Տնտեսական

16.11.2022 16:17


Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր բիզնեսը․ նա հնդիկ գործարարի հետ սև մետաղի ջարդոն է վերամշակելու Հայաստան-Նախիջևան սահմանին

Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր բիզնեսը․ նա հնդիկ գործարարի հետ սև մետաղի ջարդոն է վերամշակելու Հայաստան-Նախիջևան սահմանին

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կազմակերպել սև մետաղի ջարդոնի վերամշակում։ Ընկերությունը մտադրվել է ստանալ ամրաններ (արմատուրա) և աղացների համար գնդեր, գրում է «Հետք»–ը։

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա հուլիսին։ Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, դրա միակ մասնակիցը մեկ այլ՝ «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն է։ Սա էլ առաջինից մի քանի ամիս ավելի վաղ է ստեղծվել՝ 2022թ․ մարտին։ Այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։

Նոնո Սարգսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն է։ Արմեն Սարգսյանը լրագրող Տիգրան Նաղդալյանին սպանելու մեղադրանքով 2003-ի նոյեմբերին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել։ 2008-ի սեպտեմբերին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել նախագահի միջնորդությամբ։

Տարածքը, որտեղ նախատեսվում է գործունեությունը ծավալել, գտվում է սահմանագոտում, Նախիջևանի սահմանից մոտ 800 մ հեռավորության վրա։ Այն նախկինում օգտագործվել է որպես պահեստարան։ Զբաղեցնելու է 1,5 հա տարածք, որը, ըստ նախագծի, նախկինում խախտված է եղել։

Կադաստրի կոմիտեից արտահանած փաստաթղթի համաձայն՝ սեփականության իրավունքում տարածքը պատկանում է «Բերրիություն» ԱՄ Երասխի միջշրջանային միավորում» ԲԲԸ-ին, որից «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն վարձակալել է։

Գործարանի համար հումք է հադիսանալու սև մետաղի ջարդոնը, որը գնվում է հիմնականում ջարդոնների ընդունման կետերից։ Արտադրամասի տարեկան արտադրողականությունը նախատեսվում է 12 000 տ սև մետաղի ջարդոնի վերամշակում։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը ներկայացված նախագծի հիմնավորումներում նշվում է, որ ՀՀ-ում շահագործվող երկաթի հանքեր չկան, սակայն պողպատից ստացվող արտադրանքի պահանջարկը Հանրապետությունում գնալով աճում է։ Դա կապված է նաև Հանրապետությունում շինարարության ծավալի աննախադեպ աճի հետ, որի համար անհրաժեշտ հիմնական նյութերից մեկը որակյալ և մատչելի գներով ամրանի (արմատուրայի) ձեռքբերումն է։

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը