Լրահոս

27.09.2011 13:28


ՀՀ կառավարությունը փորձում է ոչնչացնել բնության հրաշքը

ՀՀ կառավարությունը փորձում է ոչնչացնել բնության հրաշքը

Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում՝ Չիչխան գետի վրա գտնվող Թռչկան ջրվեժը վերջին շրջանում հայտնվել է բնապահպանների ուշադրության կենտրոնում: Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարությունը թույլատրել է «Ռոբշին» ՍՊԸ-ին Չիչխան գետի վրա փհէկ կառուցել: Սակայն մեկ այլ՝ 2008 թ. oգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով այս եզակի բնական օբյեկտի կարևորությունը և գեղագիտական առանձնահատուկ արժեքը, Թռչկան ջրվեժը ներառել է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկ՝ որպես ջրագրական հուշարձան: Կառավարության այս որոշումը որոշ բնապահպաններ աննորմալ են գնահատում թե՛ կառավարության կողմից սեփական որոշումները չհարգելու, թե՛ բնապահպանական տեսակետից։

–Բացարձակ աննորմալ որոշում է. նախ՝ այդ մարդիկ, ստացվում է, բացարձակ տեղյակ չեն, որ մեկ այլ որոշմամբ նույն ջրվեժը բնության հուշարձան են ճանաչել, իսկ երկրորդ հերթին՝ եթե Չիչխան գետի վրա հէկ են կառուցում, ապա դրանով խախտում են շրջակա գեղեցիկ միջավայրի ամբողջ էկոհամակրգը: Հասկանալի է, որ գետի հունը չեն փոխում ու ջրվեժին էլ ձեռք չեն տալիս, բայց կտրուկ պակասեցնում են ջրվեժից թափվող ջուրը, որի հետևանքով Թռչկան ջրվեժը Հայաստանի երկրորդ ջրվեժից վերածվելու է թափվող առվակի,- «7օր»–ին ասել է Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող, բնապահպան Գևորգ Պետրոսյանը:

Վերջինս նաև ավելացրել է, որ ջրվեժի հատվածը բավական նպաստավոր է զբոսաշրջային կենտրոն կառուցելու համար, որ մարդիկ գան ու հիանան բնության այդ հրաշքով:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը