Քաղաքական

10.07.2021 19:17


Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու միջնորդություն է ներկայացվել դատարան, առկա են վարույթը բացառող հիմքեր

Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու միջնորդություն է ներկայացվել դատարան, առկա են վարույթը բացառող հիմքեր

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործը դատարանի որոշմամբ պետք է կարճվի՝ մինչև դատաքննություն սկսելը։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ գործի վարույթը կարճելու մասին՝ հաշվի առնելով, որ առկա են վարույթը բացառող հիմքեր։

Մասնավորապես, ինչպես արդեն հայտնել ենք, քրեական գործը հարուցվել էր տելեգրամյան ալիքներից մեկում տարածված տեսանյութի հիման վրա, ինչը պաշտպանության կողմի դիտարկմամբ, չէր կարող հանդիսանալ քրեական գործի հարուցման օրինական առիթ, քանի որ հավասարազոր է անանուն հաղորդագրությանը։

Հաշվի առնելով, որ քրեական գործը հարուցվել է ոչ օրինական առիթի հիման վրա, պաշտպանության կողմը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին ՀՔԾ քննիչի որոշումն ապօրինի է, ուստի, սույն քրեական գործի վարույթն ամբողջությամբ իրավաչափ չէ, ինչից հետևում է, որ դրա արդյունքում ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են, հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանը մինչև դատաքննությունը պետք է որոշում կայացնի Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին, քանի որ տվյալ դեպքում առկա է քրեական վարույթը բացառող հիմք։

Ընդ որում՝ պաշտպանության կողմը գտնում է, որ առկա են ՀՀ քրդատ օրենսգրքի 294-րդ հոդվածի կարգով՝ մինչև դատաքննության անցնելը դատավարության տվյալ փուլում գործի վարույթը կարճելու և Արմեն Չարչյանի նկատմամբ ապօրինաբար հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքերը։ Ըստ պաշտպանների՝ չկա որևէ փաստարկ, հիմնավորում կամ առհասարակ տրամաբանություն միջնորդության լուծումն հետաձգելու և դատավարության հետագա՝ դատական նիստի նախապատրաստական փուլ տեղափոխելու համար, քանի որ այն լուծելու համար անհրաժեշտ էական հանգամանքներն ամենայն մանրամասնությամբ հայտնի են դատավարության բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ հսկող դատախազին։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։

Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։

Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները, ինչից հետո ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշմամբ՝ մնացել անփոփոխ։

Ի դեպ, քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործն ուղարկվել է դատարան, մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։

Այս խորագրի վերջին նյութերը