Քաղաքական

24.07.2021 23:04


Կոռուպցիան բացառող Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը միլիոնների գնում է կատարել Ավինյանի գրասենյակի ղեկավարի ընկերությունից

Կոռուպցիան բացառող Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը միլիոնների գնում է կատարել Ավինյանի գրասենյակի ղեկավարի ընկերությունից

Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է մեկ անձից գնումներ կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին պատկանող ընկերությունից։

Այս անգամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 36 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից՝ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների հսկողության ծառայություններ իրականացնելու համար։

Թե ինչո՞ւ է ամեն անգամ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչության ընտրությունը մեկ անձից գնումների դեպքում կանգնում հենց Բագրատ Բադալյանին պատկանող ընկերության վրա, ինչո՞ւ չի հայտարարվել մրցույթ՝ կնքված պայմանագրի մեջ նշված չէ։

Նշենք, որ Բագրատ Բադալյանը միայն 2020 թվականին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից ստացել է եկամուտ՝ 143,175,574.00 ՀՀ դրամ։

Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին Կառավարությունից Բադալյանի ստացած եկամտի չափը կազմել է 9,601,846.00 ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ 168.amն իր ավելի վաղ արած հրապարակումներում ևս անդրադարձել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Բագրատ Բադալյանի միջև առկա կապին։

Այն ժամանակ գրել էինք, որ Պապիկյանի ղեկավարած նախարարությունը 15 միլիոն դոլարի մեկ անձից գնում էր կատարել Բադալյանին առնչակից մեկ այլ ընկերությունից։

Հիշեցնենք, որ Բագրատ Բադալյանը 2015-2018 թվականներին եղել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի փոխտնօրեն։

2018 թվականի իշխանափոխությունից հետո նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

2020 թվականի փետրվարին նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն է։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը