Քաղաքական

23.01.2022 19:54


Փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել` պահանջելով կալանքից ազատել Առուշ Առուշանյանին

Փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել` պահանջելով կալանքից ազատել Առուշ Առուշանյանին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել է Առուշ Առուշանյանին 30 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը: Եւ սա այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը դատարանում արդեն ցուցմունք է տվել՝ հրաժարվելով նախաքննական իր ցուցմունքից: Ավելին` նա հայտարարել է, որ զղջում է Առուշանյանի վերաբերյալ սխալ ցուցմունք տալու համար:

Դատարանը գտել է, թե գործով դատակոչված ևս 6 վկաներ կան, որոնք պետք է հարցաքննվեն: Պաշտպանական կողմը միջնորդությամբ նշել էր, որ Լուսինե Ավետյանի ցուցմունքն եղել է ամենակարևոր և առանցքային ցուցմունքը, մինչդեռ դատարանը գտել է, թե դատաքննության այս փուլում գործով անցնող մյուս վկաների ցուցմունքների բովանդակային գնահատում չի կարող կատարվել։ Նշված պնդումն, ըստ պաշտպանության կողմի, անհիմն է: Մասնավորապես` քրեական գործում միայն վկաների ֆիզիկական գոյությունը դեռ չի վկայում քննությանը խոչընդոտելու՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հիմքի անվերապահ առկայության մասին: Պաշտպանի դիտարկմամբ՝ դատարանները, հատկապես դատական քննության փուլում՝ մինչ վկաների ցուցմունքների հետազոտումը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, բոլոր դեպքերում այնուամենայնիվ նվազագույնի տիրույթում պարտավոր են հետազոտել այն անձանց ցուցմունքների բովանդակությունը, որոնց վրա ամբաստանյալի կողմից ազդեցություն գործադրելու ռիսկ են տեսնում։ Բացի այդ՝ նշված 6 վկաները դեռ մինչդատական վարույթում տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ առ այն, որ ճանաչում են Առուշ Առուշանյանին որպես Գորիս համայնքի ղեկավար, նրա հետ բարեկամական կամ այլ կապեր չունեն, որ Առուշ Առուշանյանի հետ հանդիպման ժամանակ այլ բովանդակության խոսակցություն չեն ունեցել, վերջինս նրանց որևէ ակնարկ անգամ չի կատարել, որ բնակիչներին համայնքապետարանի կողմից տրամադրվող դրամական օգնության նպատակն է, որ մասնակցեն որևէ ուժի կողմից կազմակերպված հանրահավաքին կամ քվեարկեն որևէ ուժի համար:

«Այսինքն` ակնհայտ է, որ վկաներից որևէ մեկը Առուշ Առուշանյանի դեմ չի տվել այնպիսի ցուցմունք, որը կարող է նրա մոտ առաջացնել իր համար ցանկալի ցուցմունքներ ստանալու ակնկալիքով այդ վկաների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու նպատակ»,-նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ նշված վեց վկաները դատակոչվել են, քանի որ ցուցմունք են տվել բացառապես Լուսինե Ավետյանի մեղադրանքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ ժամը 16։24-ի սահմաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր։ Նա կալանքից ազատվել էր Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո:

Նախաքննական մարմինը Գորիսի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով բնակիչներին տրված սոցիալական օգնությունը գնահատել է որպես ընտրակաշառք ու կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որն իր անհամաձայնությունն էր հայտնել Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները հակառակորդի հսկողության տակ հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշման կապակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը