Տնտեսական

21.11.2022 14:50


150 հեկտարի փոխարեն՝ հազիվ կարողացել եմ ցանել 30 հեկտարը. Վերին Շորժայի գյուղապետ

150 հեկտարի փոխարեն՝ հազիվ կարողացել եմ ցանել 30 հեկտարը. Վերին Շորժայի գյուղապետ

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի։

Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկությունը հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ կրակոցների ձայները գյուղում չեն լսվել, բայց գիտեն, որ թշնամին մշտապես կրակում է։

Թեպետ վերջին շրջանում թշնամին կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, և կրակոցները գյուղին չեն հասնում, սակայն սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո գյուղացիները չեն կարող գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։

«Գյուղատնտեսական աշխատանքները կիսով չափ ենք կատարել, կիսով չափ էլ չէ, 20 տոկոսով։ Աշնան ցանքս չենք կարողացել անել, մարդիկ իրենց հացի համար չեն կարողացել ցորեն ցանել, հույս էլ չկա, որ կանեն, չնայած՝ է՛լ երբ անեն, ցանքսի համար շատ ուշ է։ Բացի այդ, մեխանիզատորը վախենում է բաց դաշտ դուրս գալուց. թշնամին կրակում է։

Անձամբ ես վարելահողեր ունեմ, ցորեն պետք է ցանվի, 150 հեկտարի փոխարեն՝ հազիվ կարողացել եմ ցանել 30 հեկտարը։ Կանգել եմ տրակտորիստի կողքին, համոզել եմ, մարդն իմ խաթեր համար իրեն վտանգել ու այդքան բան արել է։

Գարնան աշխատանքների համար հողը պետք է վարեինք, դա էլ չենք արել։ Բա այդքան հող ունենաս ու 30 հեկտար ցանե՞ս»,-նշեց Արտյոմ Երանոսյանը։

Թե ինչպե՞ս են գյուղացիներն ապրելու, Վերին Շորժայի գյուղապետը պատասխանեց՝ բնակիչները կարող են մեկը մյուսով ապրել, այս պահին իրենց համար կարևորն անվտանգության ապահովումն է։

«Եթե այդ անվտանգությունը լինի, ապա իրենք նորից կարող են ստեղծել, ոչինչ, մի քիչ էլ թող պակաս լինի»,-նշեց Արտյոմ Երանոսյանը։

Թե ի՞նչ կանի պետությունն այն բնակիչների համար, որոնք չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները՝ սոցիալական խնդիրներ լուծելու համար, Արտյոմ Երանոսյանը տեղյակ չէ: Նա նշեց, որ մինչև այսօր այդ մասին որևէ խոսակցություն չի եղել։

Այս խորագրի վերջին նյութերը