդ առնչությամբ Նիկոլ Փաշինյանի դիտարկումները թույլիկ են: Մասնավորապես, հազիվ թե ադրբեջանական կողմը նպատակ ունի այսօրվա կամ նախկին կամ առաջիկա օրերի որևէ այլ «սադրիչ գործողություններով» զրոյացնել Վաշինգտոնի բանակցությունների «առաջընթացը» կամ խաթարել Բրյուսելի կամ Քիշնևի հանդիպումները: Ավելի շուտ հակառակը. Ալիևն այդպիսի ագրեսիվ գործողություններով, ի լրումն ամենի, նպատակ ունի ամրագրել այդ՝ բացառապես հակահայկական «առաջընթացը», բացի այդ՝ պոկել կամ կրծել որքան հնարավոր է ավելին:

Ալիևը շատ լավ տեսնում է, որ նախ՝ Հայաստանում այնքան չեն ուզում պետություն ունենալ, որ անգամ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ղեկավար են պահում Նիկոլ Փաշինյանի նման մեկին: Այսինքն, մեկին, ում Ալիևը հաղթել է, հրապարակավ նվաստացրել և ով, Ալիևի համար անարժան ոչնչություն է, ինչպես էր ասե՞լ, հա՝ «հարբած ծաղրածու»: Ալիևը հրաշալի տեսնում է, որ իրեն պարտված, իր կողմից նվաստացված «հայկական իշխանությունը» Հայաստանի ժողովրդին շարունակում է ահաբեկել պատերազմով, տեսնում և հասկանում է, որ գործ ունի վախկոտ և թուլամորթ մեկի հետ, մի իշխանության հետ, որը չի ցանկանում ու չի կարողանում պաշտպանել ղեկավարած պետությունն ու այնտեղ ապրող ժողովրդին: Եվ այդ ամենի հանրագումարում Ալիևը սկսում է մտածել կամ մտածում է, որ մի քանի անգամ հրանոթներից համազարկ կտա, որից հետո Նիկոլ Փաշինյանը հեզիկ-նազիկ կստորագրի ինչ թուղթ որ դեմ տան, Սոթքն էլ կհանձնի, տո Իջևանն էլ կհանձնի, Երևանն էլ՝ հետը: Իհարկե, կհանձնի «հանուն խաղաղության»:

Ադրբեջանը, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, հենց միայն Հայաստանի Հանրապետությունից ավելի քան 140 քառակուսի կիլոմետր տարածք է զավթել: Դա, նկատենք, մոտավորապես Երևանի չափ տարածք է, թերևս, առանց Նուբարաշենի: Ու ի՞նչ է արել Փաշինյանի իշխանույթունը: Ո-Չ-Ի-Ն-Չ: Միայն դատարկ հայտարարություններ, «միջազգային հանրությանն» ուղղված փուչ աղերսանքներ, Հայաստանի հանրության՝ իրենց դեռ ականջ դնող զանգվածին մոլորության մեջ պահելու ակտիվ ու ագրեսիվ ստախոսական քարոզչություն և ուրիշ ոչինչ: Հա, փաշինյանական իշխանությունը մեկ էլ պետական միջոցների հաշվին շարունակել է զվարճանալ, աշխարհով մեկ «տուրիստ գնալ», անձնական բարեկեցությունն ապահովել ու հարստանալ, չաղանալ... Եվ վերջ, եթե չհաշվենք «խաղաղության օրակարգի» թեմայով ֆիրմային դատարկախոսությունը:

Ի դեպ, Փաշինյանը կառավարության նիստում նաև հայտարարեց. «...Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Ցավոք, կրկնում եմ, ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել: Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»:

Շա՜տ հետաքրքիր է: Նախ հետաքրքիր է, այն, որ Փաշինյանը մատնում է իր վախերը: Նա հրաշալի գիտե, թե ինչ հակահայկական, եթե չասվի՝ դավաճանական, Հայաստանի հետագա գոյությունը հարվածի տակ դնող «խաղաղություն» է նախապայմանավորվել թշնամու հետ, որի ստորագրությունը կարող է լինել իր երազած «գնդակահարության պատի» տակ հատնվելու վճիռը նաև: Հնարավոր է, դրա համար էլ «ցրում է», թե՝ չէ՜, Բրյուսելում բան չի պատրաստվում ստորագրել: Եվ հետո, Փաշինյանը պրոֆեսիոնալ ստախոս է (բազմիցս բացահայտ այլ ստերի վրա բռնված), ի լրումն՝ նա ինչ ասում է, իրականում նկատի ունի տրամագծորեն հակառակը:

Մյուս շա՜տ հետաքրքիր պահն էլ այն է, որ ասում է, թե՝ «խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը»: Այդ որտեղի՞ց «խնդիր ունեն», ո՞վ է իրենց առաջ նման խնդիր դրել, որպես ի՞նչ է շտապում: Ո՞վ է աննպաստ իրադրության մեջ այդքան շտապում: Ինչ-որ տեղը քո՞ր է գալիս:

Իսկ շտապեցնում են նրան Հայաստանի թշնամիները, որոնք հազիվ «ոսկե ձկնիկ» են բռնել, բայց տեսնում են, որ կարող են շուտով կորցնել այն: Ընդամենը:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը