Քաղաքական

28.01.2022 15:08


Այս ամենը տանում է դեպի բռնապետություն, պողպատե մանդատ կոչվածը դա բռնապետություն է․ Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Այս ամենը տանում է դեպի բռնապետություն, պողպատե մանդատ կոչվածը դա բռնապետություն է․ Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Հասարակությանը հրամցվում է սուտ, կեղծ տեղեկատվություն, մանիպուլյացիա իշխանության պատասխանատու անձանց կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին։

Նա անդրադառնալով իշխանությունների պնդմանը, թե Հայաստանը Թուրքիային երբեք հողային պահանջներ չի ներկայացրել, և ասաց, որ ՀՀ–ն իրոք երբեք նման բան չի ներկայացրել, բայց ՀՀ–ն երբեք չի ճանաչել Կարսի պայմանագիրը։ «Թուրքիայի պահանջը 90-ականներին և հիմա մեզ այն է, որ մենք ճանաչենք Կարսի պայմանագիրը։ Թուրքիան ունի բարդույթ, Կարսի սինդրոմ, որ փորձել է հասնել նրան, որ ճանաչեն Կարսի պայմանագիրը»,–ասաց նա և նշեց, որ Կարսի պայմանագիրը անօրինական պայմանագիր է, և եթե իշանությունները ճանաչեն և ասեն, որ նախկիններն էլ են ճանաչել, դա սուտ կլինի, քանի որ նախկին նախագահները չեն ճանաչել։

Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը միշտ եղել է Հայաստանի օրակարգում և Հռչակագրում կա այդ ձևակերպումը։ «Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է առանց Արցախի։ Մանիպուլացնել և ասել, թե նախկին իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախը, ապա այս 30 տարի ինչո՞ւ ադրբեջանցիները չէին վերցնում Արցախը։ Նիկոլ Փաշինյանը կա՛մ վատ խորհրդականներ ունի, կա՛մ չի տիրապետում պատմությանը կամ միտումնավոր են անում։ Հայաստանի որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ Բաքուն հայկական քաղաք է, կարող է հասարակության մեջ տարբեր հայտարության մեջ արել են, բայց դրանք պաշտոնական չեն եղել։ Ալիևին արդարացնելու այս փորձերը շատ պրիմիտիվ են, շատ փխրուն են»,–ասաց նա։

Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Թուրքիան իր նախապայմաններից չի հրաժարվել։ «Հայաստանը գնում է Թուրքիայի հետ բանակցությունների միայնակ և խոցելի, որը չի կարող մեր պետության համար լավ ապագա խոստանալ»,–ասաց նա։

Անդրադառնալով ԵՊՀ–ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ նրանք փորձում են ապաքաղաքականացնել ԵՊՀ–ն, Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ դու ինչպես կարող ես ԵՊՀ–ին զրկել բնական իրավունքից՝ ունենալ քաղաքական կողմնորոշում։ «Ոչ թե պետք է ապակուսակցանացնել ԵՊՀ–ն, այլ ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ մեկը լսարանում կուսակցական քարոզ չանի։ Այս ամենը տանում է դեպի բռնապետություն, պողպատե մանդատ կոչվածը բռնապետություն է։ Արտաքին աշխարհում այս իշխանությունը պարտված իշխանություն է և այսպիսի ինքնավստահությունը ողբերգություն է»,–ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը