Խմբագրական

23.07.2011 11:12


Արտագաղթի պատճառների մասին

Արտագաղթի պատճառների մասին

Սերժ Սարգսյանը «Դեմքով դեպի գյուղը» ծրագրի շրջանակներում վարչապետի միջոցով գյուղացիներին սովորեցրեց կով կթելու ձևերն ու գյուղատնտեսության խնդիրները, թերևս, համարեց լուծված։

Գյուղատնտեսության փրկության «հաջող» քայլերը գյուղերից մեկում ամփոփեց բրդյա ժակետը հագին, դեմքով դեպի հեռուստախցիկները և մեջքով դեպի դատարկ կճուճը նստած Տիգրան Սարգսյանը՝ իր «դարակազմիկ» հարցազրույցով։ Արդյունքներն ակնհայտ են։

Հիմա իշխանություններն արդեն անցել են արտագաղթի խնդիրները լուծելուն, և, բնականաբար, Սերժ Սարգսյանն այս անգամ էլ կոչ է անում դեմքով դառնալ դեպի արտագաղթողները։ Թե ինչ կստացվի այս ամենից, կարծում եմ՝ մեկնաբանությունների կարիք չի զգացվում։

Ինչ վերաբերում է վերջին տարիներին թափ առած արտագաղթին նպաստող գործոններին, ապա դրանք երկրում տիրող սոցիալ–տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական վիճակի հետևանք են։

«Հայկական աշխարհի» ճարտարապետները

Եթե Սերժ Սարգսյանը «Առա՛ջ, Հայաստա՛ն» կարգախոսի ներքո խոստանում է տարեկան միջինը 9 % իրական տնտեսական աճ, բայց ապահովում է երկնիշ անկում և երկնիշ ինֆլյացիա, ապա մեր հասարակության մի մասն իր կենցաղային պայմանները փորձում է բարելավել այլ երկրներում։

Եթե նախագահի մտածելակերպն այն է, որ պետք է զարկ տրվի սուպերմարկետների ավելացմանը, որպեսզի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները սեփականատերերից վերածվեն վարձու աշխատողների, ապա պարզ է, որ արտագաղթը մեզանում կլինի օրինաչափ։

Եթե նախագահը խնդիր է դնում կառուցել «մեկ օլիգարխի տնտեսություն», որտեղ թուրքմենբաշու դերում պատկերացնում է իրեն, ապա այդ դեպքում Հայաստանի գործարար շրջանակները կփորձեն աշխատատեղեր ստեղծել ամենուրեք, բայց ոչ մեզ մոտ։

Եթե «մեծ բյուջե» ունենալը դառնում է երկրի ֆինանսական հոսքերը կենտրոնացնելու և «լեգալ» կոռուպցիայով զբաղվելու գործիք, ապա հասկանալի է՝ ինչու են մեզանում նվազում ներդրումներն, ու սկսվում կապիտալի արտահոսքը։

Եթե վարչապետն իր պաշտոնավարման առաջին օրվանից վիրտուալ «Հայկական աշխարհ» է կառուցում ու հայտարարում, թե պարտադիր չէ, որ հայերը Հայաստանում ավելացված արժեք ստեղծեն, կարևորն այն է, որ դրսում գումար վաստակեն և ուղարկեն Հայաստան՝ վերածվելով «Հայկական աշխարհի» օրինավոր «քաղաքացիների», ապա մարդիկ համապատասխան եզրակացություններ կանեն ու կգնան այստեղից։

Եթե Տ. Սարգսյանն ասում է, որ մենք չպետք է ապրանքային արտադրությամբ զբաղվենք, այլ պետք է ծառայություններ մատուցող երկիր դառնանք, ապա ակնհայտ է դառնում՝ ինչու են կարող ուժերը լքում երկիրը։ Երբ տեսնում ես, թե ծառայությունների որ ոլորտն է զարգանում, հասկանում ես՝ այս իշխանությունները, ի դեմս Հայաստանի քաղաքացիների, տեսնում են սրճարաններում ու հանգստի օբյեկտներում մատուցողների ու սպասարկողների։

Եվ վերջապես, երբ երկրի արտաքին պարտքն այս երեք տարվա մեջ եռապատկելու պատրաստ վարչապետը կես կատակ, կես լուրջ հայտարարում է, որ իրենք նպաստում են այն բանին, որ դժգոհ և հեղափոխության պատրաստ քաղաքացիներն արտագաղթեն Հայաստանից, ապա պարզ է դառնում, որ «մանկան» շուրթերով ՀՀ իշխանությունների ենթագիտակցական ծրագրերն են բարձրաձայնվում։

«Ընտրություն» շատ վատի ու ավելի վատի միջև

Ինչպես վերը նշեցի, արտագաղթին նպաստում են նաև ներքաղաքական մթնոլորտը և երկրում տիրող հոռի բարքերը։

Երբ մարդիկ տեսնում են, որ իշխանությունը խայտառակ ձախողմներ է արձանագրում թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ, և չեն տեսնում այլընտրանքային քաղաքական միավոր, հուսալքվում են ու հավաքում ճամպրուկները։ Ըստ այդմ՝ արտագաղթի հարցում իր բաժին մեղքն ունի նաև իներցիայի ուժով տիտղոսային կարգավիճակը պահող «ընդդիմությունը»՝ Հայ ազգային կոնգրեսը։

Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը կողմ է արտահայտվում տխրահռչակ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությանը և քննադատում Սերժ Սարգսյանին այն մասով, որ վերջինս չի արագացնում «նախաձեռնողականությունը» և դանդաղ տեմպերով է բավարարում թուրք–ադրբեջանական զույգի նախապայմանները, ապա, անվտանգության նկատառումներից ելնելով, շատերը գնում են այստեղից՝ շատ լավ հասկանալով, որ եթե ՀԱԿ առաջնորդն է Սարգսյանի այլընտրանքը, ապա դա նշանակում է պետության դանդաղ մահվան հայեցակարգը փոխարինել արագ մահվան հայեցակարգով։

Եթե ղարաբաղյան շարժման ալիքի միջոցով ՀՀ առաջին նախագահ դարձած մարդը երկրի ներքին խնդիրների պատճառ է համարում Ղարաբաղում հայության տարած հաղթանակն ու հայտարարում, որ առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից՝ ում ձեռքում կլինի իշխանության ղեկը, իսկ կարգավորում ասելով պատկերացնում է փուլային տարբերակը, որով նույնիսկ նախկին ԼՂԻՄ տարածքն է մնում Ադրբեջանի կազմում, ապա մարդիկ տեսնում են, որ քաղաքականությունը վերածվել է անբարոյականության, այլևս ոչ մի արժեքի չեն հավատում ու բռնում են օտարության ճամփան։

Եթե Ադրբեջանի պահվածքի ֆոնին Սերժ Սարգսյանը «երկխոսություն» է սկսում Գյուլի, Ալիևի, Տեր–Պետրոսյանի հետ՝ նպատակ ունենալով պահել աթոռը, ապա դա բերում է հասարակության պառակտման, քաղաքացիների մեծ մասի հուսալքման ու, որպես հետևանք, երկրի հայաթափման։

Այսպիսով ստացվում է, որ քաղաքական թատերաբեմը զբաղեցրած սուբյեկտները կեղծ հակադրության միջոցով մարդկանց առաջարկում են «ընտրել» ավելի վատի ու շատ վատի միջև։ Արդյունքում՝ ունենք ներկայիս պատկերը։

Ահա սրանք էին արտագաղթին նպաստող գործոնների ոչ ամբողջական ցանկը։ Իսկ Ս. Սարգսյանի թամաշայացում հիշեցնող խորհրդակցությունները, «երկխոսությունները» և նման այլ բաները միայն խորացնում են հանրային հիվանդությունները։ Լուծումը մեկն է՝ Հայաստանում պետք է իրականացնել ազգային–դեմոկրատական փոփոխություններ՝ նախապես մաքրելով քաղաքական դաշտը «երկխոսողներից»։

Կա՛մ մեր երկիրը կունենա ապագա, կա՛մ զոհ կգնա իշխանական կաբինետներն ու փողոցը զբաղեցրած և միասին գործող 5–րդ շարասյանը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը