Քաղաքական

18.11.2021 10:36


Քանի մարդու կյանք է արժեցել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը

Քանի մարդու կյանք է արժեցել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը

Այս հարցը երբևէ հնչելու է ու ուղղվելու է առաջին հերթին, անհատապես, հատկապես ու առանձնապես Նիկոլ Փաշինյանին։ Երբևէ նա ստիպված է լինելու պատասխանել այս հարցին՝ այդ ընթացքում հանդիպելով թվաբանական դժվարությունների, որովհետև, ինչպես մի անգամ անխոհեմություն է ունեցել խոստովանելու՝ մարդկային կյանքերն ինքը հաշվում է «պլյուս-մինուսով»։

Կախված նրանից, թե որտեղ կհնչի այդ հարցը՝ նրա մոտավոր պատասխանները կամ կընդունվեն, կամ նա ստիպված կլինի անցնել անձամբ իր մեղքով զոհված հազարավոր մարդկանց անունները հիշելու դժոխային ճանապարհի միջով։ Թեև, հարցի հնչեցման հարթակում հոգեբանների առկայության դեպքում կպարզվի նաև՝ ցանկացածի համար դժոխային այդ ճանապարհը, արդյոք դժոխային է նաև նրա՞ համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը մարդկային կյանքերին վերաբերվում է՝ որպես վիճակագրական դիպվածի։

Բայց մինչև այդ հարցի հնչեցումն ու պատասխանից խուսափումը, Հայաստանում շարունակում են զոհվել մարդիկ, երիտասարդներ, որդիներ, հայրեր ու եղբայրներ։ Զոհվում են, որովհետև Հայաստանը շարունակում է գտնվել սողացող պատերազմի պայմաններում։ Իսկ պատերազմները՝ սողացող կամ ոչ, սկսվում ու չեն ավարտվում այն ժամանակ, երբ ավարտվում է պաշտոնյաների խելքը, միտքն ու բանականությունը. հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են դիվանագիտության միջոցով պատերազմներն անհնարին դարձնելու համար։

Պատերազմը դիվանագիտության ձախողումն է ու պարտությունը։ Իսկ դիվանագիտությունը վարում են կամ տապալում են ոչ թե սահմանի սառնամանիքին առանց զրահաբաճկոնի թշնամու դեմ կանգնած երիտասարդները, այլ հարմարավետ աշխատասենյակների՝ Հայաստանի քաղաքացիների հաշվին միլիոնավոր պարգևավճարներ ստացող փողկապավորները։ Հենց վերջինների անկարողության համար առաջինները վճարում են կյանքով՝ արժանանալով փողկապավորների կողմից իրենց հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելու կրկեսին։

Պատերազմը ինդուլգենցիա է դիվանագիտությունը տապալողների համար, որովհետև դրա պատճառով զոհված հարյուրավորների կամ հազարավորների մահը վերագրվում է պատերազմին, առանց որևէ որոշում կայացնողի հասցեական պատասխանատվության։ Այն դեպքում, երբ պետությունն ու արդարադատությունը սովորական պայմաններում մեկ մարդու սպանություն կատարողին դատում է ամենածանր պատժաչափերով։

Իշխանության լավ կամ վատ աշխատանքի ցուցանիշն իրականում նրա արձանագրած տնտեսական աճի տոկոսները կամ փռված ասֆալտի կիլոմետրերը չեն։ Իշխանության գործունեության գնահատականն առաջին հերթին ու առավելապես այն մարդկային կյանքերն են, որոնք փրկվել կամ, հակառակը, զոհ են դարձել իշխանության լավ կամ վատ գործողություններին, որոնց թվում դիվանագիտությունը՝ պատերազմ թույլ չտալու կարողությունը, ունի առաջնային նշանակություն։

Նիկոլ Փաշինյանը կատարելապես տապալվել է հենց այդ՝ դիվանագիտության ոլորտում, ինչի վարձքը տվել ու շարունակում է տալ հասարակությունը՝ հազարավոր կյանքերի գնով։ Քրեադատավարական չափանիշներով դրա համար դատվելիքը կարող է չափվել հարյուրավոր տարիներով։ Եվ դրա մասին լավագույնս գիտի Նիկոլ Փաշինյանը․ նա սիրում է կրկնել «պատի տակ գնդակահարվելու» մասին։

Հարություն Ավետիսյան

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը