Լրահոս

11.08.2011 13:57


Կարեն Կարապետյանն անդրադարձել է ապամոնտաժվող կրպակների թեմային

Կարեն Կարապետյանն անդրադարձել է ապամոնտաժվող կրպակների թեմային

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ապամոնտաժվող կրպակների թեմային։

–Կրպակների հետ կապված իրավիճակը հետևյալն է. մենք գույքագրել ենք և պարզել, որ Երևան քաղաքում ունենք 3395 կրպակ, որից 1180-ը չաշխատող, լքյալ կրպակներ են։ Դրանցից 912-ն արդեն այս տարվա մեջ ապամոնտաժված են։

Ապամոնտաժման է ենթակա, կրկնում եմ, չաշխատող, լքյալ 266 կրպակ, և դա շատ արագ անելու ենք։ Մենք որոշում ենք կայացրել և գույքագրել ենք, թե կենտրոնական փողոցներում գոյություն ունեցող կրպակներից քանիսն են օրինական և քանիսը` ոչ։ Եվ այս պահին գույքագրում և ապամոնտաժման ենք ենթարկում այդ կրպակներից նրանք, որոնք թե՛ արտաքին տեսքով, թե՛ հետիոտնին, թե՛ հաղորդակցության առումով խանգարում են քաղաքի բնականոն աշխատանքը։ Այսինքն` այն կրպակները, որոնք օրինական են, որևէ մեկը չի ապամոնտաժում, նաև այն կրպակները, որոնք օրինական չեն, բայց այս պահին մեծ խնդիր չեն դնում մեր առջև և աշխատող են, մենք այդ մարդկանց նույնպես որևէ ձևով նեղություն չենք տալիս։ Ինչ վերաբերում է կենտրոնական փողոցների կրպակներին և սոցիալական խնդրին, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում կրպակատերերի մեջ խեղճ մարդիկ կան (խոսքը գնում է կրպակատերերի մասին), և որևիցե պարտավորություն քաղաքապետարանն նրանց առջև չունի։ Կար ժամկետ, և նրանք այդ ժամկետի մեջ պետք է տեղավորվեին։ Մենք այլընտրանք կամ փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունենք։ Ինչ վերաբերում է այնտեղ աշխատող և սոցիալապես անապահով մարդկանց, հստակ հանձնարարական է տրվել վարչական շրջանների ղեկավարներին, որ յուրաքանչյուրի հետ անհատապես աշխատեն։ Այս պահին նույնպես այդ անհատական աշխատանքը կատարվում է` կամ աշխատատեղ տրամադրելով իր առևտուրն անելու համար, կամ ֆինանսական փոխհատուցում վճարելով։ Սա է իրավիճակը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Փափազյան փողոցի հետ կապված խնդրին, տեղեկացնեմ, որ այնտեղ կա14 կրպակ, 5-ը` օրինական, 9-ը` ոչ։ 9-ից 2-ը կամավոր արդեն ապամոնտաժվել են։ Պայմանավորվել ենք այդտեղ աշխատողների հետ, որ շաբաթ օրը վարչական շրջանի ղեկավարը յուրաքանչյուրի հետ շրջելու է տարածքում և լուծելու է այդ խնդիրը,– նշել է Երևանի քաղաքապետը։

Ինչ վերաբերում է Փափազյան փողոցի կրպակատերերին, ապա նրանք բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը