Քաղաքական

19.07.2021 15:10


Ամիրյան փողոցում ԱՄՆ քաղաքացու վրա կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է

Ամիրյան փողոցում ԱՄՆ քաղաքացու վրա կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քննչական խումբ է ստեղծվել երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության Երևանի վարչության մոտ հնչած կրակոցների փատով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև: Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Այսօր՝ հուլիսի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ա. Ապիյանն է, ով նշված վիճաբանության ժամանակ դանակահարվել է: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նրա մոտ հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակ, այնուհետև, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանները պարզել են, որ նրան այդ վիճաբանության ժամանակ դանակահարել է 35-ամյա Նարեկ Կարապետյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կասկածյալներին, հանցագործության գործիք հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ռ. Սուքիասյանը հայտնի գործարար, «Գռզո» մականվամբ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:

Այս խորագրի վերջին նյութերը