Մեկնաբանություն

30.08.2011 11:06


Քամելեոնները

Քամելեոնները

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական դաշտում վխտում են հիմնականում «խուրդված» և լղոզված քաղաքական ուժեր ու դեմքեր։

Մատների վրա կարելի է հաշվել այն քաղաքական գործիչներին, ովքեր մի քանի անգամ չեն փոխել իրենց հայացքները, սկզբունքները և դիրքորոշումը։

Մեզանում քիչ են նաև նրանք, ովքեր սեփական խոստումների ու կանխատեսումների տերն են եղել։

Օրինակ ներկայացնելու համար շատ հեռու չգնանք։ Վերցնենք թեկուզ հայ–թուրքական հարաբերությունները։ Սերժ Սարգսյանը, Էդուարդ Նալբանդյանը և նրանց կցված քաղաքական գործիչներ կոչվածները հայ ժողովրդին խոստանում էին, թե «ֆուտբոլային» դիվանագիտությամբ բացելու են սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեն Թուրքիայի հետ և այդ ամենին հասնելու են առանց  Ղարաբաղի հարցում վտանգավոր զարգացումների։ Այնինչ գործնականում եղավ ճիշտ հակառակը, բայց այս ամենի համար պատասխան տվող չկա, իսկ նշյալ անձինք հիմա «մոռացել» են իրենց ասածներն ու ընկել «հայրենասիրության» գիրկը։

Եթե մենք նորմալ պետություն ունենայինք, որտեղ համապատասխան քաղաքական մշակույթ կա, ապա Սարգսյանն ու Նալբանդյանը պետք է անհապաղ հրաժարական տային, կամ էլ հայտարարեին, որ սխալվել են ու հասարակություն թույլտվությամբ կտրուկ փոփոխություններ մտցնեին իրենց քաղաքականության մեջ, սակայն դա տեղի չի ունենում։

Հարկ է նկատել, որ քամելեոնությունը, անսկզբունքայնությունը և պատեհապաշտությունը հատուկ է ոչ միայն քաղաքական գործիչներին, այլ նաև փորձագիտական շրջանակներում թափառող որոշ այսպես կոչված վերլուծաբաններին, քաղաքագետներին ու չգիտեմինչագետներին։ Սրանք էլ թաշկինակի պես փոխում են իրենց մոտեցումները, ամեն օր իրարից տարբերվող կանխատեսումներ են անում, գնահատականներ տալիս, բայց շարունակում են վերլուծաբանի կամ քաղաքագետի կարգավիճակով տեռորի ենթարկել հանրությանը։

«Քաղաքագետի» ու «վերլուծաբանի» կարգավիճակ ունեցող քամելեոններից է, օրինակ, տխրահռչակ Ռիչարդ Կիրակոսյանը, ով «ֆիրմա» տղայի կարգավիճակով ԱՄՆ–ից ժամանեց Հայաստան ու 2007–ի խորհրդարանական ընտրություններից առաջ «կացնային» ոճով զբաղված էր Սերժ Սարգսյանի դրական PR–ով։ Հետո երևի նա չհետաքրքրեց պատվիրատուին ու դարձավ լևոնական։ 2008–ին արդեն Ռ. Կիրակոսյանը «ընդդիմադիր» էր և 2009–ին հայտնվել էր (կամ էլ ներդրվել՝ ո՞վ գիտե) Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած կենտրոնում։

Հայ–թուրքական «ֆուտբոլի» սկզբնական շրջանում Ռիչարդը կտրուկ դեմ էր արտահայտվում Ս. Սարգսյանի «նախաձեռնողականությանը», մատնանշում դրա բացասական կողմերն ու Հայաստանին սպասվող վտանգները, սակայն որոշ ժամանակ անց, երբ մեր հերոսը սկսեց մի քիչ շատ շփվել թուրքերի ու Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող որոշ շրջանակների հետ, 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը և սկսեց խոսել այն մասին, որ հայ–թուրքական արձանագրությունները լավն են, իսկ ՀՀԿ «ճկուն» ղեկավարն էլ գերիմաստուն արտաքին քաղաքականություն է վարում։ Եվ հիմա չկա մեկը, ով հարցնի, թե ա՛յ տղա, դու քանի՞ կաշի փոխեցիր այս երեք–չորս տարվա մեջ, քանի՞ անգամ «ֆուտբոլ» խաղացիր Սերժ Սարգսյանի հետ և ու՞մ շահն ես պաշտպանում ընդհանրապես։

Փաստորեն, Հայաստանն այնքան չկայացած պետություն է, որ դրսից եկած կամ ներսում բուծված ցանկացած մեկը կարող է իրեն վերլուծաբան համարել ու մամուլի միջոցներով արդուկել մարդկանց գլուխները։

Ի դեպ, Ռ. Կիրակոսյանի նմանները Հայաստանում շատ են, ովքեր ոչ պակաս վնաս են հասցնում մեր երկրին իրենց գաղափարական թափառաշրջիկությամբ ու կոնյունկտուրային մտածելակերպով։ Հետևաբար, քաղաքական պատասխանատվությունը, որը մենք ակնկալում ենք քաղաքական գործիչներից, պետք է գործի նաև մասնագիտական շրջանակների համար։ Թե չէ ամեն մեկն իրեն քաղաքագետ է կարծում, իսկ ամեն մի ազդեցության գործակալ՝ վերլուծաբան։

Դաշտը պետք է մաքրվի ոչ միայն անպատասխանատու քաղաքական գործիչ–պառազիտներից, այլ նաև դիլետանտ կամ սեփական շահը երկրի հետ փոխելու պատրաստակամ «վերլուծաբան–փորձագետներից»։ Այդ «փորձագետներից» եկող փորձանքը երբեմն ավելի շատ է, քան կուսակցությունից կուսակցություն թռչկոտող սուբյեկտներից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը